Պատգամավորները հրապարակել են գույքահարկի սանդղակները
Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը և հրապարակել է գույքահարկի սանդղակը:
«Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար կից սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու 2026 թվականին (բնակելի տների սանդղակը փոքր ինչ տարբեր է)։ Սրանք մոտավոր միջինացված թվերն են, բայց ընդհանուր պատկերացում են տալիս սպասվող փոփոխությունների մասին։
Խնդրում եմ, «բնիկ» թե «եկվոր», տեղորոշեք ձեր կամ ձեր ծանոթների գույքը այս աղյուսակում և ասեք, թե ով ինչ խնդիր է տեսնում այս սանդղակի տողերից որևէ մեկի հետ։
Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր խումբ բնակարանների քանակին։ Նկատեք, օրինակ, որ 60 միլիոն դրամ և ավել գնահատված ընդամենը 10 000 բնակարան կա ամբողջ երկրում (բնականաբար ոչ բոլորը՝ Երևանի փոքր կենտրոնում)։ Երեկ շատ էին խոսում միայնակ թոշակառուներին պատկանող ինչ-որ աստղաբաշխական գներով բնակարանների մասին։ Ի՞նչ եք կարծում, այս 10 000 բնակարաններից քանիսի՞ սեփականատերերն են միայնակ թոշակառուները, իսկ քանիսինը՝ վարձու աշխատողներ կամ գործարարներ, որոնց եկամտահարկն ու շահութահարկը այս տարվանից իջեցվել է համապատասխանաբար 5 և 1 տոկոսով (ու ևս մեկական տոկոսով իջեցվելու է հաջորդ և այն մյուս տարի)։
Հիշեցնեմ նաև, որ հաջորդ տարի վճարելու ենք այս աղյուսակում նշված գույքահարկի 25 տոկոսը միայն, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և միայն 2026-ից սկսած ենք վճարելու ամբողջ 100 տոկոսը»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի էջում նույնպես անդրադարձել է գույքահարկի փոփոծություններին:
Քանի որ նկարները ավելի խոսուն են և, ի տարբերություն հաշվիչների, չեն փչանում տեղադրեմ պարզաբանող նկարներ։
Նկար 1-ում նախքան հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վճարվելիք տարեկան գույքահարկն էր՝ գույքի կադաստրային արժեքից կախված։ Ինչպես տեսնում եք մինչև 3 մլն դրամանոց գույքը չէր հարկվում։ ՆՇԵՄ, որ համայնքները անապահով խավերի համար հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ տան։ Ձեր նշած տատիկ-պապիկներն ամենայն հավանականությամբ կօգտվեն այդ արտոնությունից։ Իհարկե մենք պետք է մշակենք մեխանիզմներ/չափանիշներ այս մասով հստակության ու հաշվետվողականության համար։
Նկար 2-ում ԱԺ կողմից ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններն են շուկայական մոտարկված արժեքներով հարկման սանդղակներով։ Ինչպես գիտեք վեց տարվա սցենար է դրված, որը և ներկայացված է վճարման ենթակա տարեկան գույքահարկով։ Պետք է նշեմ, որ 200 մլն գույքից բարձրը դիտարկել ենք, որպես շքեղություն և դրա համար էականորեն բարձրացրել ենք դրույքաչափը։