«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Փիրուզա Մելիքսեթյան. Պետական բյուջեով հովանավորվող «սերիալ»

Փիրուզա Մելիքսեթյան. Պետական բյուջեով հովանավորվող «սերիալ»

Պետական բյուջեով հովանավորվող «սերիալ»
(կամ՝ ինչպես հաշտվել Նյու Յորքում՝ հարկատուների հաշվին)

1. «Սուրբ Աննայի հայտնությունը»

Եթե հիշում եք՝ ընդամենը մի քանի ամիս առաջ «լավագույն ֆանտասմագորիկ սյուրռեալիստական սցենար» արտադրողները ՀՀ վարչապետ աշխատողին ներկայացնում էին որպես միստիկ էակ, որը սնվում է ոչ թե «կուկուռուզ» կրծելով կամ խանձած խոզի կաշին հանրության աչքի առաջ ձեռքերով պոկռտելով ու ոտքի վրա հոշոտելով, ճենճոտ մատներն էլ հագուստին ու ծնոտին մաքրելով, այլ «բարձրագույն ազգային շահերով»։
Բոլոր այդ «սցենարիստների» տողերում զարմանալի համերաշխությամբ տրամաբանությունը տեղի էր տալիս զառանցանքին։ 
Ինչու՞։ 
Ասեմ՝ իմանաք։ Լալահառաչ բառաբարդումներով փորձում էին համոզել, թե միստիկ այս էակի համար կինը, ընտանեկան օջախը, ընդհանրապես անձնականը, ավելորդ բեռ են նրա կառուցած «խաղաղության տաճար» տանող ճանապարհին։
PR տեխնոլոգիայի զինանոցից նման «թմրանյութեր» օգտագործողները վիրտուոզ ուղեղալվացք էին անում և գրեթե համոզում էին ագրեսիվ մեծամասնությանը, թե մերօրյա Աշոտ Երկաթի «աղքատիկ» ճաշասեղանի շուրջ է որոշվում եռացող տարածաշրջանի ճակատագիրը։
Հետևաբար, նրա «բաժանումը» կնոջից «ինքնազոհաբերում» է։ Ոչ ավելի ոչ պակաս՝ «ծիսական մաքրագործում» հանուն «նոր» Հայաստանի ու նրա բնակիչների փրկության։
Բայց մտածող փոքրամասնությունը՝ «պետությունը ընտանիքից վեր դասելու» պրիմիտիվ մատուցումները «վատ բեմադրված ֆարս» էր որակում։

Եվ ահա, այսօր՝ 2026-ի հունիսի 15-ին, վերջնականապես պատռվեցին  այդ «ֆարսի» վարագույրները, իսկ հանրային բանականությունն ու պետական ինստիտուտները հերթական անգամ հայտնվեցին ընտանեկան դրամատուրգիայի կցորդի դերում։

Եթե կարծում եք, թե պետական բյուջեն գոյություն ունի անվտանգության կամ երկրի կործանվող հիմքերը ամրացնելու համար, ապա, հավատացե՛ք, դուք հուսահատորեն հետ եք մնացել ժամանակակից «100 % օրգանիկ» քաղաքականության միտումներից։

Բյուջեն, հարգելիներս, նախ և առաջ անձնական սերիալների արտադրության և ընտանեկան հաշտեցման միջոցառումների ֆինանսավորման գլխավոր հիմնադրամն է։

«Դեկորացիաները» թարմացնելու համար հիշենք «պրոլոգը»։

2026 թվականի փետրվարի 17-ին հայրենի հանրությունը հասցվեց հոգեխանգարմունքի. տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջով ազդարարեց, որ իր և վարչապետի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է՝ խնդրելով լինել «զուսպ և կոռեկտ»։

Ընդամենը տասն օր անց՝ փետրվարի 27-ին, ցուցադրվեց «Սուրբ Աննայի հայտնությունը» վերտառությամբ վոդևիլի երկրորդ սերիան. տեսանյութով հայտարարվեց հարաբերությունների վերջնական ավարտի, կառավարական առանձնատունը լքելու, անգամ հագուստները թողնելու և վարձով բնակարան տեղափոխվելու մասին։

Տիկինը նույնիսկ փիլիսոփայորեն չբացառեց քրեական պատասխանատվության տարբերակը (ինչ արած, «կյանք է, կապրենք, կտեսնենք»)՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի այն ուսումնասիրությունների հետ, որոնք վերաբերում էին իր ղեկավարած հիմնադրամի՝ նախընտրական շրջանում անվճար անգլերենի դասընթացներ տրամադրելու շռայլությանը։

Հիշյալ «բաժանումը» աներկբայորեն, «նոր խոսք» էր իրավագիտության մեջ. եթե քո հովանու ներքո գործող նախագիծը կասկածվում է կոռուպցիայի, իմա՝ ընտրակաշառք տալու մեջ, դու պարզապես «կտրում ես կապերը», անկողնակցիդ գործուղում վարձակալված բնակարան կամ «Դվին» հյուրանոցի լյուքս համար և հայտարարում, որ «դադարեցրել եք ձեր համատեղ կյանքը» հանուն․․․ խաղաղության։

Ապրիլի 23-ին սցենարը ստացավ մելոդրամիկ երանգներ։ Վարչապետը ճեպազրույցում հուզիչ կերպով խոստովանեց, որ «ջանքեր է գործադրում ընտանիքը պահպանելու ուղղությամբ» և անչափ ուրախ է «ևս մեկ շանսի» համար։

Եվ ահա, հունիսի 11-ին, այդ դրամատիկ «ջանքերն» ու «շանսերը» վերջապես պաշտոնականացվեցին ՀՀ ինքնահռչակ վարչապետի թիվ մեկ որոշմամբ։ Պարզվեց՝ ամուսնական հարաբերությունները վերականգնելու և ընտանիքը պահպանելու ամենա«օրգանիկ» վայրը ոչ թե վարձով բնակարանն է կամ կառավարական առանձնատունը, ա՞յլ... Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ ավելի կոնկրետ՝ Նյու Յորքը։

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Աննա Հակոբյանը հունիսի 26-ից հուլիսի 4-ը գործուղվում է ԱՄՆ՝ մասնակցելու «Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի» (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը։

Ճիշտ հարցադրում է՝ որպես ո՞վ։ 
Դե իհարկե՝ որպես ինքնահռչակ վարչապետի ինքնահռչակ առաջին տիկին։

2․ Իրավական աճպարարություն. «շանսը» որպես կարգավիճակ

Այստեղ է, որ իրավագիտությունը պարզապես ինքնասպան է լինում։ ՀՀ օրենսդրության մեջ, որքան էլ փնտրեք, չեք գտնի «վարչապետի հետ դեռ վերջնականապես չհաշտված, բայց պետության հաշվին Նյու Յորք մեկնելու իրավունք ունեցող նախկին քաղաքացիական կնոջ» կարգավիճակ։

Եթե ամուսնությունը քաղաքացիական էր և դադարել էր (ինչպես իրենք հայտարարեցին), ապա ի՞նչ իրավական հիմքով է Փաշինյանը պետական միջոցներ հատկացնում մի անձի, որը de jure պետության հետ որևէ կապ չունի։ Ստացվում է իսկապես «հանճարեղ» պատկեր. երբ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցեր է ունենում հիմնադրամի փողերի հետ կապված, տիկինը «շարքային քաղաքացի է, որ պատրաստ է նստել», բայց հենց բացվում է Նյու Յորքի տոմսերի ու հյուրանոցների ամրագրման պատուհանը, նա ակնթարթորեն վերագտնում է իր պաշտոնական արտոնությունները։

Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման փաստացի ծախսերի հատուցումը՝ օրապահիկ, գիշերավարձ Նյու Յորքում, և որպես դեսերտ՝ հուլիսի 4-ին տարանցիկ վայրում՝ Վիեննայում գիշերելու ծախսերը։ Թե աստղաբաշխական ի՞նչ գումար է նստելու այս «ակադեմիական» հաշտեցումը հարկատուների վրա՝ բնականաբար, գաղտնի է պահվում։ Այդ տեղեկությունը հաստատ «100% օրգանիկ» չէ հանրությանը ցույց տալու համար։

3․Բարոյական էկվիլիբրիստիկա՝ կործանվող հայրենիքի ֆոնին

Մինչ երկիրը կանգնած է անվտանգային, տարածքային ու գոյաբանական ծանրագույն աղետի առաջ, երբ հազարավոր քաղաքացիներ չգիտեն՝ վաղը սեփական տուն, հաց ու հայրենիք ունենալու՞ են, թե՞ ոչ, «հայրենի» վերնախավի թիվ մեկ հոգսը «Առաջին տիկնանց ակադեմիայում» սեփական PR-ն ապահովելն է։
Սա այն նույն ձեռագիրն է, որով ամենուր առաջնորդվում է այս վարչակարգը։

Նրանք, ովքեր սեփական ժողովրդին մեղադրում են «10 000 դրամի համար ծախվելու», «որկրամոլության» և «հացին կակա ասելու» մեջ, իրենք պետական բյուջեի հաշվին «ծիսական մաքրագործումներ» են անում Նյու Յորքներում։ 
Չէ՛, պարոն ինքնահռչակ, այդպես չի լինում։
Չի՛ կարելի առավոտյան լինել «ազատ, անկախ, վարձով բնակարան փնտրող խեղճ քաղաքացի», իսկ երեկոյան՝ պետական միջոցներով ԱՄՆ գործուղվող «բարձրաշխարհիկ տիկին»։

Սա հանրային բանականության բացահայտ, լպիրշ ծաղր է։ Ողջ հասարակությանը ամիսներ շարունակ ներքաշել սեփական անձնական կյանքի էժան սերիալի քննարկումների մեջ, ստիպել բամբասել ամուսնալուծության ու տեղափոխության մասին, իսկ հետո, առանց որևէ իրավական ու բարոյական բացատրության, պետական բյուջեի հաշվին մեկնել Նյու Յորք ու Վիեննա՝ «ակադեմիական» զբոսանքների․․․
Այս ամենից հետո մնում է ընդամենը սպասել հաջորդ սերիային։

Տեսնես Նյու Յորքից վերադառնալուց հետո տիկինն իր էջում կհայտարարի՞, որ պետական միջոցներով իրականացված «ջանքերն» արդյունավետ էին, և իրենց քաղաքացիական ամուսնությունը վերջնականապես «100 % օրգանիկ» դարձավ։ 
Թե՞ նոր գործուղում կպահանջվի՝ այս անգամ Փարիզի կամ Տոկիոյի ակադեմիաներում։ 
Կյանք է, կապրենք, հարկատուների հաշվին կտեսնենք։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ