ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Նշենք՝ այս գիշեր կրակոցներ են հնչել նաև Սոթքի հանքի մոտակայքում, որտեղով անցնում է սահմանը։
Նշենք նաև՝ հուլիսի 14-ին կորած զինծառայող Արթուր Նալբանդյանին ու վարորդ Արամայիս Տոռոզյանին դեռ փնտրում են։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։