«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Պոլսահայ «Ժամանակ» օրաթերթի հարցազրույցը Արման Գրիգորյանի հետ

Պոլսահայ «Ժամանակ» օրաթերթի հարցազրույցը Արման Գրիգորյանի հետ

Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հարցազրույցը քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ։

Հայաստանի   քաղաքական  դաշտը  կը շարունակէ մնալ մեծ հաշուով «անորոշ»։  Ընտրութիւնները, որոնք  պիտի ծառայէին  այդ  դաշտի   բիւրեղացման  ըստ երեւոյթին  «ապարդիւն»  անցան։  Ձեր  կարծիքով այսօր  ինչպիսի    պատկեր կը ներկայացնէ  Հայաստանի ներ-քաղաքական  դաշտը։

- Ես կիսում եմ Ձեր գնահատականը ընտրությունների` ապարդյուն եղած լինելու վերաբերյալ։ Իսկապես այդ ընտրությունները չլիցքաթափեցին Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը և չնայած բավականին վճռական արդյունքին, դրանց ընձեռած մանդատի էությունը նույնպես հստակ չէ։ Դրանք, ինչպես շատերն արդեն ասել են, հիմնականում բացասական օրակարգով ընտրությունների էին, այսինքն` մարդիկ ընտրում էին ինչ-որ մարդկանց ու երևույթների դեմ, ոչ թե ինչ-որ հստակ, առաջ նայող օրակարգի օգտին։ Այսօրվա ընդդիմության համար դա նախկին, նեոֆեոդալական համակարգի ռեստավրացիայի հնարավորություն էր, իսկ այսօրվա իշխանության ու ժողովրդի մի զգալի զանգվածի համար այդ ռեստավրացիան կանխելու միջոց։ Փաշինյանի ղեկավարած ուժը հաղթեց ու կանխեց նախկին ռեժիմի վերադարձը իշխանության, սակայն, միևնույն ժամանակ, նախկինները կարողացան որոշակի քաղաքական կշիռ ու ներկայություն ապահովել։ Արդյունքում Հայաստանը հայտնվել է գերության մեջ այդ ուժերի ու նրանց` իշխանության համար մղվող անբովանդակ պայքարի ձեռքում։ Անբովանդակ, որովհետև իշխանությունը երկու կողմի համար էլ նպատակ է, ոչ թե միջոց։ Նրանք ոչ մի հոդաբաշխ ասելիք չունեն Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրների վերաբերյալ։ Իշխանությունը վարար գետում հայտնված տաշեղի տեսք ունի, իսկ ընդդիմությունն ընդամենը զբաղված է իշխանությանը հայհոյելով, չնայած երևի նույնիսկ իրենք են գիտակցում, որ էս իշխանության պատճառած փորձանքները նույն գաղափարների ու նախապատվությունների հետևանքն են, ինչ դավանում էին ու շարունակում են դավանել իրենք։

 Օրուայ իշխանութիւնները  կը թուին ըլլալ  բաւական  անկար եւ  իրենց «անճարակ»ութիւնը  ծածկելու համար  կը  դիմեն  տարբեր  միջոցներու։ Օրինակ  անոնք  մէկդի  դնելով Արցախի  անվտանգութեան ապահովումը,  կամ  սահմանազատման   կենսական  խնդիրը    մտած են Թուրքիա-Հայաստան   յարաբերութիւնները կարգաւորելու օրակարգին մէջ։ Ինչպէս կը  բացատրէք  այս երեւոյթը։

- Ձեր հարցից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինչ-որ ընտրություն ունեն, որ Հայաստանն ինչ-որ ընտրություն ունի այլ կերպ վարվելու, մասնավորապես Արցախի անվտանգությունն ապահովելու կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հրաժարվելու։ Ես կարծում եմ, որ դա սխալ տպավորություն է։ Նրանց այսօր այդ վարքագծի մեջ մեղադրելն իմաստ չունի։ Նրանք շատ մեծ ընտրություն չունեն։ Արցախի անվտանգությունն այլևս Հայաստանից չի կախված, այլ Ռուսաստանից, ինչը դառը, բայց անժխտելի ճշմարտություն է։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացից հրաժարվելը կարող է Թուրքիայի կողմից դիտարկվել որպես թշնամական հարաբերությունների ստատուս քվոն պահպանելու մտադրություն, դրանից բխող մեզ համար անցանկալի հետևանքներով։ Բայց սա, անշուշտ, չպետք է դիտարկել, որպես իշխանություններին ի պաշտպանություն ասված խոսք։ Պարզապես պետք է հասկանալ, թե նրանց գործած սկզբնական մեղքը (original sin) որն էր։ Դա նրանց վարած կործանարար, արկածախնդրական քաղաքականությունն էր, որը հանգեցրեց 2020 թ.-ի պատերազմին ու պարտությանը։ Հիմա խոսել, թե նրանք ինչն են ճիշտ ու սխալ անում առանձնապես իմաստ չունի, եթե խոսքը գնում է խնդիրների մասին, որոնք այդ պարտության հետևանքներն են։

Գալով  Հայ-Թրքական  յարաբերութեանց, որ ինքնին  բաւականին  բարդ  եւ  խճճուած  օրակարգ մըն է, ըստ երեւոյթինայս  գործընթացը  առաջ կը տարուի միջազգային  ծանրակշիռ «խաղացողներ»ու    մղումով։ Կա՞յ  այդպիսի բան։

- Դա գաղտնիք չի։ ԱՄՆ-ը և Եվրոպան երկար ժամանակ այդ հարաբերությունների նորմալացման կողմնակիցն են եղել։ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ երբեմն եղել են կասկածներ, բայց վերջին շրջանում ակնհայտ է, որ այդ հարաբերությունների կարգավորումը քաջալերվում է Ռուսաստանի կողմից նույնպես։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է այդ գործընթացը տապալելու համար աջակցություն ակնկալել որևէ տեղից։ Կամ գոնե որևէ կշիռ ու ազդեցություն ունեցող տեղից։

 Նոյն  խնդրով Հայաստան ինչ առումով  պէտք է զգուշանայ Թուրքիա։ Ինչ են մտահոգութիւնները  եւ  իրօք կա՞ն  վտանգներ կապուած այդ  յարաբերութեանց  բնականոնացմանը։

- Վտանգներ միշտ էլ կան։ Բայց նորից, նախ պետք է գիտակցենք, որ շատ մեծ չի Հայաստանի ընտրությունը, երկրորդ, պետք է այդ վտանգները համեմատել հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու վտանգերի հետ, որոնք իմ կարծիքով շատ ավելի մեծ են։ Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման պայմաններին, ապա Հայաստանի անկախացումից ի վեր հիմնական խոչընդոտը Արցախյան հակամարտությունն է եղել։ Եթե այդ խնդիրը դադարել է խոչընդոտ լինել, կամ դրա վերջնական լուծումն այլևս Հայաստանից չի կախված, կարելի է ենթադրել, որ Թուրքիան հակված է հարաբերությունները կարգավորելուն։ Համենայն դեպս, Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ու հայտարարությունները հաստատում են այդ տպավորությունը։ Իհարկե, քանի որ Հայաստանը հիմա շատ թուլացած վիճակում է, չի բացառվում, որ կարող են թուրքերը դրանից օգտվել ու հավելյալ պահանջներ մեզ ներկայացնել, որոնք միշտ այս կամ այն կերպ եղել են նրանց օրակարգում, ինչպես ասենք` հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվ աջակցության քաղաքականությունից։ Բնականաբար, նրանք պահանջելու են սահմանների ճանաչում, բայց կարող են դրանով չբավարարվել ու տարածքային պահանջները բացառող այլ քայլեր պահանջել, ասենք պաշտոնական հրաժարում Հայաստանի անկախության հռչակագրի այն հատվածից, որտեղ խոսվում է հայ ժողովրդի պատմական իրավունքների մասին, և այլն։ Չի բացառվում, որ նրանք նաև փորձեր անեն ազդելու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող կոմունիկացիաների ստատուսի բանակցությունների վրա, չնայած այդտեղ երևի ավելի կարևոր է, թե այդ հարցում ինչ դիրքորոշում է ունենալու Մոսկվան։

 Կը նկատենք  նաեւ,  որ  Փաշինեան  այսօր  դարձած է  Հայաստանի մէջ ռուսական  շահերու  համար մէկ  սպասարկողը,  այդ  մէկը  կ՚ամրացնէ՞  իր  իշխանութիւնը։ Կա՞յ այդպիսի բան։

- Այդ ձևակերպումն ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Նա ոչ թե ռուսական շահերի սպասարկողն է դարձել, այլ նրա քաղաքականությունը հանգեցրել է մի իրավիճակի, որտեղ Հայաստանը կորցրել է ինքնուրույն քաղաքականություն վարելու իր կարողության մի ահագին մասը և հաճախ ստիպված է անել պարտադրված քայլեր։ Նորից սկզբնական մեղքի խնդիրն է։ Դրա պատճառը պատերազմից չխուսափելն էր։ Այդ պատերազմի պատճառով է Հայաստանն այդ վիճակում հայտնվել, և ցավոք, այսօր Հայաստանում ով էլ լինի իշխանության, ստիպված է լինելու հաշվի նստել այդ դառը իրողության հետ։ Իհարկե, անկարևոր չի այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարն այսօր բացարձակապես հեղինակազրկված է միջազգային ասպարեզում, ինչպես դաշնակիցների այնպես էլ հակառակորդների շրջանում։ Մի ուրիշ ղեկավարի պարագայում կարող էին մեզ հետ ավելի հարգալից լինել ու մեզ հետ մի քիչ այլ կերպ բանակցել։ Բայց նույնիսկ այդ դեպքում մենք չէինք կարողանալու ամբողջովին խուսափել այն իրողությունից, որ մենք թուլացած ենք ու անպաշտպան։ Իսկ դա չի կարող անհետևանք լինել նույնիսկ դաշնակիցների հետ հարաբերություններում։

Շատեր կը խօսին այն մասին, որ Հայաստանի  համար քաղաքական մօտեցումները եւ ընելիքները ճիշդհունով   առաջ տանելու համար մենք   պէտք ունինք  «Հայկական արեւելում»  մօտեցումին։ Ռուսաստանի  շահեր, Թուրքիոյ  շահեր, ի վերջոյ  այս բոլորը կան, սակայն  ասոնց դիմաց  ինչ պէտք է ըլլայ մեր ընելիքը ազգովին։

- Ազգովին մենք մի կարևոր բան ունենք անելու։ Մնացած ամեն ինչը երկրորդական է ու ածանցյալ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր ավանդական հավակնությունները չեն համապատասխանում մեր ունեցած կարողություններին։ Մենք պետք է հասկանանք, որ դրանք որևէ արտաքին աջակցություն նույնպես չունեն։  Երբ մենք սա հասկանանք, ամեն ինչ տեղը կընկնի։

Վերջին օրերուն նաեւ  շատ կը խօսուի  այն մասին, որ գործող իշխանութիւնները կրնան   պատճառ դառնալ  Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն մէջ  ժխտական  բեկում մը, խզում մը  առաջացնելով։ Կը տեսնէ՞ք  այդպիսի վտանգ։

- Եթե խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և այդ կապակցությամբ Սփյուռքի որոշ շրջանակներում առկա դժգոհություններին, ապա ես այստեղ ուզում եմ մի երկու դժվարամարս բան ասել այդ շրջանակներին։ Եթե նրանք դժգոհ են վարչապետի վարած քաղաքականությունից, որը մեզ պատերազմի, պարտության ու Թուրքիայի հետ ներկա խեղճացած վիճակով վարվող բանակցություններին, ապա նրանք պետք է հայելու մեջ նայեն շատ ուշադիր ու մի պարզ հարց տան իրենց. իսկ մեզնից քանի՞սն են քննադատել ու մտահոգություն հայտնել վարչապետի ռազմատենչ ու արկածախնդիր քաղաքականության վերաբերյալ, ինչն այդ ամենի պատճառը դարձավ։ Պատասխանը պարզ է։ Սփյուռքի նշածս շրջանակները թե՛ Արցախի հարցում, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, վարչապետի չափ կամ նրանից ավելի արմատական են եղել պատերազմից առաջ։ Ժիրայր Լիպարիտյանի պես մեկ-երկու հոգին էլ, որ համարձակվել են այլ տեսակետ հայտնել, նույն շրջանակների կողմից անարգանքի սյունին են գամվել։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչը կարող է այդ մարդկանց նման դժգոհություն արտահայտելու կամ նույնիսկ նման դժգոհություն ունենալու բարոյական իրավունք տալ։ Երբ վարչապետն անպատասխանատու հայտարարություններ էր անում Սևրի պայմանագրի մասին պատերազմից առաջ, կամ երբ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնում միանալու Միջերկրականի արևելքում ձևավորվող ինչ-որ հակաթուրքական կոալիցիայի միանալու, բացի նույն Լիպարիտյանից որևէ հեղինակավոր ու ազդեցիկ սփյուռքահայ գոնե մի քննադատող խոսք չասաց։ Հիմա ինչի՞ց են նրանք դժգոհում, ես չեմ հասկանում։ Իսկ եթե խոսքը վերաբերում է նրան, որ անկախ ամեն ինչից, Հայաստանը չպետք է Թուրքիայի հետ կարգավորի իր հարաբերությունները ու երկրի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի Հայ Դատի խարխուլ հիմքի վրա, ինչպես վերջերս արել էին մի խումբ ֆրանսահայեր, ապա այդ մարդիկ վերջապես մի պարզագույն ճշմարտություն  պետք է հասկանան. Սփյուռքը կարող է իր կյանքն ու գործունեությունը Հայ Դատի հիմքի վրա կառուցելու շքեղությունն իրեն թույլ տալ, որովհետև դրա համար որևէ գին չի վճարելու։  Հայաստանը նույն շքեղությունն իրեն չի կարող թույլ տալ։ Հայաստանն իրական ու շատ ծանր գին ստիպված կլինի վճարել դրա համար, այն էլ առանց որևէ իրական արդյունքի։ Վկա հայդատական տրամաբանությամբ ոգեշնչված մեր արցախյան քաղաքականությունն ու դրա պատճառած աղետը։ Հետևաբար, Փարիզում, Լոս Անջելեսում կամ Մոսկվայում նստած որևէ մեկը, իրավունք չունի Հայաստանին  նման անհեթեթ պահանջներ ներկայացնելու։ Այս տարրական բարոյական սկզբունքն այնքան ակնհայտ պիտի լիներ, որ սա նույնիսկ քննարկման առարկա չպիտի լիներ։ Բայց ցավոք, շատերը ոչ միայն սա քննարկում են, այլ ինձ են մեղադրելու հազար ու մի մեղքի մեջ սա մատնացույց անելու համար։

 Ի վերջոյ այս իշխանութիւնները այսօր այլընտրանք մը ունին Հայաստանի մէջ։

Ես երբ մտածում եմ այլընտրանքի մասին, ես չեմ մտածում միայն իշխանությունների մասին։ Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտություն կա քաղաքական ուժի ու շարժման, որն արմատապես կվերանայի Հայաստանի քաղաքական կյանքը պայմանավորող հիմնական ենթադրություններն ու իղձերը։ Հայաստանը պետք է հրաժարվի միստիկական քաղաքականությունից, անիրատեսական իղձերի գերությունից, քաղաքականության մասին մակերեսային արդարության ու մետաֆիզիկական կատեգորիաներով մտածելուց։ Հայաստանում գերակշռող քաղաքական միտքը, եթե դա կարելի է քաղաքական միտք համարել, կրոնից ոչնչով չի տարբերվում, ինչի մասին վերջերս մի հրաշալի հոդված էր գրել Սևակ Արամազդը։ Հայաստանի քաղաքական միտքը պետք է ապակրոնականցնել ու ապամիստիֆիկացնել։ Հայաստանում պետք է մեկընդմիշտ ծաղրի առարկա դարձնել մարդկանց ու ուժերին, որոնց քաղաքական ու մտավորական հավակնությունները հենված են էքստրավագանտ ու իրականությունից բացարձակապես կտրված երազանքների վրա։ Այլ կերպ ասած, Հայաստանին անհրաժեշտ է սեփական լուսավորչական շարժման պես մի բան։ Իսկ դրա թիրախը  միայն այսօրվա իշխանությունները չեն կարող լինել։

Սագօ Արեան. «Ժամանակ»

19.02.2022թ.