Քաղաքագետ Արման Գրիգորյան. «Դժվար եմ պատկերացնում նման իշխանության գոյատևումը մինչև իրենց լեգիտիմ ժամկետի ավարտը»
Պատերազմի երկրորդ օրը արդեն պարզ էր, թե ինչի առջև ենք կանգնած, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը:
«Ազատություն». - Ընթացքում կանգ առնելու հնարավորություն կա՞ր, երբ կորսվում էր Ջեբրայիլը, Ֆիզուլին: Ասենք՝ հոկտեմբերի 10-ին ասվեր՝ «համաձայն եմ լավրովյան պլանին»:
Արման Գրիգորյան. - Ես կարծում եմ, որ այո, կարծեմ իր լայվերից մեկում էլ Փաշինյանը նշեց այդ մասին, որ այդ առաջարկը կար, և այն ժամանակ եթե կանգնեին, մի քիչ ավելի ուրիշ տեսք կունենար: Այսինքն, իր ասելն էլ կարևոր չի: Իհարկե, եթե մի քիչ ավելի շուտ կանգնեին և համաձայնեին լավրովյան պլանին, վերջնական արդյունքը կարող էր մի փոքր ավելի լավ տեսք ունենալ, և, ի վերջո, կարող էին խնայվել այն կյանքերը, որոնք մենք կորցրեցինք այդ իրադարձություններից հետո:
Հիմա, արդյո՞ք ռազմական իրադրությունը թույլ էր տալիս ավելի օպտիմիստ լինել. ես չեմ կարծում, իրականում, ես, իհարկե, ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց այն ինֆորմացիան, որ մենք տեսնում ենք՝ լուրերը, որ իրականում արդեն բաց ինֆորմացիայի աղբյուր են, ես կարծում եմ, որ պատերազմը սկսելուց երկու օր հետո արդեն պարզ էր, թե մենք ինչ կատակլիզմի առաջ ենք կանգնած և մենք ինչքան պատրաստ ենք այս պատերազմին, որովհետև այն զենքերը, որ ունեին ադրբեջանցիները, այն հնարավորությունները, որ ունեին ադրբեջանցիները, մասնավորապես՝ դրոնները, ԱԹՍ-ները, մենք դրա դեմ փաստորեն հակաթույն չգտանք ամբողջ պատերազմի ընթացքում:
«Ազատություն». - Բայց Ադրբեջանը կհամաձայնե՞ր լավրովյան պլանին պատերազմի կեսից, եթե Շուշին էր ուզում, այսօր վարչապետը պարզ ասաց, եթե առանց լավրովյան պլանի կարողացավ նաև Մեղրիի ճանապարհը ստանալ...
Արման Գրիգորյան. - Ես չգիտեմ՝ կհամաձայներ, թե չէ Ադրբեջանը, գուցեև չէր համաձայնում, բայց էնպես չի, որ մենք համաձայնեցինք, Ադրբեջանը մերժեց: Դա փաստարկ չի այն բանի օգտին, որ մե՛նք չենք պատասխանատու սրա համար՝ Ադրբեջանը մերժեց, մենք պատրաստ էինք կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 10-ին, բայց մենք պատրաստ չէինք, մենք ինքներս մերժեցինք դա: Հիմա ես ի՞նչ իմանամ՝ գուցեև Ադրբեջանը մերժեր, գուցեև չմերժեր: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը ընդուներ էդ պլանը, ես որևէ հիմք չունեմ պնդելու, որ Ադրբեջանը անպայման մերժելու էր:
«Ազատություն». - Այսինքն, մենք համաձայնել ենք իրապես միայն այն պայմաններում, երբ Ստեփանակերտի մատույցներո՞ւմ էր ադրբեջանական զինուժը:
Արման Գրիգորյան. - Դե այդպես է դուրս գալիս, որ մենք փաստորեն դադարեցրինք պատերազմը այն ժամանակ, երբ այլևս ֆիզիկապես ուղղակի այն շարունակելու հնարավորություն չկար:
«Ազատություն». - Քանի որ սա խաղաղության երկարաժամկետ փաստաթուղթ չէ, մարդիկ կանխատեսում են հոռետեսական սցենար՝ չորս տարի հետո Ադրբեջանը շնորհակալություն կհայտնի ռուսական խաղաղապահ զորքերին և կասի՝ այլևս դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, և՝ Ստեփանակերտը հարվածի տակ է:
Արման Գրիգորյան. - Եթե Ադրբեջանի շնորհակալությունից ու ցանկությունից կախված լիներ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում, ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում այսօր էլ չէին լինի: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի շահագրգռությունը՝ պահպանելու գոնե Արցախում հայկական ներկայությունը այս նվազ տեսքով, թուլացած տեսքով, չեմ կարծում, որ այդ շահագրգռությունը վերանալու է չորս տարի հետո, և Ադրբեջանը պարզապես կարող է ռուսներին դուրս շպրտել այնտեղից և Արցախի հարցն ուժով լուծել: Այնպես որ այս հարցում պետք չէ այդքան հոռետես լինել:
«Ազատություն». - Այստեղ Ձեզ կհակադարձեին, որ հակառակը՝ ռուս-թուրքական դաշինք է գործել, և 100 տարի անց Ռուսաստանը մեզ էլի մենակ է թողել:
Արման Գրիգորյան. - Այդ ուժերը, որ նման հակադարձումներ են անում, մի քիչ լավ չեն պատկերացնում, որ պետությունները կարող են դաշնակցային շահեր ունենալ ինչ-որ երկրի հետ, բայց դա չի ենթադրում, որ այդ դաշնակցային շահերը պարտավորեցնում են տվյալ երկրին ամեն ինչ անել իրենց դաշնակցի համար: Դաշնակցային պարտավորությունները ունեն սահմանափակումներ: Ռուսաստանը երբեք խոսք չէր տվել մեզ, որ 94 թվի զինադադարով ստեղծված ստատուս-քվոն համապատասխանում է իր շահերին, և նրանք պաշտպանելու են մեզ այդ ստատուս-քվոն պաշտպանելու գործում: Նման բան չկա: Մենք ենք ռուսներին վերագրել ինչ-որ շահեր, ինչ-որ քաղաքականություն, հետո երբ որ դա չի համապատասխանել ճշմարտությանը, մենք նեղացել ենք և համարել ենք, որ ռուսները մեզ դավաճանեցին կամ գործարքի գնացին մեր թիկունքում և այլն: Ռուսները մեզ արդեն 25 տարի ասում են, թե ինչ է պետք անել այս հարցը լուծելու համար, և որ իրենք էլ են շահագրգռված այդ հացը լուծելով: Ռուսները մեղք չունեն, որ մենք չենք լսել, ականջ չենք դրել:
«Ազատություն». - Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհ նախատեսող դրույթի մասին Ձեր մեկնաբանությունը: Վարչապետ Փաշինյանն ասում է՝ դա Մեղրին կորցնել չի, մենք էլ օգուտներ ունենք, դեպի Իրան երկաթուղի է բացվում, Երևանից Նախիջևանով Սյունիք տանող ճանապարհն է բացվում, էստեղից տնտեսական պտուղներ էլ կարելի է քաղել:
Արման Գրիգորյան. - Գուցե վարչապետի նկարագրությունը ճիշտ է, ես էլ կողմնակից չեմ, որ այդ հարցում հիստերիկա լինի, որ այդ հարցը մեկնաբանվի ամենախտացված գույներով: Ես էլ, որ փաստաթուղթը կարդում եմ, դրանից դժվար է եզրակացություն անել, որ մենք կորցնում ենք հայկական սուվերեն վերահսկողությունը Սյունիքի կամ ինչ-որ հատվածի նկատմամբ, չկա այդպիսի բան փաստաթղթում: Բայց չի կարելի նաև չասել, որ երբ նույնիսկ դրա մասին ինչ-որ խոսակցություն է եղել, այսինքն՝ ինչ-որ պայմանագրի մեջ դա նշվել է, դա անհանգստանալու առիթ չի կարող չլինել, որոշակի մեր կողմից քայլեր կարող են դիտարկվել որպես այդ պարտավորության խախտում՝ որոշակի հետևանքներով: Եթե ժողովրդին նույն Փաշինյանը 2,5 տարի ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, եթե դե յուրե անկախությունը չի ճանաչում, մենք բանակցելու բան չունենք, Տոնոյանի՝ եթե նոր պատերազմ լինի, կլինեն նոր տարածքային կորուստներ Ադրբեջանի համար, իսկ ի՞նչ պետք է մտածեր ժողովուրդը: Ժողովուրդը մտածում էր, որ մեր վիճակը սարսափելի լավ է, մենք շատ պինդ դիրքերում ենք, և եթե պատերազմ լինի, ոչինչ, վախենալու կարիք չկա: Այդ տրամադրությունն էր Հայաստանում սեպտեմբերի 27-ին, իշխանությունը դրա համար ծանրագույն պատասխանատվություն է կրում: Ես կարծում եմ, որ պատերազմը սկսվելուց երկու օր հետո արդեն պարզ էր, թե մենք ինչ կատակլիզմի առաջ ենք կանգնած:
«Ազատություն». - Դուք երեկվա հանրահավաքը հիշատակեցիք, այնտեղ ասում են՝ Փաշինյանը գնա, հնարավոր է վիճակ փոխել, մասնավորապես չի ասվում՝ ինչպես: Դուք կարծո՞ւմ եք, որ իշխանափոխությունը հիմա կարող է բեկում մտցել:
Արման Գրիգորյան. - Իշխանափոխությունը ինչի՞ մեջ կարող է [բեկում մտցնել]: Եթե նրանք խոսում են այն մասին, որ այդ փաստաթուղթը կարող են փոխել, ես չգիտեմ՝ որ մոլորակի վրա են նրանք ապրում, այս փաստաթուղթը նրանք չեն կարող փոխել: Որովհետև ռազմական վիճակը և ուժերի հարաբերակցությունը պատերազմի վերջին օրերին ոչ միայն չի փոխվել, երևի հիմա ավելի պակաս հնարավորություններ ունի Հայաստանը՝ դիմադրությունը շարունակելու կամ ինչ-որ նոր բան անելու ռազմական առումով: Իսկ եթե ռազմական առումով չպիտի արվի, ես չեմ հասկանում՝ իրենց փաստարկներն ինչի մասին են:
Ինչ վերաբերում է իշխանափոխությանը՝ ես կարծում եմ, որ նման աղետ պատճառած իշխանությունը պիտի պատասխանատվություն ստանձնի, և, ի վերջո, ես դժվար եմ պատկերացնում նման իշխանության գոյատևումը մինչև իրենց լեգիտիմ ժամկետի ավարտը: Անկեղծ ասեմ՝ պատմության մեջ ես շատ քիչ նման դեպքեր գիտեմ, եթե դրանք կան, ես չեմ հիշում, որ նման աղետալի պարտությունից հետո իշխանությունը շարունակի գոյատևել:
Բայց, միևնույն ժամանակ, ես ինքս անձանբ պատրաստ եմ պաշտպանելու այս իշխանությանը, որ որևէ գործընթաց իշխանափոխության տեղի ունենա անցնցում, սահմանադրական ճանապարհով, և որևէ հեղաշրջում չպետք է թույլ տալ, և պետք է սատարել աս իշխանությանը այնքան ժամանակ, որքան նրանք պարտավոր են այդ անցումը ապահովել և անել ամեն ինչ անցնցում և Սահմանադրության շրջանակներում:
«Ազատություն». - Բացառապես ընտրությունների միջոցով:
Արման Գրիգորյան. - Բացառապես ընտրությունների միջոցով, ոչ մի ուրիշ բան, ոչ մի ուրիշ հակասահմանադրական մարմնի ստեղծում և այլն չպետք է թույլ տալ կամ քաջալերել:
Հաղորդումն ամբողջությամբ`