«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Ռաֆայել Թեյմուրազյան. Իրողությունների անտեսման գինը

Ռաֆայել Թեյմուրազյան. Իրողությունների անտեսման գինը

Հունվարի 14-ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների տարածած հայտարարությունն ուրվագծում է Բաքվի՝ Սյունիքով Նախիջևանի հետ կապվելու նախատեսվող կարգը։ Ու թեև փաստաթղթում 13 անգամ հիշատակվում է Հայաստանի ինքնիշխանության մասին, նկարագրվող մեխանիզմն այն ձևականության է վերածում։

Ըստ այդմ,

️ՀՀ տարածքով անցման առաջնային գործառույթն իրականացնելու են օտարները։

Նախատեսվում է ստեղծել «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն», որի վերահսկիչ փաթեթը պատկանելու է ԱՄՆ-ին։ ՀՀ տարածքում 49+50 տարով (!!!) բացառիկ իրավունքներով օժտված այս ընկերությունը Սյունիքով անցման կազմակերպման առաջնային գործառույթները (front office) փոխանցելու է «մասնավոր օպերատորների»: Դրանք տեսականորեն կարող են նույնիսկ անցնող կողմի ազդեցության տակ գտնվող ընկերություններ լինել։

️Ստուգումներ գործնականում չեն լինելու։

Հայաստանը ստուգում իրականացնելու է բացառիկ դեպքերում, զուտ «ռիսկի վրա հիմնված»՝ ելնելով front office-ից ստացած տեղեկատվությունից։

Ոչ մի փոխադարձություն

Ադրբեջանի տարածքում սահմանային անցումը կազմակերպելիս նախատեսված չէ օտար պետության կամ «մասնավոր օպերատորների» ներգրավում։

Խոստումներ և իրականություն

Հանրությանը վստահեցվում էր, թե ամեն ինչ փոխադարձ է լինելու։ Ընդհուպ մինչև հուլիսի 16-ը վարչապետ Փաշինյանը հավաստիացնում էր, որ «ՀՀ տարածք մուտք գործող տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն ՊԱՐՏԱԴԻՐ մաքսային և սահմանային հսկողություն»։ Իսկ հուլիսի 21-ին, ի պատասխան Ադրբեջանի նախագահի՝ հայ սահմանապահների հետ չառնչվելու պնդմանը, վարչապետի մամուլի խոսնակը հավելել էր. «ՀՀ տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա»։ Կես տարի անց պարզվեց, որ տարբերակ, այնուամենայնիվ, կա. ստեղծում ես front office, հանձնում օտար պետությանն ու մեկ դար (!!!) ապավինում դրա հետ պայմանագիր կնքած «մասնավոր օպերատորների» տված տեղեկատվությանը։

Իրողությունների անտեսման գինը

Թեև հայ-ամերիկյան հայտարարությունն իրավական ուժ չունի, այն արդեն ամրագրում է Հայաստանի պատրաստակամությունը վճարել որոշակի գին, ուստի նախատեսվող իրավական փաստաթուղթը դա չի էժանացնելու։

Հանուն «միջանցքային տրամաբանության» բացառման Գորիս-Կապան ճանապարհի, Հայաստանի այլ տարածքների, հարյուրավոր զինվորների ու նույնիսկ Արցախի զոհաբերումը ոչ միայն Սյունիքով ճանապարհի հարցը չհանեցին օրակարգից, այլև Հայաստանը դնում են նոր պարտավորությունների տակ՝ մեկդարյա ժամկետով սահմանափակելով երկրի ինքնիշխանությունն իր տարածքի մի մասի վրա։

2020-ի պատերազմից հետո Հայաստանը ծանր վիճակում է հայտնվել, և որևէ իշխանություն հրաշքներ չէր գործելու։ Սակայն գործող իշխանությունը, շարունակաբար անտեսելով իրողությունները, ոչ թե մեղմում, այլ՝ խորացնում է այդ ծանրությունը, ինչը երկրին արժենում է լծակների կորուստ, ինքնիշխանության սահմանափակում և ի վերջո հանգեցնում ավելի ծանր արդյունքի։

Ռաֆայել Թեյմուրազյան