«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ռոբերտ Քոչարյանն իր գրքում փաստերն ու փաստաթղթերն է խեղաթյուրում.Aniarc.am

Ռոբերտ Քոչարյանն իր գրքում փաստերն ու փաստաթղթերն է խեղաթյուրում.Aniarc.am

Լրատվամիջոցներում մաս-մաս հայերենով՝ ռուսերենից թարգմանաբար, տպագրվում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքից հատվածներ: Հուշագրությունը, անկախ հեղինակի ազնվությունից, պատմության առաջ պատասխանատվության զգացումից, միշտ ենթադրում է կողմնակալություն: Հուշագիրները սիրում են դեպքերը իրենց համար ցանկալի և շահեկան տեսանկյունից ներկայացնել, մոռացության տալ բոլոր այն իրադարձությունները, որոնք այլևս ձեռնտու չէ հիշելը և հարվածել նրանց, որոնց հետ ժամանակին ունեցել են բարդ, կոնֆլիկտային հարաբերություններ:

Երկրորդ նախագահի գիրքը, այս առումով, բացառություն չէ: Բայց գրքում կան հատվածներ, որտեղ Քոչարյանը ուղղակի տրորում է հոծ գծերը: Մասնավորապես, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին հատվածում Քոչարյանը փաստերն ու փաստաթղթերն է խեղաթյուրում՝ մեղմ ասած:

Քոչարյանը գրում է, որ ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակով, որին կողմ էր Տեր-Պետրոսյանը, «Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում»: Այսինքն, Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ավելի ճիշտ՝ վերադառնա Ադրբեջանի կազմ, որովհետև 1991-1994 թթ պատերազմի արդյունքում Արցախը և շրջակա տարածքները, որոնք Քոչարյանի գրքում անվանվում են «զբաղեցված», նվաճել էին փաստացի անկախություն, եթե կուզեք՝ Հայաստանի մաս էին դարձել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 1997-ի ուշ աշնանը, ավելի ճիշտ՝ դեկտեմբերի 2-ին ներկայացված փուլային տարբերակում Արցախի կարգավիճակի մասին չկա անգամ բառ: Այսինքն, երբ Քոչարյանը պնդում է, որ փուլային տարբերակով Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, դա, մեղմ ասած, փաստաթղթի խեղաթյուրում է: Այդ փաստաթուղթը հրապարակվել է 2001 թվականի փետրվարին: Ամեն ոք, այդ թվում Քոչարյանը, կարող են կարդալ և տեսնել, որ այդ փաստաթղթում կարգավիճակ ընդհանրապես չկա (http://www.aniarc.am/2018/12/16/step-by-step-1997-december-nk/):

Եթե Քոչարյանը այդ մասին չգիտի, վատ է, իսկ եթե գիտի, բայց իր գրքով փորձում է խեղաթյուրել ոչ վաղ անցյալի պատմությունը, ապա ավելի վատ է: Քիչ հետո կտեսնենք, որ Քոչարյանը շատ լավ գիտի դա:

Գրքի տարբեր, բազմաթիվ հատվածներում Քոչարյանը փնովում է Տեր-Պետրոսյանին և ՀՀՇ-ին: Ուշագրավ է, որ նա շրջանցել է 1996 թ աղմկահարույց, կեղծված ընտրությունները, ավելի ճիշտ այն հատվածը, որը այսօր կաշխատեր իր դեմ: Այն ժամանակ Արցախի նախագահ Քոչարյանը հատուկ հայտարարությամբ, որի և՛ տեքստը կա (https://www.aniarc.am/2016/09/22/levon-kocharyan-1996/), և՛ տեսանյութը (https://www.aniarc.am/2018/09/22/robert-kocharyan-levon-ter-petrosyan-september-1996/), ընդդեմ Վազգեն Մանուկյանի աջակցում է Տեր-Պետրոսյանին:

Քոչարյանի հայտարարությունում ասվում էր. «Այսօր ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից: Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանը: Մի քանի օրից մենք կնշենք նաև Հայաստանի անկախության հռչակման 5-ամյակը, և ես կուզեի շեշտել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա ԼՂ-ում հասկանում են բոլորը, և ինձ թվում է, որ Հայաստանում և սփյուռքում նույնպես»:

Տարօրինակ է, որ Քոչարյանը պնդում է, որ փուլային տարբերակով Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, սակայն երեք չորս տող հետո գրում է բոլորովին այլ բան, որն արդեն ճիշտ է. «ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը հետաձգվում էր անորոշ ժամանակով»:

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ մեկ տարի անց՝ 1998-ի վերջերին, ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց Ընդհանուր պետություն (http://www.aniarc.am/2018/12/16/common-state-1998-nk/) անունը ստացած տարբերակը, որին կողմ արտահայտվեց Քոչարյանը: Այդ տարբերակում, ի տարբերություն 1997-ի փուլայինի, մի ամբողջական հատված վերաբերում էր Արցախի կարգավիճակին:

Ներկայացնենք որոշ հատվածներ այդ փաստաթղթից՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:

«ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է Ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

«ԼՂ կառավարությունն իր ներկայացուցիչները կարող է ունենալ արտասահմանյան պետություններում Ադրբեջանի այն դեսպանություններում կամ հյուպատոսական հաստատություններում, որտեղ ունի իր հատուկ շահերը, ինչպես նաև կարող է ադրբեջանական պատվիրակությունների կազմում իր փորձագետներին ուղարկել` մասնակցելու միջազգային բանակցություններին, եթե դրանք վերաբերում են ԼՂ շահերին»:

«ԼՂ սահմանները կհամապատասխանեն նախկին ԼՂԻՄ սահմաններին»:

«ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական` կունենան Ադրբեջանի անձնագիր` ՙԼեռնային Ղարաբաղ՚ հատուկ նշումով»:

«ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում եւ մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:

Ահա այս տարբերակն էր ընդունելի Քոչարյանի համար: Փաստաթղթում հստակ գրված է, որ պետք է Ադրբեջանին վերադարձնել ԼՂԻՄ-ից դուրս գտնվող մյուս շրջանները, բացի Լաչինի միջանցքի:

Քոչարյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի 1997թ. սեպտեմբրյան հայտնի ասուլիսին, որը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Արցախյան հակամարտությանը, ուղղակի կեղծում է այդ ասուլիսի այն հատվածը, որը վերաբերում էր Սերգո Երիցյանի հարցին ու նախագահի պատասխանին:

Քոչարյանն իր գրքում այդ հատվածը այսպես է ներկայացրել.

«… Հայտնի լրագրող, «Կարծիք» հաղորդաշարը վարող Սերգո Երիցյանը նորից հարցրեց, թե արդյոք ճի՞շտ է հասկանում Տեր-Պետրոսյանի ասածը. նախագահը պատրաստվում է հրաժարվե՞լ Ղարաբաղից: Նա պատասխանեց. «Սե՛րգո ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»: Տեր-Պետրոսյանի այս արտահայտությունն անմիջապես մտավ ժողովրդի մեջ կամ, ինչպես հիմա են ասում, դարձավ մեմ, իսկ մամուլի ասուլիսը Հայաստանի պատմության մեջ մտավ «Սերգո ջան» անունով»:

Որպեսզի մեր օրերի ընթերցողը չխաբվի, բառացի, առանց փոփոխության, ներկայացնենք Սերգո Երիցյանի հարցն ու Տեր-Պետրոսյանի պատասխանը 1997թ սեպտեմբերի 26-ի ասուլիսից.

«Սերգեյ Երիցյան – Պարոն նախագահ, Ձեր նախընտրական ծրագրում մի կետ կար, որտեղ նշում էիք, որ մեր երկրի մինչեւ մեկ միլիոն քաղաքացիներ գտնվում են աղքատության եզրին, եւ Դուք ունեիք ծրագիր, որը ենթադրում էր Ձեր նախագահության հինգ տարիների ընթացքում այդ վիճակից դուրս գալ։ Անցել է մեկ տարի։ Ձեր կարծիքով, ի՞նչ է արել կառավարությունն այդ ուղղությամբ եւ հաջորդ չորս տարիների ընթացքում ի՞նչ է հնարավոր անել մեր Սահմանադրության գլխավոր պահանջը՝ սոցիալական պետության կառուցումը արժանապատիվ կատարելու համար։

Լևոն Տեր-Պետրոսյան – Դժբախտաբար առաջին տարում վիճակը մեզ բացարձակապես չի ուրախացնում։ Նույնիսկ ետընթաց կա նախորդ տարվա համեմատ։ Մասնավորապես, սղաճը մեր նախատեսածից բարձր էր։ Մենք տարեկան սղաճը նախատեսել էինք ընդամենը տաս տոկոս, մինչ իններորդ ամիսն է, եւ արդեն մոտենում է 15 տոկոսի, այն է՝ 14,8 տոկոս։ Իսկ սղաճը նշանակում է ժողովրդի կենսամակարդակի անմիջական անկում։ Մյուս կողմից՝ ի՞նչ է հաջողվել անել։ Հաջողվել է որոշ կարգ ու կանոն հաստատել մասնավորապես հարկային, մաքսային համակարգերում։ Եթե ոչ այս տարվա առաջին 3–4 ամիսներին, ապա դրանից հետո մենք կարողացել ենք բյուջեի հարկային մուտքերն ապահովել 100 եւ ավելի տոկոսով։ Դրանով մենք կարողացել ենք գոնե աշխատավարձերի, թոշակների ուշացումները կրճատել եւ հասցնել տանելի վիճակի։ Դեռեւս մինչեւ վերջ այդ հարցը չենք լուծել։ Իհարկե, ես հրաշքներ չեմ խոստացել, ես խոստացել եմ դանդաղ փոփոխություններ եւ վստահ եմ՝ այն, ինչ խոստացել եմ՝ այս հինգ տարիների ընթացքում մենք կիրականացնենք։ Բայց, կրկնում եմ՝ հրաշք չսպասեք։

Եկեք պարզ, ոնց որ հարեւանը հարեւանի հետ, կամ ընկերն ընկերոջ հետ, նստենք խոսենք, հասկանանք մեր վիճակը։ Ի՞նչ ենք մենք ուզում։ Եթե դուք կարծում եք, որ այս պայմաններում՝ Ղարաբաղի հարցի չլուծվածության եւ առաջին հերթին՝ շրջափակումների առկայության պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես Եւրոպայի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է դուք Խորենացի չեք կարդացել։ Չի լինելու։ Կա՛մ, կա՛մ։ Կա՛մ պիտի ամբողջ աշխարհին ասենք. «Գնացեք մի կողմ, մենք մեր հարցերը լուծում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա եւ ոչ մի զիջում չենք անելու», բայց այդ դեպքում ոչ ոք պիտի իրավունք չունենա պահանջել կենսամակարդակի բարելավում, հակառակը, պիտի հաշտվի այն մտքի հետ, որ իր կենսամակարդակը շատ ավելի ընկնելու է։ Կա՛մ էլ, եթե ուզում է լավ ապրել, ուզում է զարգացնել իր տնտեսությունը, պետք է քաջություն ունենա, համարձակություն ունենա գնալ լուրջ փոխզիջումների, ես չեմ ասում զիջումների։

Դուք շատ համարձակ եք ընդհանրապես։ Լրագրողները հիմա ամենաքաջ, ամենահերոս մարդիկ են մեր հասարակության մեջ։ Ավելի քաջը չկա։ Ում ուզում եք՝ հայհոյում եք, ում ուզում եք՝ սուզում եք, ում ուզում եք՝ խայտառակում եք։ Քաջություն ունեցեք նայելու իրականությանը եւ բանավեճ բացելու։ Դրեք, հաշվարկներ կատարեք, թե ուր կհասնենք, եթե այս վիճակը պահպանվի եւս 5–10 տարի։ Դժվար չէ հաշվել։ Մենք մեզ համար արել ենք այդ հաշվարկները։ Հայաստանը նորմալ պետություն չի դառնա, եւ լավ չեք ապրի Սերգո ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան»:

Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքում տեղ գտած մյուս բոլոր փաստական խեղաթյուրումներին կանդրադառնանք, երբ գիրքը ամբողջությամբ հասանելի կլինի հայերենով: Կրկնենք, որ կանդրադառնանք բացառապես փաստական խեղաթյուրումներին:

Թաթուլ Հակոբյան