«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Սամվել Աբրահամյան. Ձայները փոշիացնելու մասին

Սամվել Աբրահամյան. Ձայները փոշիացնելու մասին

ՁԱՅՆԵՐԸ ՓՈՇԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուզում եմ անդրադառնալ թե ֆեյսբուքում, թե մարդկանց հետ շփումներում երբեմն-երբեմն հնչող մի հարցի․ ընտրություններին մասնակցելով արդյո՞ք ՀԱԿ-ը չի փոշիացնում ընդդիմության ձայները և բարդացնում իշխանափոխության գործընթացը։ 

Պատասխան․ ՀԱԿ-ը որևէ կերպ չի փոշիացնում ընդդիմության ձայները, ուստի չի բարդացնում իշխանափոխության գործընթացը հետևյալ պատճառներով՝

  • ՀԱԿ-ի և ընդդիմադիր հիմնական ուժերի էլեկտորատները չեն խաչվում։ ՀԱԿ-ին ընտրողները երբեք չեն ընտրի ոչ Քոչարյանին, ոչ էլ Ծառուկյանին (և հակառակը)։ 
  • Եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին, մեծ հավանականությամբ նրա ընտրազանգվածի հիմնական մասը նույնպես չեր մասնակցի դրանց, ինչը ձեռնտու կլիներ միայն իշխանությանը։ Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ի էլեկտորատի մյուս մասի քվեները կկիսվեին․ մի մասը կընտրեր «Ուժեղ Հայաստանին»՝ ընդդեմ Փաշինյանի, մյուս մասն էլ հակառակը՝ կընտրեր Փաշինյանին՝ ընդդեմ նախկինների։ Այսպիսով, կառաջանար միաժամանակյա երկու էֆեկտ՝ ընտրություններին մասնակցության ընդհանուր թվի նվազում և հավելյալ ձայներ Փաշինյանին։ Երկու դեպքում էլ շահում էր իշխանությունը։ 
  • Իր մասնակցությամբ ՀԱԿ-ն ակտիվացնում է թե իշխանությանը, թե հիմնական ընդդիմությանը չընդունող ու ներկայումս պասիվ ընտրողների մի մասին (տարբեր գնահատականներով այդ շերտը շուրջ 35-40%-է), և այդպիսով էլ ավելի է մեծացնում ընտրություններին մասնակցության ընդհանուր թիվը, որը, ինչպես արդեն վերը նշեցի, վնաս է նախևառաջ իշխանության համար։ Իշխանության հիմնական մտահոգություններից մեկը՝ ընտրողների բարձր ակտիվությունն ու մասնակցությունն է ընտրություններին։
  • ՀԱԿ-ը՝ որպես տարիներ շարունակ խաղաղության օրակարգի միակ կրող, միակն է քաղաքական դաշտում, որը լավագույնս կարող է բացահայտել և սկզբունքորեն ջախջախել Փաշինյանի հերթական մեծ խաբեությունը՝ մեր երկրին իբր «խաղաղություն» բերելու մասին։ Իսկ դա այսօրվա ընտրապայքարում իշխանության գլխավոր կռվանն է։ Ի վերջո, ՀԱԿ-ը բացահայտեց նաև Փաշինյանի գործած հանցանքը հայ ժողովրդի հանդեպ՝ 2019թ․ Մինսկի խմբի առաջարկը մերժելու և պատերազմ հրահրելու առումով։ Այդ մասին նույնպես ժողովուրդը պետք է իմանա։
  • Երեք տարի ՀԱԿ-ի համար փակ են եղել բոլոր հեռուստաալիքները։ Մենք պետք է օգտագործենք ժողովրդի ինֆորմացիոն բլոկադան ճեղքելու այս եզակի հնարավորությունը։ Առաջարկելով հիմնական խնդիրների լուծումներ և այլընտրանք, օգնելու մարդկանց ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը, հասկանալու, թե ինչ նոր սպառնալիքների ուղղությամբ է երկիրը տանում իշխանությունը։
  • ՀԱԿ-ը նաև քաղաքական, ծրագրային բովանդակություն է հաղորդում ընտրապայքարին՝ մերկացնելով իշխանության պոպուլիստական, դեմագոգիկ, մանիպուլյատիվ, ոչ կոմպետենտ բնույթը։ Ստիպված լինելով մտնել ռացիոնալ, ծրագրային բանավեճի մեջ, որտեղ չկա աղմուկ և պոպուլիզմ, իշխանությունը կորցնում է ընտրական գործընթացը իր համար շահեկան հունով տանելու հնարավորությունները։ Պոպուլիստ Փաշինյանի համար մեծ պրոբլեմ են կոռուպցիոն  անցյալով չծանրաբեռնված և ծրագրերի լեզվով խոսող ուժերը:
  • Ի վերջո, ընտրական 4%-ի շեմը հաղթահարելու դեպքում (իսկ դրա հավանականությունը օր-օրի մեծանում է), ՀԱԿ-ը մի կողմից նշանակալի նպաստ կբերի իշխանափոխության իրականացմանը, մյուս կողմից՝ վերջապես պառլամենտ կբերի մեր պետականության գլխավոր, ռազմավարական օրակարգերը։ Վերջին շուրջ տասը տարիներին Հայաստանի խորհրդարանը զուրկ է եղել դրանից, ինչի հետևանքները բոլորիս աչքի առաջ են (բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնամ մեկ այլ առիթով)։

Այսպիսով

ՀԱԿ-ն իր մասնակցությամբ թուլացնում է իշխանության դիրքերը ընտրություններում և էապես նպաստում  իշխանափոխության գործընթացին։

Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար
Սամվել Աբրահամյան


 
 ·