Սերգո Տոնոյան. «Մենք մեր երեխաների թասիբին չկանգնեցինք, երբ այս իշխանությունը գիտակցաբար նրանց տարավ մսաղացի»
Ինչպես կասեր դասականը՝ դուք դաս չեք քաղել Ալեն Սիմոնյանի լիաբերան թքելու դեպքից։ Եւ ուրեմն, հանգիստ նստեք տեղներդ։ Քրեականի պետ ա, կարար ծեծեր, մի հատ էլ թքեր, իսկ նա մեծահոգաբար մենակ ծեծել ա:
-------------------------------------
Խնդիրն այլ տեղ է: Հայաստանի պետական համակարգում ջախջախված է պատասխանատվության և ընդհանրապես արժեքների ինստիտուտը: Այս տխուր պատմության մեղավորը ոչ թե այդ կենդանին է և ոչ այդքան այդ կենդանին է (նման դեպքեր ամենուր կարող են լինել), այլ այսպիսի անարժեք համակարգ ձևավորածները օրվա գլխավոր Անարժեքի ու Անպատասխանատու պատուհասի գլխավորությամբ:
Չի կարող նման կենդանի ի հայտ չգալ,
եթե երկրիդ վարչապետ կոչվածը կարող է մի սովորական մաքսավորի ուղիղ եթերում նվաստացնել ու անցնել առաջ: Եթե Պաշտպանության նախարարը ճոխ հարսանիք է անում այն պահին, երբ երկրիդ տարածքները թշնամին օկուպացրել է,
եթե երկրիդ ԱԺ նախագահը թքում է պաշտպանվելու կարողությունից բռնի զրկված քաղաքացու վրա, հետո հայտարարում, որ լավ է արել,
եթե երկրիդ կառավարության անդամների ու իշխող մեծամասնության մի ստվար հատված թմրանյութ է գործածում՝ հետն էլ հայտարարում, որ պայքարում է դրա դեմ,
երբ երկրիդ ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով կեղծում է երկրի պատմությունը՝ սեփական կաշին փրկելու համար:
Արժանապատվության, բարոյականության, ճշմարտախոսության ու պատասխանատվության համապետական այս բարոյալքումը չի կարող չթակել բոլորի դուռն ու չդիպչել նաև երեխաներին: Ի վերջո, եկեք ընդունենք. մենք մեր երեխաների թասիբին չկանգնեցինք, երբ այս իշխանությունը գիտակցաբար նրանց տարավ մսաղացի: Չկանգնեցինք, այլապես այսօր դրա իրագործողները Պատուհասի գլխավորությամբ կփտեին բանտերում:
Ու այդ ժամանակ, վստահ եղեք, դիլիջանցի կենդանին նման արարք գործելուց առաջ երկար կմտածեր: Իսկ, եթե այնուամենայնիվ գործեր, հասարակությունը վստահ կլիներ, որ պետական համակարգում թասիբ ու արժանապատվություն ունեցող ղեկավարություն կա և պատիժն անխուսափելի է լինելու:
Հիշեցնենք՝ 17 տարեկան տղային հարվածներ հասցնելու համար Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը քրեական հետապնդման չի ենթարկվել, քանի որ զղջացել է։ Այս որոշումը կայացրել է դատախազությունը։
Անչափահաս Արազ Ամիրյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը մամուլից է տեղեկացել այս որոշման մասին։ «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկելու են որոշումը։ Ռաֆայելյանը քննչականի ու դատախազության այս որոշումը համարում է հովանավորչություն. - «Բնականաբար։ Երկրորդ տարբերակ չկա»։
Փաստաբանի խոսքով, հարբած ոստիկանը այդ օրը մեքենան կայանել է հյուրանոցի բակում, մոտեցել է տղային, հարցրել հյուրանոցի սենյակի մասին։ Եվ երբ լսել է, որ պետք է վճարի դրա համար, հարձակվել է տղայի վրա. - «Արազը հարցրել է, թե ինչ ժամակահատված եք ցանկանում մնալ, քանի որ հյուրանոցում գործող կարգի համաձայն, նախապես պետք է վճարումը կատարվի։ Էդ հարցի շուրջ վերջիններիս մեջ առաջացել է վիճաբանություն... Չի համաձայնել վճարել՝ նշելով, որ երբ ուզի, էդ ժամանակ էլ ինքը կվճարի»։
Բարձրացած աղմուկից հետո է միայն վերադաս դատախազը վերացրել 17-ամյա մատուցողին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետին մեղադրանք չառաջադրելու որոշումը։ Սակայն չի հաղորդվում՝ արդյո՞ք պատասխանատվության եթարկվել են գործը պարտակած քննիչն ու դատախազը: Բարձրաստիճան ոստիկանը, որ ի պաշտոնե պիտի պաշտպաներ պատանուն, ինքն է տեսախցիկի առջև, վկայի ներկայությամբ բռնության ենթարկել նրան, բայց ոստիկանությունը դեռ լուռ է. Դիլիջանի քրեականի պետը չի ազատվել պաշտոնից, միայն ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը՝ ծառայողական քննության համար:
Լուսանկարում՝ Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանն է: