«Շերեմետևո»-ում օդանավի հրդեհի ժամանակ 41 մարդ է զոհվել (տեսանյութ)
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ 41 մարդ է զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աէրոֆլոտ»-ի օդանավի վթարային վայրէջքի և ծագած հրդեհի հետևանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։
«Շերեմետևո»-ում պատմել են, որ ինքնաթիռն օդ է բարձրացել մայիսի 5-ին, Մոսկվայի ժամանակով 18։02-ին (Երևանի ժամանակով՝ 19։02)-ին, իսկ վթարային վայրէջք կատարել՝ 18։30-ին։
Ուղևորներն օդանավը լքել են փչովի սանդուղքով։ Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի երթևեկության և շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջ է բերել երկու կամ ավելի անձանց մահը» հոդվածով։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստուգում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած, Մուրմանսկ-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավում Հայաստանի քաղաքացիների և հայերի առկայությունը:
«Աերոֆլոտ» ընկերությունը հրապարակել է փրկված անձանց ցանկը:
Նյութը հասանելի է նաև ռուսերեն