«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Սրտումս Երևան». Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը

«Սրտումս Երևան». Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը

Այսօր Երեւանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երեւան»։

«Էրեբունի - Երեւան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան։

 Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր: Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում, ազգագրական՝ Նորք-Մարաշում,  ռոք՝  Նուբարաշենում, հեղինակ-կատարողները հանդես կգան Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում:

«Էրեբունի-Երեւան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաեւ պարգեւատրման արարողություն եւ մշակութային մաս։


Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:

Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ  գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:

1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

Շնորհավոր տոնդ, սիրելի Երևան