Տարածաշրջանում պատերազմի հավանականությունը մեծանում է
ԱՄՆ-ը հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ ԱՄՆ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով։ ԱՄՆ մեղադրում է Իրանին Բաղդադում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման մեջ։ Վաշինգտոնի-Թեհրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ
Իրավիճակը Բաղդադոմ ԱՄՆ-ի դեսպանության շուրջ որոշակիորեն հանդարտվել է, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հավելյալ հատուկ ջոկատային ուժեր ուղարկեց Բաղդադ: Իրանամետ զորամիավորումների ղեկավարները կարգադրեցին իրենց աջակիցներին հեռանալ դեսապնության շրջակայքից:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Վաշինգտոնը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց իրանամետ Հեզբոլահ խմբավորման դիրքերին ի պատասխան ամերիկյան կառավարության համար աշխատող պայմանագրային աշխատակցի սպանության: Դրան հաջորդեց իրանամետ խմբավորման աջակիցների բողոքի ցույցն ու հարձակումը ԱՄՆ-ի դեսպանության վրա: Տեղի անվտանգության ուժերը ստիպված եղան կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ ցուցարարների դեմ:
Պենտագոնը հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ նախագահ Թրամփը խոսեց Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ ամերկացի ծառայողների ու աշխատակիցների անվտանգությունը Իրաքում ապահովելու հարցի շուրջ:
Դեսպանության վրա հարձակումն ընդգծում է այս պահին Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հարաբերությունների գերլարված բնույթը: Նախագահ Թրամփը հարձակման մեջ մեղադրել է պաշտոնական Թեհրանին: Նախագահը սակայն ավելի ուշ ընդգծել է, որ ինքը խաղաղության կողմնակից է և կարծում է, որ Իրանը ևս չի ցանկանում պատերազմ:
Իր հերթին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենին արձագանքել է նախագահ Թրամփի մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դեսպանության վրա հարձակումը որևէ առնչություն չունի Իրանի հետ:
Փորձագետները մտահոգություն են հայտնում ստեղծված իրադրության վերաբերյալ՝ նշելով, որ այս զարգացումներն էլ ավելի է մեծացնում լայնածավալ պատերազմի հավանականությունը: Նրանց կարծիքով հարձակման հիմնական նպատակն է ԱՄՆ դուրս մղումը Իրաքից: Նրանք կանխատեսում են որոշակի ռազմական գործողություններ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում Հեզբոլահ խմբավորման դիրքերի դեմ, գրում է Ամերիկայի ձայնը:
Նշենք, որ ԱՄՆ զինվորականներն Իրաքում սպանել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի Կուդս էլիտար ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանին:
Պենտագոնն այս առթիվ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան հարձակումը որակել է միջազգային ահաբեկչության գործողություն:
«ԱՄՆ-ն կրում է սեփական արկածախնդրության ողջ պատասխանատվությունը», – Թվիթերում նշել է Իրանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով, գեներալ Սոլեյմանիի թիրախավորումը և սպանությունը ծայրահեղ վտանգավոր ու անմիտ էսկալացիա է:
ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասի զարգացումներին