Թաթոյան. Սուլթանյանի հարցով դատախազության պարզաբանումը պարունակում է վտանգավոր շեշտադրումներ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է՝ կիսում է իրավապաշտպանների և Freedom House-ի մտահոգությունները Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի գործով։
Թաթոյանի խոսքով՝ իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ:
Պաշտպանը լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրի Գլխավոր դատախազություն:
Սուլթանյանին Քրեական օրենսգրքի՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար պատասխանատվություն նախատեսող 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով՝ հայտարարում է Թաթոյանը՝ շեշտելով՝ Հայաստանում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին և նրանց ՝ իրավունքների պաշտպանությունը իր անմիջական ուշադրության կենտրոնում է:
«Սա չի նշանակում, որ եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում, նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ:
Նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել Կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները», - ասված է պաշտպանի հայտարարությունում։
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, հիմքը նրա հարցազրույցներից մեկն է:
Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ վերջին օրերին հրապարակային հայտարարություններ են անում Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման անհիմն լինելու, այդ կերպ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտելու վերաբերյալ։
Ի պատասխան երեկ Գլխավոր դատախազությունը պարզաբանեց․ «ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Սուլթանյանը, 2020-ի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցով կատարել է հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ»: Դատախազության հավաստմամբ՝ եզդի ակտիվիստի իրավունքները խախտված լինելու մասին պնդումներն անհիմն են։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:
Եզդի իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից անձին և մասնավորապես հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացող օրինագծերի ընդունումը վկայում են, որ Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են, ընդգծում է կազմակերպությունը:
«Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ քննադատությանը կառավարության հակազդեցության տեսանկյունից», - հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը՝ շարունակելով. - «Հատկապես կառավարական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքը» և քննադատության այլ ձևերը քրեականացնող օրենսդրության ընդունումը խեղդում է խոսքի ազատությունը և քաղաքական ընդդիմությունը»:
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ հրաժարվել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքներից և չեղարկել խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը», - ասել է Բերենթը:
Հիշեցնենք՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, հիմքը նրա հարցազրույցներից մեկն է:
Հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց անցած շաբաթ, դրանով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով: