Թեհրանում մեկնարկել են Փաշինյան-Ռոհանի բանակցությունները
Թեհրանի «Սաադաբադ» պատմամշակութային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով փետրվարի 27-ին Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, տեղեկացնում է Իրանի հայկական «Ալիք» պարբերականը
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել են Փաշինյան-Ռոհանի բանակցությունները:
Հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: