«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. Հնօրյա և մերօրյա ուրացողներին ողջո՜ւյն, ողջո՜ւյն

Հարութ Ուլոյան. Հնօրյա և մերօրյա ուրացողներին ողջո՜ւյն, ողջո՜ւյն

Հնօրյա և մերօրյա ուրացողներին ողջո՜ւյն, ողջո՜ւյն

Հունիսի 13, 1992թ.
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական հայտարարությունը․

«Ադրբեջանական ռազմական ուժերը, օգտագործելով «Կոկորդիլոս» տիպի ռազմական ուղղաթիռներ, ՍՈՒ-25 ռմբակոծիչներ և քիմիական զենք, երեկ լայնածավալ հարձակում են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր խաղաղ բնակչության մեջ:

Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջանների վրա հարձակում է ձեռնարկվել Աղդամ քաղաքի ադրբեջանական ռազմակայանից: Այս հարձակումը հետևեց մի քանի շաբաթ շարունակվող ակտիվ քարոզչությանը, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում էին ապացուցել, թե Հայաստանի նվաճողական դիրքն է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության ուժեղացման պատճառը: Ակներև է, որ այս ստահոդ լուրերի տարածումը կազմակերպվել էր նախապատրաստվող ռազմական հարձակումը արդարացնելու համար:

Ադրբեջանական ուժերը վերջերս բռնագրավել են նախկին խորհրդային բանակին պատկանող զինապահեստների զենքը: Ապօրինաբար վերցրել են նաև հսկայական քանակությամբ զրահամեքենաներ, ռազմական ինքնաթիռներ, հրթիռակիչներ, ավտոմատներ և ռազմամթերք: Անկասկած, հափշտակված զենքը, գումարվելով Ադրբեջանի ունեցած զինանոցին, պետք է օգտագործվեր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ՝ փորձելով ճնշել ինքնորոշման նրա պայքարը:

Այս հարձակումը, որն անմիջապես հաջորդեց նախագահական ընտրություններում Էլչիբեյի տարած հաղթանակին, ուղղակիորեն հակասում է հունիսի 6-ին Օսլոյում ՆԱՏՕ-ի համագործակցության խորհրդի ընդունած որոշմանը:

Ադրբեջանի այս վերջին հարձակումը երկու շաբաթ հետո Մինսկում կայանալիք Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված ԵԱՀԽ-ի խորհրդաժողովի հրավիրումը խափանելու փորձ է: Այս գործողությունները մեծապես դժվարացնում են նաև բանակցությունների միջոցով կոնֆլիկտի խաղաղ լուծման հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետությունը վճռականորեն բողոքում է Ադրբեջանի հարձակման դեմ և դիմում է համաշխարհային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռք առնել Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումը կանգնեցնելու և նոր մարդկային զոհերից ու ավերածություններից խուսափելու համար:

Եթե Ադրբեջանին զսպելու միջազգային ճնշումն ուշանա, Հայաստանը այլընտրանք չի ունենա, քան ձեռնարկել վճռական գործողություններ և անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար»:

«ՀՀ», 1992թ․

Լուսանկարում՝ նախագահ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղում, 1995թ․

Հարութ Ուլոյան