Անահիտ Օհանյան. Հիշողություն չունեցող մարդը նման է Հրանտ Մաթևոսյանի նկարագրած «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»
Քանի որ նախորդ գրառումովս կարծես նորից բացեցի «Պանդորայի արկղը», և մարդիկ նոր թափով սկսեցին զարմանալ, թե «իբր Լևոնն ի՞նչ է արել, որ մի հատ էլ հիմնադիր են կոչում», հիշեցին «Լևոնն ինչպես քանդեց Հայաստանը, իսկ Քոչարյանի տարիներին ինչպիսի ծաղկունք ապրեց երկիրը», չալարեցի ու որոշեցի հնարավորինս համառոտ ևս մեկ անգամ թարմացնել որոշների հիշողությունը։
Որովհետև հիշողություն չունեցող մարդը նման է Հրանտ Մաթևոսյանի նկարագրած «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»:
Առաջին նախագահի շրջանի մասին քննարկումներն արդեն հայկական իրականությունում ունեն իրենց անփոփոխ «սուրբ երրորդությունը»:
«Լևոնը գործարանները քանդեց», «հոսանքը հողանցեց», «մութ ու ցուրտ տարիներ բերեց»։
Շատ ավելի հեշտ է ամեն ինչ բարդել «լույսը հողանցողների...» վրա, որպեսզի երբեք չհասկանաս, թե ինչ ահռելի գին է վճարվել այս պետությունը քարտեզի վրա պահելու համար։
1. «Գործարանները քանդեցին ու ծախեցին». Սա մարդկանց ամենասիրելի լացուկոծն է։ Մարդիկ լուրջ դեմքով հիշում են գործարանները, բայց մոռանում են մի «փոքրիկ» դետալ
ԽՍՀՄ-ը փլուզվել էր։
Սովետական տնտեսությունն աշխատում էր պարզ շղթայով. Երևանում արտադրվում էր հրթիռի մի պտուտակ, Ուկրաինայում պոչը, Ղազախստանում կորպուսը, ... ու այդ ամենը հավաքվում էր Մոսկվայում։ Երբ կայսրությունը փլուզվեց, այդ շղթաները կտրվեցին մի վայրկյանում։ Ո՞ւմ էր պետք այդ առանձին պտուտակը, եթե հավաքող գործարանն արդեն փակվել էր։Այդ գործարանները ոչ թե «քանդեցին», այլ դրանք մահացան իրենց մայր կառույցի ԽՍՀՄ-ի հետ միասին։ Այդ գործարանները պահպանելու, վերազինելու և նոր տնտեսական իրողություններին հարմարեցնելու համար ահռելի ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ։ Իսկ պատերազմող, շրջափակված երկրի բյուջեում հազիվ հացի ու զենքի փող էր ճարվում:
2. Իսկ լույսը հողանցելու մասին, անկեղծ ասած, նույնիսկ ամաչում եմ գրել: Սա արդեն ոչ թե պատմության չիմացություն է, այլ մարդկային բացարձակ տգիտության դրսևորում:
Իսկ հիշողության կորստով տառապողների համար. Ատոմակայանը կանգնեցվել է 1989 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո Խորհրդային Միության տարիներին:
Այսինքն Լևոնը ոչ թե փակել էր ատոմակայանը, այլ ժառանգել էր արդեն փակված ատոմակայան։
1993 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց վերագործարկման որոշումը, իսկ 1995 թվականի նոյեմբերի 5-ին վերագործարկվեց:
3. Հետո գալիս է հաջորդ «հանճարեղ» համեմատությունը. «Տեսա՞ք, Ռոբերտի ժամանակ երկիրը ծաղկեց, իսկ Լևոնի վախտ քանդվում էր»։
Իսկ որևէ մեկը փորձե՞լ է հասկանալ, թե ինչ ճանապարհ էր անցել երկիրը մինչև այդ տնտեսական աճը, աշխարհաքաղաքական համատեքստը:
1990-ականները փլուզման, պատերազմի, համաշխարհային քաոսի տարիներ էին։
1994 թվականին հրադադար հաստատվեց, և Հայաստանը հնարավորություն ստացավ կենտրոնանալ տնտեսական վերականգնման վրա։ Սկսվեցին ֆինանսական կայունացման ու կառուցվածքային բարեփոխումները։ Տնտեսական աճը սկսվել էր դեռ առաջին նախագահի իշխանության վերջին տարիներին։
Քոչարյանը ստացավ ոչ թե զրոյից սկսվող երկիր, այլ արդեն հրադադարից հետո վերականգնման ընթացքի մեջ գտնվող պետություն։
Գերտերությունները ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, գտնվում էին հարաբերական «կոնսենսուսի» փուլում։ Տարածաշրջանային խորը հակամարտությունները «սառեցված» էին, սահմաններին հարաբերական անդորր էր, որովհետև 90-ականներին այդ սահմանները արյամբ ու զրկանքներով գծվել էին։ Քոչարյանի շրջանի «տնտեսական աճը» նստած էր 90-ականներին կայացած հաղթանակի և բարենպաստ համաշխարհային քամիների վրա։
Այնպես որ, Քոչարյանի տարիների տնտեսական աճը միայն մեկ մարդու կառավարման հրաշքը ներկայացնելը անհեթեթություն է:
Տունը կառուցելու համար նախ պետք էր հիմքը փորել ցեխի, ցրտի, կռվի ու փլատակների մեջ։ Իսկ երբ հիմքն արդեն դրված էր, ավելի հեշտ էր գալ, պատերին պաստառ կպցնել ու ասել «տեսեք, ես ինչ լավ շինարար եմ, իսկ հիմք փորողները միայն կեղտոտում էին»։
Երբ երկիրդ ավերիչ երկրաշարժի փլատակների տակ է, սահմաններիդ դեմ պատերազմ, տնտեսությունդ կատարյալ բլոկադայի մեջ, նախկին տնտեսական համակարգդ մեռած, իսկ դու այդ ամենի մեջ զուգահեռ զրոյից բանակ ես ստեղծում, պետական ինստիտուտներ հիմնում ու պատերազմ շահում, դա կոչվում է պետականության փրկություն։


