Լևոն Տեր-Պետրոսյան. Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է բացառապես մարդու իրավունքների հարց

Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց։ Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին։
Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը։ Աշխարհը, որն այդքան հոգ է տանում անհատ մարդու իրավունքների պաշտպանությանը, 150 հազար մարդուն մարդ չի համարում։
Դա պարզապես դիտվում է որպես վիճակագրական փաստ, իսկ լավագույն դեպքում՝ ազգային փոքրամասնություն, որի տակ սովորաբար հասկացվում է էքստրատերիտորիալ փոքրամասնությունը։ Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը էթնո-տերիտորիալ միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները։ Հետեւաբար, մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը։
Այլ լուծումները բացառվում են ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների օրգանական անհամատեղելիությամբ, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ կրոնական անտագոնիզմով, ինչպես պնդում են ուրիշները, այլ քաղաքական այն ակնհայտ իրողությամբ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը։
Լևոն Տեր-Պետրոսյան, 2007 թ.