Տիգրան Եգորյան. Առողջապահության ոլորտում առկա են շատ ավելի առարկայական խնդիրներ
Հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, որ ընդհատում եմ առողջապահության ոլորտի «ամենաառանցքային» խնդիրների, այն է՝ ծխելու դեմ պայքարի և շաքարի հարկման ճշգրիտ միջոցների մասին քննարկումները, սակայն կարծում եմ, որ առողջապահության ոլորտում կան նաև այլ առաջնահերթություններ։
Առողջապահության կազմակերպման ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ որոնք շատ ավելի առարկայական և ուղիղ անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են կոնկրետ անձանց առողջության և կյանքի ապահովման հետ, խնդիրներ, որոնց հետևանքով առանձին դեպերում մարդիկ հայտնվում են կյանքի և մահվան պայքարում, և որևէ կերպ հնարավոր չի դառնում պարզել թե ի վերջո ում մեղավորությունն է նրանց՝ այդ հանգրվանին հասցնելու փաստը և բացթողումը: Այդ խնդիրների առաջնահերթությունը չի զիջում այսօր ընթացող վերոգրյալ «ամենաառանցքային» խնդիրներին։
Հիշյալ խնդիրների մի մասն առավել արտահայտիչ կներկայացնեմ մեկ, սակայն ոչ միակ մասնավոր դեպքի ներկայացմամբ.
Զավեն Գրիգորյանը 16.04.2018թ. Բաղրամյան պողոտայում իրականացված խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների («Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ) կիրառման արդյունքում ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ՝ ձախ ոտքի սրունքի բազմաբեկորային կոտրվածք և այրվածք: Հիշյալ վնասվածքից հետո Զավեն Գրիգորյանը վիրահատության էր ենթարկվել․ ոսկորների ֆիքսման և սերտաճումն ապահովելու նպատակով տեղադրվել էր ֆիքսող սարք:
Հետագայում, մի քանի ամիս անց, տարբեր ոլորտային մասնագետների կողմից հետազոտությունների հիման վրա արձանագրվել էր, որ տեղադրված սարքը չէր ապահովել ոսկրերի սերտաճում, և անհրաժեշտություն էր առաջացել երկրորդ վիրահատության, որը կատարվեց 2018թ․ նոյեմբեր ամսին: Հիշյալ վիրահատությունից հետո Զ.Գրիգորյանը բուժման ընթացքում անընդհատյա ցավերի պատճառով ստանում էր ցավազրկող դեղամիջոցներ: Այդ ընթացքում Զ.Գրիգորյանը գանգատվում էր ոտքի ոսկրերը ֆիքսող սարքի շյուղերի անցքերից թարախային արտադրությունից, ի վերջո փետրվարի սկզբին «Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոն» ԲԿ-ում նրան նշանակում են եռօրյա հակաբիոտիկային կուրս։ Ոչ դրանից առաջ և ոչ էլ հետո որևէ լրացուցիչ հետազոտությունն չի կատարվում:
Փետրվարի 22-ին Զ.Գրիգորյանի մոտ նկատվում են մրսածության ախտանիշեր, ինչի կապակցությամբ դիմում է տարածքային պոլիկլինիկա և ստանում է բուժման այնպիսի ցուցումներ, որպիսիք սովորաբար տրվում են սեզոնային վիրուսային հիվանդությունների բուժման համար, սակայն մի քանի օրվա ընթացքում նրա վիճակն էապես վատանում է (նա չի կարողանում սնունդ ընդունել փսխումների պատճառով, սկսվում են սուր ցավեր որովայնի շրջանում):
27-28 Զ.Գրիգորյանը դիմում է շտապ բուժ օգնության, սակայն ժամանած շտապօգնությունը միայն տրամադրում է ցավազրկողներ: Դրանից հետո հաջորդող օրերին ևս մոտ 5 անգամ դիմում է շտապ բուժ օգնության:
01.03.2019թ. Հերթական անգամ շտապ բուժօգնության դիմելուց հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վիրաբույժի զննությունից, սոնոգրաֆիկ և ռենտգեն հետազոտությունների արդյունքում հայտնում են, որ Զ.Գրիգորյանի մոտ չկան տվյալ հիվանդանոցում հոսպիտալիզացնելու ցուցիչներ:
04.03.2019թ. Զ․ Գրիգորյանը հոսպիտալիզացվում է Նորքի ինֆեկցիոն բժշկական կենտրոնում, սակայն որոշ հետազոտություններից հետո 05.03.2019թ. նրան հայտնում են, որ ինֆեկցիոն հիվանդություններ Զավենի մոտ չեն հայտնաբերվել և ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է դիմել գաստրոէնտերոլոգ մասնագետներին:
Այնուհետև Զավենը դիմում է «Միքայելյանի» ավան բժշկական կենտրոն գաստրոէնտերոլոգ մասնագետների։ Կենտրոնում իրականացվում է «կոլոնոսկոպիա» հետազոտությունը և արդյունքում հայտնաբերվում է հաստ աղու բորբոքում, սակայն բժիշկը հայտնում է, որ այն ցավային համախտանիշը, որն առկա է, այլ պատճառ ունի:
Դրանից հետո, մարտի 8-ին կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունը, ըստ որի պատասխանի՝ հայտնաբերվում է ձախ երիկամի բորբոքում, ինչից հետո դիմել ենք համապատասխան մասնագետի «Միքայելյանի» անվան բժշկական կենտրոնում, սակայն մասնագետի գնահատմամբ՝ թեև առկա է երիկամի բորբոքում ցավային համախտանիշը, այն այլ պատճառներ ունի:
Այդ ընթացքում դիմել ենք նաև Զավենին ժամանակին բուժած օնկոլոգ մասնագետին, որը հիմնվելով նախկին հետազոտությունների վրա՝ հայտնել է, որ քիչ հավանական է, որ առկա ցավային համախտանիշը պայմանավորված լինի լեյկոզ հիվանդությամբ:
Զավենի մոտ սուր ցավերն անընդհատյա բնույթ էին կրում, որոնց կապակցությամբ նա անընդհատ ստանում էր ուժեղ ցավազրկողներ:
Զավենի հիվանդությունն այդ օրերին ախտորոշել չկարողացած բժիշկների կարծիքով, անհրաժեշտ է եղել հրավիրել տարբեր նեղ մասնագետների կոնսիլիում և լիարժեք հետազոտություն իրականացնել՝ պարզելու Զ.Գրիգորյանի մոտ առկա առողջական խնդիրները և սուր ցավերի պատճառը, որոնց կապակցությամբ նա անընդհատ ստանում է ուժեղ ցավազրկողներ, սակայն դա այդպես էլ չի կատարվել և հասկանալի չէ այն ընթացակարգը որով այդ ամենը պետք է կազմակերպվի:
Կասկածի տակ դնելով «Միքայելյանի» անվան բժշկական կենտրոնի ուռոլոգ մասնագետի կարծիքը՝ 11.03.2019թ. դիմել ենք «Ավագյան» բժշկական կենտրոն, որտեղ Երվանդ Սերգեյի Հարությունյանը տրամադրել է ուղիղ հակառակ կարծիք և խորհրդատվություն, որի համաձայն՝ Զավենի մոտ առկա է ձախ երիկամի սուր բորբոքում (պիելոնեֆրիտ), անհրաժեշտ է շտապ հոսպիտալացում և համապատասխան հետազոտություններ 24 ժամվա ընթացքում՝ որոշելու համար վիրահատական միջամտության անհրաժեշտությունը, նշանակվել են ռեզերվային խմբի հակաբիոտիկների 5- օրյա ներերակային կուրս: Զավենը հոսպիտալացվել է:
Այս իրավիճակի վերաբերյալ համապատասխան դիմում ենք ներկայացրել առողջապահության նախարարություն՝ խնդրելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար Զավենի առողջական վիճակի պատշաճ և լիարժեք հետազոտությունը լիարժեք ախտորոշումը և համարժեք բուժումը: Զավենը հատուկ միջոցների կիրառման արդյունքում ստացած վնասվածքների արդյունքում կորցրել է աշխատելու հնարավորությունը, կորցրել է աշխատանքը, այդ կապակցությամբ չի ստացել որևէ փոխհատուցում, սնանկացել է և վճարունակ չէ, առողջապահության նախարարությունից խնդրել ենք հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ ապահովել նրա համապատասխան բուժումն անվճար:
Այս պահի դրությամբ (12.03.2019թ.) Զավենը ստացել է հիշյալ հակաբիոտիկային մեկօրյա բուժումը միայն, սակայն «Ավագյան» բժշկական կենտրոնի բժիշկներն առաջարկել են դուրս գրել նրան:
Այսօրվա դրությամբ ևս Զավենը օրվա ընթացքում ունենում է ցավեր, որոնց կապակցությամբ նրան տրամադրվում են ցավազրկողներ: Տնային պայմաններում նա չի կարող ստանալ նշանակված բուժումը, առանց ստացիոնար անընդհատյա բժշկական հսկողության և բուժման, հնարավոր բարդացումների դիտարկման, ինչպես նաև դրանց կապակցությամբ ճշգրիտ և համաչափ միջոցների ձեռնարկման հնարավորությունը խիստ նվազում է, եթե ոչ՝ վերանում: Բացի դրանից, հաշվի առնելով, որ նա չի կարողանում քայլել առանց հենակների՝ բուժման ընթացքում հնարավոր բարդացումների պարագայում հսկայական դժվարություններ են առաջանում, ինչով պայմանավորված նման ծանր վիճակում Զավենի տնային բուժումը հղի է լուրջ վտանգներով:
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ առողջապահական համակարգում ըստ էության բացակայում են այն լուծումները, որոնք պետք է ապահովեն հիվանդի համալիր հետազոտման, ճշգրիտ ախտորոշման և պատշաճ բժշկական օգնության իրավունքները: