Տիգրան Եգորյան. «Դոկտորի և պրոֆեսոր» Վահրամ Դավթի Ավետիսյանի արժեքային պատկերը
Եվ դարձյալ ՍԴ դատավորի նոր թեկնածու Վահրամ Դավթի Ավետիսյանի, մասնավորապես` նրա մասնագիտական և բարոյական հատկանիշների մասին.
Անցած օրերին շատ խոսվեց այս թեկնածուի հոր գործունեությամբ պայմանավորված նրա բարձր դատական պաշտոն զբաղեցնելու կարողության և թույլատրելիության հարցերի մասին: Իհարկե, եղան մարդիկ, որոնք այդպես էլ կարծես չհասկացան, թե այդ հարցն ինչ կերպ է փոխկապակցված թեկնածուի անձնական, բարոյական արժեքների հետ։
Ինչևէ, եթե վերոհիշյալ թեման համարենք բավարար քննարկված և այդ կապակցությամբ թեկնածուին ներկայացման ենթակա հարցերը բավարար հստակ ձևակերպված և անցնենք հենց թեկնածուի գործունեությանն ու կյանքի ընթացքում կայացրած որոշումներին, ապա, անկեղծ ասած, դժվար է կողմնորոշվե,լ թե որն է ավելի մեծ խնդիր հիշյալ թեկնածուի բարոյականության և արժեքային համակարգի տեսանկյունից։
Ասեմ, որ այժմ բարձրացնում եմ միայն այս խնդիրը, քանի որ մյուսները բարձրաձայնելու հարցը բավական բարդ է և անկախ թեկնածուի արժեքային համակարգից, բանական մարդու համար բարդ է խոսել նման հարցերից։ Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ եթե «պրոֆեսորին» բավարարեր նվազագույն տրամաբանությունը չստիպելու նման հարցեր արծարծելու, չնայած կարծես այդպիսի հույսերն անհիմն են։
Այսպես․
Թեկնածուի կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ 2008-2009թթ․ նա ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
Դատական իշխանության Datalex.am կոչվող տեղեկատվական կայքում հասանելի է գործ թիվ N: ԿԴ/0349/02/11-ը, որով կայացված դատական ակտից տեղեկանում ենք, որ 2011թ. Վահրամ Ավետիսյանը դիմել է դատարան և հայտնել, որ ոմն Հրաչյա Ավետիսյանի հետ 2009թ. կնքել է անշարժ գույքի առուվաճառքի մի քանի պայմանագիր և որ նշված պայմանագրերի կնքման պատճառ է հանդիսացել այն, որ ինքը հիշյալ գույքը տվել է վարձակալության, որը կարող էր դիտվել որպես նրա կողմից ձեռնարկատիրական գործունեության ծավալում, ինչը ՈՒՇԱԴԻՐ որպես դատախազության աշխատակցի` օրենքով արգելված է եղել հայցվորին և որ ինքը Հրաչյա Ավետիսյանին գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու որևէ մտադրություն չի ունեցել և գործարքի կնքումից հետո մինչ հայցի ներկայացման օրը շարունակել է իրականացնել նշված անշարժ գույքի սեփականատիրոջ բոլոր իրավազորությունները:
Ինչ է ստացվում. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, լինելով դատախազության աշխատակից և գիտակցելով, որ այդ պաշտոնում չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (վարձակալության հանձնել գույք և ստանալ եկամուտներ), օրենքով նախատեսված սահմանափակումները շրջանցելու նպատակով կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել փաստացի իրականացնելու օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությունը և դրանից ստանալու եկամուտ, ինչը բացի այն որ օրենքի խախտում է (շատ կոնկրետ կոռուպցիոն դրսևորում է), նաև շատ կոնկրետ նկարագիր է անձի բարոյական, անձնական հատկանիշների։
Բայց սա դեռ ամենը չէ․
Քանի որ թեկնածուն «բարձրակարգ իրավաբան» էր, այդ ժամանակ արդեն մի քանի տարի իրավաբանական գիտությունների թեկնածու, որոշել է գործի դնել իր մասնագիտական ծանրակշիռ գիտելիքներն ու հմտությունները և դիմել է դատարան՝ փաստորեն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես գալով: Բայց այս ճանապարհն իհարկե ըստ ամենայնի ընտրվել է հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։
Կարծում եմ, որ նոր երևան եկած այս հանգամանքների լույսի ներքո անելիք ունեն բոլորը.
1. Կառավարությունը պետք է շտկի իր սխալը և ազատի Ազգային ժողովին այս և այլ հարցերի կապակցությամբ քննարկումներ կազմակերպելուց և դեմ քվեարկելուց:
2. Եթե Կառավարությունը չուզենա կամ չկարողանա շտկել իր սխալը, Ազգային ժողովը պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկման առարկա դարձնի այս և դեռ այլ հարցեր և դեմ քվեարկի այս անձի թեկնածությանը:
3. Սրան պետք է հետևեն կոնկրետ հրաժարական/հրաժարականներ այն անձի/անձանց, որոնք կանգնած են այս առաջադրման հետևում:
4. ՀՀ պետեկամուտների կոմիտեն պետք է ստուգի, թե արդյոք այս անձը հիշյալ գույքից ստացված եկամուտներից կատարել է իր հարկային պարտավորությունները:
5. Իրավապահները պետք է գործ հարուցեն և բազմակողմանի քննություն իրականացնեն այս փաստերով (կամ վաղեմության ժամկետի հիմքով «թեկնածուի» առարկության բացակայության պայմաններում, գործը կարճվի):
Սա է մեզ բարոյականության և ժողովրդավարության բարձր արժեքներին համահունչ ապրելու վերաբերյալ խրատող "դոկտորի և պրոֆեսորի" արժեքային պատկերի մի մասը։ ԱՌԱՅԺՄ ․․․
Փաստաբան Տիգրան Եգորյան