Տիգրան Պասկևիչյան. Ստեղծեք ձեր տարբերակը
ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հայաստանում իրավիճակը հանգուցալուծելու մի քանի տարբերակներ կան։ Դիտարկենք դրանք հերթով։
1.Ներկա իշխանությունը ստանում է ծանրակշիռ մեծամասնություն, դարձյալ միանձնյա ձեւավորում է կառավարություն։ Քանի որ նախորդ երեք տարվա ձախողումների եւ աղետի համար ապաշխարանքի ոչ մի խոսք չի հնչել, նորացվածը գնում է նույն ճանապարհով։ Ազատ անկման ռեժիմը շարունակվում է։ Պարտության օգտին քվեարկելու հանգամանքով արտաքին աշխարհի աչքին Հայաստանը դառնում է նվաստապետություն։
2.Ներկա իշխանությունը պարտվում է։ Գալիս է իշխանության Ռոբերտ Քոչարյանը։ Իրավիճակը հարաբերականորեն կայունանում է։ Ազատ անկման ռեժիմը չի փոխվում, փոխվում է անկման արագությունը։ Քանի որ վերջինս կաշկանդված է ՀՅԴ-ի գաղափարական ներկայությամբ, առաջնահերթ են դառնում ոչ թե հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու, այլ կոշտ հռետորաբանությունն ու կորցրածն ամեն գնով հետ բերելու ջանքերը։
Ի դեպ, այս տարբերակում (քանի որ Փաշինյանն արդեն բանտում կլինի, իսկ ՔՊ-ն՝ ցրված), ընդդիմությունը ձեւավորվում է կոալիցիոն սկզբունքով։ Դրա մեջ մտնում են մի կողմից ոչմիթիզականություն դավանող ուժերը, մյուս կողմից՝ եւրոպական ու ՆԱՏՕ-ական հույսեր փայփայողները։
3.Քվեների չնչին տարբերությամբ՝ Ազգային ժողով, մտնում են ե՛ւ ներկա իշխանությունը, ե՛ւ «Հայաստան» դաշինքը, ե՛ւ արբանյակ կուսակցություններ։ Երկուսից մեկը ձեւավորում է [թույլ] կառավարություն։ Բանավեճը ծավալվում է փոխադարձ մեղադրանքներով։ «Դու պարտվել ես, կորցրել ես»,-ասում են քոչարյանականները։ «Բա դու ինչո՞ւ չես հաղթում ու հետ բերում կորցրածը»,-հակադարձում են նիկոլականները։
Դրսի ընդդիմությունը հիմնականում կազմված է լինում ոչմիթիզականություն դավանող ուժերից, որոնք անընդհատ յուղ են լցնում վերը հիշատակված կրակին։ Եւրոպա ու ՆԱՏՕ ձգտող ուժերն արդեն լինում են Եւրոպայում ու ՆԱՏՕ-ում (ոչ ֆիզիկապես, մտոք)։
Այս դեպքում կարեւոր է նշել երկու կողմերի տարատեսակ պոլիտիկանների, պոլիտիկոսների, տարբեր տրամաչափի պատմաբան-փիլիսոփաների անգնահատելի դերը։ Նրանք շարունակում են պնդել, որ Տեր-Պետրոսյանը անցյալի գործիչ է, որ նրա եւ Հայ ազգային կոնգրեսի գաղափարները հնացած են, որ չորրորդ հանրապետությունը երրորդից լավը կլիներ, հինգերորդն ավելի լավը։
Հիմա ընթերցողն՝ իմանալով իմ քաղաքական դավանանքը, չմոռանալով, որ ՀԱԿ-ի ցուցակում զբաղեցնում են դժբախտ 13-րդ տեղը, երեւի սպասում է չորրորդ տարբերակին, ըստ որի վստահության ահռելի պաշարով իշխանության է գալիս Տեր-Պետրոսյանի թիմը, պետական քաղաքականության հիմքում դնում է իրատեսական ձգտումներ եւ հնարավոր լուծումներ, հարեւանների հետ հաստատում է կանոնավոր հարաբերություններ, ստեղծում անվտանգության հավասարակշռված համակարգ եւ այլն։
Բայց ես նման բան չեմ ասելու։ Ավելի ճիշտ՝ ես չէ, որ պիտի ասեմ։ Ստեղծեք ձեր տարբերակը։