Թուրքիան կրկին օդային տարածք չի տրամադրել. Երևան–Փարիզ–Երևան չվերթը չի կայացել

«FlyOne Armenia» ընկերությունը չեղարկել է Երևան– Փարիզ–Երևան չվերթը, քանի որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Հիշեցնենք , որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
Նշենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։