Թրամփի փաստաբանը չեղարկել է Հայաստանում ԵԱՏՄ-ի խորհրդաժողովին մասնակցությունը
ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստանում նախատեսված խորհրդաժողովին իր մասնակցությունը, այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Խոսքը Եվրասիական տնտեսական միության աջակցությամբ Հայաստանում նախատեսված համաժողովի մասին է, որին պետք է հաջորդի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը. դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է azatutyun.am-ը:
The Washington Post-ը նշում է, որ Ջուլիանիի՝ համաժողովին մասնակցությունը չեղարկելու որոշման պատճառը ՌԴ նախագահի հնարավոր մասնակցությունն է:
«Չգիտեի, որ Պուտինը ներկա է գտնվելու», - The Washington Post-ին հայտնել է փաստաբանը և հավելել. «Ավելի լավ է զգուշանալ, քան համարձակություն դրսևորել»:
Ջուլիանին հայաստանյան իր այցը չեղարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին:
«Ես կարծում էի, որ մեկնում եմ Հայաստանի անվտանգության հարցերով համաժողովին», - ամերիկյան պարբերականին ասել է Թրամփի փաստաբանը՝ նշելով, որ չէր ստուգել համաժողովի մասնակիցների ցանկը և օրակարգը:
Կրեմլի կողմից ֆինանսավորվող համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ Երևանում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը նախատեսված միջոցառմանը ակնկալվում է նաև Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մասնակցությունը, ում նկատմամբ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման պատճառով: