Վահան Բադրյան. Ընտրությունների, Հայ ազգային կոնգրեսի, իշխանության և ընդդիմության մասին
Շուտով մոտենում է 2026թ.-ի ընտրությունները։ Չնայած նրան, որ նախընտրական ծրագրերը դեռևս պատրաստ չեն, սակայն, ուշադիր զննելով քաղաքական ուժերի խոսույթը, արդեն իսկ ուրվագծվում են առաջիկա ընտրությունների հիմնական թիրախները։
Ամենից առաջ ուզեմ եմ ասել, որ ընտրության իրավունք և հնարավորություն ունեցող ցանկացած քաղաքացի պետք է բացառի ընտրությանը չմասնակցելը և գոնե պետք է կատարի քաղաքացիական ամենատարրական իրավունքն ու պարտականությունը։ Շատերը գուցե արդարացնեն ընտրություններին իրենց չմասնակցելը, պայմանավորելով այն, քաղաքական դաշտի ողբերգական վիճակով և անվստահությամբ քաղաքական ուժերի հանդեպ։ Սակայն, հարկ է նշել, որ ընտրություններին չմասնակցելով` դուք ոչ միայն չեք փոխի քաղաքական դրությունը և դեռ հակառակը` ձեր անտարբերությամբ կերաշխավորեք դրա շարունակականությունը և դեռ ավելին կլեգիտիմացնեք այն։
Անցնելով բուն նյութին` 2026թ.-ի ընտրությունների հիմնական խոսույթը ձևավորվելու է Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրի շուրջ և դատելով ներկայիս քաղաքականությունից ` իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը փորձելու են վախի և սպառնալիքի միջոցով շահել քաղաքացիների ձայները` ծայրահեղականացնելով իրողությունները և ցեխ շպրտելով միմյանց վրա։
Իշխանության քարոզչությունը հիմնվելու է այն մոլորեցուցիչ թեզի վրա,որ իրենք վերջապես հասել են խաղաղության հայ-ադրբեջանական հարաբերություններում, կարողացել են վարել բալանսավորված քաղաքականություն և պահպանել են ինքնիշխանությունը, և եթե իրենք չընտրվեն այս ամենը, մասնավորապես հայ-ադրբեջանական փխրուն խաղաղությունը հօդս կցնդի։ Հակառակ սրան` խորհրդարանական ընդդիմությունը կպնդի, որ իշխանության վարած կործանարար քաղաքականության հետևանքները միայն իրենք կարող են շտկել, և այսպիսով միակ փրկությունը իրենց ընտրելն է։
Ի՞նչ պիտի անի ՀՀ քաղաքացին այս իրոք որ ողբերգական իրավիճակում։
Առաջին հերջին պիտի մերժի իշխանությանը, որի վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով`
- ա) սկսվել է պատերազմ
- բ) պարտվել ենք պատերազմում
- գ) տվել ենք հազարավոր զոհեր
- դ) ենթարկվել ենք էթնիկ զտման
- ե) կորցրել ենք երեքհազարամյա Արցախը
- զ) միջազգային երաշխիքներով ճանապարհ/միջանցք ենք տվել Ադրբեջանին, դրա դիմաց ստանալով սողացող խաղաղություն
- է) Ադրբեջանը դարձել է Հայաստանում քաղաքական խոսույթ թելադրող լուրջ ուժ (օրինակի համար Սահմանադրության փոփոխության պահանջը)
- ը) Արևմտյան Ադրբեջանի և երեք հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձը դարձել է նոր սպառնալիք մեր պետականության համար և ստեղծել է գոյութենաբանական խնդիրներ։
- Եվ երկրորդ հերթին պետք է մերժի խորհրդարանական ընդդիմությանը, որի վարած քաղաքականության արդյուքնում`
- ա) վերոնշյալ ուժերը եկել են իշխանության
- բ) երկիրը ենթարկվել է համակարգային թալանի
- գ) մերժվել է խաղաղության օրակագը
- դ) ճնշվել են ժողովրդի արդարացի ընդվզումները (օրինակի համար մարտի 1-ը)
- ե) սահմանափակվել է ազատ խոսքի իրավունքը
- զ) պետական արժեքներին փոխարինելու են եկել քրեական գաղափարները
- է) 2020թ.-ի պարտությունից հետո նրանք են երաշխավորել իշխանության վերարտադրությունը։
Ուրեմն ի՞նչ է մնում անելու ՀՀ քաղաքացուն։ Մնում է ընտրել մի ուժի, որի համար առաջնային նպատակն է ոչ թե իշխանության հասնելը, այլ երկիրը կործանարար այս աղետից փրկելը։
Ես` որպես ՀՀ քաղաքացի, ով 2026-ին կունենա ընտրելու իրավունք իմ ձայնը ու քվեն տալու եմ Հայ ազգային կոնգրեսին, քանզի հենց նրանք էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, առաջ էին մղում խաղաղության օրակարգը, վարում էին բալանսավորված արտաքին քաղաքականություն, փորձում էին ամրապնդել և ինստիտուցիոնալացնել ժողվրդավարությունը Հայաստանում, և նրանք են, որ այսօր առաջարկում են խաղաղության արժանապատիվ ծրագիր, որի երաշխիքները կախված չեն ո'չ Ադրբեջանի բարեհաճությունից և ո'չ էլ օրվա իշխանությունից։ Կոնգրեսի ծրագիրը (որքանով որ ես եմ հասկանում) , հիմք ընդունելով օգոստոսի 8-ի համաձայնագիրը որպես իրողություն, առաջարկում է օգտագործել այն ի շահ մեզ և ներգրավելով այդ ծրագրում ոչ արևմտյան (Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան , Իրան) լուրջ խաղացողներին ` հավասարակշռություն մտցնել արևմտյան և արևելյան բևեռների միջև, դրանով իսկ սահմանափակելով ` Ադրբեջանի օր օրի սաստկացող պահանջները և մոնոպոլիան այդ ճանապարհի նկատմամբ։
Հարկ եմ համարում նշել` այս ծրագիրը կապահովի ոչ թե կարճաժամկետ և պատեհականությամբ ընձեռնված խաղաղություն, ինչպիսին որ ունենք այսօր, այլ ռազմավարական և երկարաժամկետ խաղաղություն, որի հիմքում կլինի հավասարակշռությունը քաղաքական բևեռների միջև։ Ես կատարել եմ իմ ընտրությունը` առաջնորդվելով ողջախոհությամբ, և վստահ եմ, որ «ողջախոհության ճրագը մեր երկրում չի' մարի»։


