Վարդան Հարությունյան. Դուք բոլորդ եք մեղավոր
Դուք շատ եք։ Դուք բազմազան եք ու բազմակարծիք։ Իրար դեմ պայքարող ու իրար հետ անհամաձայն եք։ Շատ դեպքերում իրար չեք հանդուրժում, բայց մի հարցում միակարծիք եք՝ մինչեւ 1998-ը Հայաստանի իշխանությունները եղել են ապազգային ու պարտվողական։
Ինչո՞ւ։ Շատ պարզ պատճառով՝ նրանք հակամարտությունը փոխզիջումներով լուծելու կողմնակիցներ էին, հարեւանների հետ խաղաղ համակեցության ուղիներ էին որոնում եւ օր առաջ պատերազմի վերջակետը դնել էին ցանկանում։ Իսկ խաղաղությունից, համակեցությունից ու փոխզիջումներից, ձեր համոզմամբ, միայն պարտվողականը կխոսի։
1998-ից Հայաստանում դուք եք։ Ձերն է եղել ամբողջ իշխանությունը։ Իշխանությունից դուրս գտնվող դաշտի հսկայական հատվածը կրկին ձերն է եղել։ 2018-ի հեղափոխություն անվանվող զարգացումներն այս հարցում փոփոխություններ չբերեցին։ Նոր իշխանությունները, որքան էլ անսպասելի էր, ձեր ճանապարհով գնացին։
Դաշտում էլի դուք էիք։ Դուք, որ պնդում էիք՝ «ոչ մի զիջում ու ոչ մի թիզ հող թշնամուն»։ Դուք էիք, որ իրատեսությունը պարտվողականություն եք համարել ու համարում, որ մերժում էիք ու շարունակում եք մերժել հարեւանի հետ զրույցը։ Հաշտության անհրաժեշտության մասին ցանկացած խոսք ձեր թունոտ արձագանքին է արժանանում։ Թշնամի են, պնդում եք, իսկ թշնամու հետ, համոզված եք, չեն խոսում։
1998-ին դեմ էիք խնդիրը փոխզիջումներով լուծելու ծրագրին։ Հայտարարում էիք, թե ապահովելու եք Հայաստան + Ղարաբաղ + գրավյալ տարածքներ։ 23 տարի անընդհատ կրկնում էիք՝ Արցախի հարց այլեւս չկա։ Դուք, իբր, հակառակորդին վերջնական պարտության եք մատնել ու լուծել եք այն։ Ո՞ւր են ձեր խոստացած տարածքները, ձեր խոստացած Արցախն ո՞ւր է։ Ո՞ւր է այն Հայաստանը, որ կար 1998-ին։
Դուք հաստատվել ու ինքնահաստատվել եք Արցախի խնդիրը շահարկելով։ Ի՞նչ էիք մտածում, երբ իրատեսությամբ առաջնորդվել առաջարկողներին մերժում էիք։ Ի՞նչ էիք մտածում դուք՝ իշխանավորներդ ու իշխանությունից դուրս գտնվող իշխանամետներդ ու ընդդիմադիրներդ, բոլորդ, որ մաքսիմալիստական դիրքերից էիք հանդես գալիս, որ փոխզիջումներ նախատեսող բանակցությունները, հաշտությունը եւ խաղաղությունը մերժում էիք, որ հոխորտում էիք, թե նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ եք գրավելու, որ պատերազմից չէիք վախենում։
Ինչո՞ւ էր ձեզ թվում, թե հակառակորդը ձեռքերը ծալած կնստի ու հափշտակված կդիտի, թե ինչպես եք դուք խրոխտ, անզիջում ու անպարտելի խաղում։
Ձեր հասունացրած պատերազմն է մեզ պարտություն բերել։ Կորցրել ենք ամբողջն ու կորցնում ենք դեռ։ Դուք եք ձեր արկածախնդրությամբ բերել մեր այս տխուր այսօրը։
Թվում էր՝ պատերազմն ու պարտությունը սթափվելու լավ առիթներ են, կսթափվեք նաեւ դուք, ավելի խոհեմ կդառնաք, կհիշեք՝ ինչ էիք խոսում, ինչ էիք խոստանում եւ ինչի հանգեցրիք, կանդրադառնաք ձեր քայլերին ու ձեր սխալները կտեսնեք, բայց շարունակում եք նույն ոգով ու նույն ամբարտավանությամբ։ Պատերազմն ու պարտությունը ձեզ չեն սթափեցրել։
Այսօրվա իշխանություններին, որ ձեր ճանապարհն են շարունակել, որ ձեր կարգախոսներով են առաջնորդվել, որպես միակ մեղավոր մատնացույց անելով՝ պնդում եք, թե անմեղ եք դուք։ Սթափվել, սեփական սխալները գիտակցել չեք ցանկանում։ Չեք էլ կարող։ Սեփական սխալները տեսնելու, դրանք հասկանալու, դրանցից հետեւություններ անելու համար շրջահայացություն ու խոհեմություն է պետք, որոնք չեք ունեցել ու չունեք։ Սեփական սխալները հասկանալ ու ընդունել կարողացողների դասին չեք պատկանում։ Ձեր սխալի հետեւանքների պատասխանատվությունը դուք երբեք չեք ստանձնի։ Դուք ձեր «ճշտի» տերն եք։ Այդպես՝ առանց ծանրության ու առանց պատասխանատվության ապրելը հեշտ է։
Վարդան Հարությունյան
«Ալիք Մեդիա»