Վերադարձ (տեսանյութ)
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում ներդրեց քաղաքական գործիչների մոտ հազվադեպ պատահող որակներ։ Բարդագույն իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունը նրան հնարավորություն տվեց ապահովելու երկրի առաջընթացը վերջինիս պատմության ամենադժվար եւ ճգնաժամային պահին։ Նրա դատողականությունն ու մարդկային զգայականությունն էին, որ հանդիսացան Նոր հանրապետության կառուցման հիմնասյուները։ Լեւոնը քաղաքական լեզվի համար արեց այն, ինչ Մեսրոպ Մաշտոցն արել էր խոսակցական հայերենի պարագայում։
Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնակարգ դերը Ղարաբաղյան շարժման մեջ եւ 1991-ի հոկտեմբերին նրա հաղթական ընտրությունը Նախագահի պաշտոնում, մեկնարկը դարձան երկրի զարգացման առաջին տասնամյակի։ Թեեւ կաշկանդված պատերազմով եւ դժվարին կացության մեջ հայտնված տնտեսական ճգնաժամի պատճառով, նրա վարչակազմը երկիրն առաջնորդեց դեպի բարեհաջող ընդգրկում ազատ պետությունների ընտանիքում։ Թե՛ որպես պատերազմի հերոս, թե՛ որպես ժողովրդավարության ճարտարապետ, Տեր-Պետրոսյանը ետխորհրդային Հայաստանի համար եղավ այն, ինչ Հայկը երկրի հիմնադրի դերում։
Թեեւ շատերը կնախընտրեին իրենց հանգիստը վայելել կուլիսների հետեւում, Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադրմամբ քաղաքականություն վերադառնալու նրա խիզախ որոշումը, թեկուզ հաջողության հասնելու անհստակ հեռանկարով, ահազանգ դարձավ նրանց համար, ովքեր շեղվել էին ժողովրդավարության ճանապարհից։ Ու թեեւ նրա Շարժումը չվայելեց իր վաստակած հաջողությունը, սակայն այն, անկասկած, փոխեց ներկա դարի առաջին տասնամյակի քաղաքական հունը։
Լեւոն Տեր-Պետրոսյանին ես հանդիպել եմ միայն երկու անգամ, բայց հրաշալի հիշում եմ նրա տպավորիչ ներկայությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր առումներով։ Յոթ լեզուների տիրապետումը նշանակալի վկայությունն է նրա մտահորիզոնի լայնության։ Շեքսպիրի եւ Մոլիերի լեզուներով Շառլ Ազնավուրի կազմած բառախաղի հետեւողությամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն «ինձ համար բացառիկ է (formidable)»։ Մտահոգված կառավարման բարելավմամբ՝ նա, իր իսկ արտահայտությամբ, փնտրում էր ոչ թե խոսքեր ու ճառեր, այլ գործողություններ։ Միջազգային լիբերալ քաղաքականության մեջ նա հիշվելու է որպես ազատական արժեքների համար պայքարի քաջարի մարտիկ։ Իսկ իր հայրենակիցների համար, կասկած չունեմ, նա մնում է որպես Լիբերալ ներշնչանքի աղբյուր.
Գրահամ Ուոթսոն, Եւրախորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների հանուն Եւրոպայի դաշինք (ALDE)» խմբակցության ղեկավար (2002–2009 թթ.), «Լիբերալների եւ դեմոկրատների հանուն Եւրոպայի դաշինք (ALDE)» կուսակցության նախագահ (2011–2015 թթ.)։
Տեսանյութում՝ հատվածներ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից. 2007-2013թթ.