«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. Վերջին հոդվածիս «հետգրության» փոխարեն

Աշոտ Սարգսյան. Վերջին հոդվածիս «հետգրության» փոխարեն

Վերջին հոդվածիս «հետգրության» փոխարեն

Մի քանի օր առաջվա վերջին հոդվածս «Հրապարակում» («Խոսրով Հարությունյանը ստում է, կեղծում մեր ոչ վաղ անցյալի պատմությունը») հրապարակեցին եւս երեք կայք՝ «Առավոտ», , «Իլուր», «Նյուզլայն», իսկ «Ալիք մեդիան» ծանուցում դրեց  դրա մասին (հղումները տե՛ս մեկնաբանություններում)։

Ստացածս գրավոր եւ բանավոր մի քանի տասնյակ արձագանքները միայն դրական էին։ Դրական արձագանքող ընկերներիցս մեկը միաժամանակ այսպիսի հարց տվեց. «Բայց մեծ (նկատի ուներ՝ տարիքով) մարդ է, ճիշտ չէ՞ր լինի այդքան կոշտ որակումներ չօգտագործել»՝ նկատի ունենալով «ստելը», «կեղծելը», «անամոթաբարը», «բարոյականություն չունենալը»։

Հոդվածիս վերջում երկու տողով կարճ մի «Հետգրություն» ունեի, որում բացատրում էի այդ «կոշտության» պատճառը։ Վերջին պահին դա հանեցի, քանի որ երկու տողով այդ բացատրությունը սպառիչ ու համոզիչ չէր լինում։

Ամեն անգամ, երբ առիթ է լինում ինչ-որ բան գրել պատմության կեղծման, խեղաթյուրման, պատմական իրողությունների ուրացման մասին, հիշում եմ Սերվանտեսին վերագրվող խոսքը (որ եւ մի քանի անգամ նման առիթներով օգտագործել եմ). «Պատմության կեղծարարներին պետք է կախել, ինչպես կեղծ դրամ կտրողներին»։

Դեռ միջնադարում ձեւավորված այս միտքը կարելի է համարել պետական մտածողության մի բարձրակետ, որ այսօր էլ չի կորցրել իր այժմեականությունը եւ կարող է մնալ հենց այդպիսին, (անշուշտ, այսօրվա պատժամիջոցների կիրառմամբ)։

Քրեական հանցագործություններից ամենածանրը համարելով՝ մեր Սահմանադրության մեջ (հաստատ` նաեւ ուրիշների) առանձին հոդվածով նշված է միայն մեկը՝ «իշխանության յուրացումը», եւ այն էլ «Սահմանադրական կարգի հիմունքներ» առաջին՝ կարեւոր բաժնում (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2)։ Ինչո՞ւ է սահմանադիրը որպես ամենածանր հանցագործություն սա առանձնացրել։ Պարզ պատճառով. իշխանության յուրացման հետեւանքը լինում է ոչ օրինակարգ (ոչ լեգիտիմ) իշխանության հաստատումը. որեւէ պետականություն չի կարող գոյատեւել, երբ իշխանափոխության այս մեթոդը դառնում է պերմանենտ, շարունակական, ուստիեւ՝ դա դիտվում է որպես պետականության հիմքերը խարխլող գործոն՝ արժանի ամենախիստ պատժի։ Սա շատ հին ընկալում եւ նորմ է, թերեւս, տարեկից` մարդկության պատմության մեջ առաջին պետական միավորների առաջացմանը։

Նման՝ պետականության հիմքերը խարխլող հանցանք է համարվել նաեւ դրամանենգությունը։ Եւ սա էլ շատ հին է, այս դեպքում՝ տարեկից պետությունների կողմից առաջին անգամ դրամ հատելու ժամանակներին։ Դրամանենգության համար բոլոր երկրներում, նաեւ Հայաստանում, հնում ամենախիստ պատիժ՝ ընդհուպ մահապատիժ էր սահմանվում։ Եթե հիմա այն սահմանադրական նորմի աստիճանի չի բարձրացվել, սակայն Քրեական օրենսգրքերում դրա համար մինչեւ 12 տարի ազատազրկում է սահմանված (ՔՕ, հոդված 267)։

Սերվանտեսին վերագրվող խոսքից պարզվում է, որ դեռ միջնադարում գիտակցվել է նաեւ պատմության կեղծման հանցանք լինելը եւ այն հավասարեցվել է դրամանենգության հանցանքին։ Հիմա դա այդպես չէ. որեւէ օրենսգրքում չեք գտնի պատմության կեղծման դեմ որեւէ հոդված։ Պատմության կեղծարարությունը տեղափոխված է բարոյական հարթություն, այդ հարթության վրա է դատապարտման արժանանում (չնայած՝ դեռ կան պատմական փաստեր, որոնց ժխտումը կամ ուրացումը քրեականացված է տարբեր երկրների օրենքներով, օրինակ՝ հրեական Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը)։ Սակայն դա ամենեւին չի նշանակում, թե պատմության կեղծումը դադարել է նույնպիսի պետականաքանդ գործոն լինել նաեւ այսօր (ինչպես որ գնահատվել է դեռ միջնադարում)՝ իր կործանարարությամբ հավասարազոր «իշխանության յուրացմանը» եւ «դրամանենգությանը»։

Ընդ որում՝ կարեւոր չէ, թե ով է կեղծում պատմությունդ։ Ավելին՝ եթե կեղծում են ուրիշները, դա արդարացիորեն դիտարկվում ոչ թե բարոյականության հարթության վրա դատապարտելի, այլ  քաղաքական հարթության վրա՝ որպես թշնամական գործողություն։  Սակայն հարյուրապատիկ ավելի վտանգավոր է, երբ ինքդ ես կեղծում սեփական պատմությունդ։ Եւ կապ չունի, թե ինչ ուղղությամբ՝ այն նսեմացնելով, թե՞ «հայրենասիրական» մղումով պանծացնելով։ Առաջին դեպքում դրանով քո ազգին, հասարակությանը մղում ես սեփական ուժերի թերագնահատման, անգործության ու անզորության բարդույթի, երկրորդ դեպքում՝ իր ուժերի գերագնահատման, չհաշվարկված քայլերի, կործանարար արկածախնդրության։

Պատմությունը միայն հարյուր, հազար, երկու հազար տարի առաջ տեղի ունեցածը չէ։ Այսօր արդեն պատմություն է երեկվա օրը, մեկ տարի, տասը տարի, 30 տարի առաջ տեղի ունեցածը։ Եւ որքան ավելի ժամանակով մոտ շրջանի պատմությունն է կեղծվում, այնքան ավելի վտանգավոր են դրա քաղաքական հետեւանքները։ Այնքան ավելի վտանգավոր են, քանզի  ավելի շատ դրանով են ձեւավորվում այսօրվա մարդու պատկերացումները, հասարակական մթնոլորտը։ Իսկ հասարակական մթնոլորտն այն հիմքն է, որը պայմանավորում, հնարավոր է դարձնում իշխանության, քաղաքական ուժերի գործողությունները, դրանց բնույթն ու ուղղությունը։ Իրավիճակին համարժեք հասարակական մթնոլորտը նպաստում է իրատեսական ու հաշվարկված քայլերի, փակում արկածախնդրության ճանապարհը եւ բերում հաջողություններ, իրավիճակին ոչ համարժեք, խեղաթյուրված կեղծ պատկերացումները պարարտ հող են ստեղծում արկածախնդրության, աղետներ բերող քայլերի ու ընթացքի համար։

1988-1998 թթ. տասնամյակը իր որակներով ու գրանցած քաղաքական արդյունքներով հավասարը չունի մեր պատմության առնվազն վերջին հազարամյակում - եւ դա ոչ մեկը չի կարող վիճարկել։ Երեկվա, մեկ, հինգ, տասը տարվա իրողությունների կեղծման, ստի ու դրանց հետեւողական քարոզի միջոցով ձեւավորված հասարակական մթնոլորտում, սակայն, որպես նույն տասնամյակի բնութագրիչներ առաջնային էին դարձել «ցրտի ու խավարի տարիները», «հոսանքը հողին տալը», «ատոմակայանն» ու «Նաիրիտը» փակելը, «մազութը լափելը», «գործարանները փակելը», «Ղարաբաղը ծախելը» ու տասնյակ նմանօրինակ այլ անհեթեթություններ։ Հասարակական պատկերացումների այս մթնոլորտում էր ահա, որ հնարավոր դարձավ 1998-ի ազգակործան պետական հեղաշրջումը։ Եթե հասարակական մթնոլորտը ձեւավորված լիներ անցած նույն այդ տասը տարվա իրական պատմությամբ ու դրան արժանի գնահատականներով՝ ոչ մի «գերհայրենասեր» Վազգեն Սարգսյան, ոչ մի «գավառական հայրենասեր» Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան (իրականում հանուն իրենց ամբիցիաների, եսակենտրոնության ու ընչաքաղցության) չէին համարձակվի դեմ գնալ նման քաղաքական արդյունքներ գրանցած Հանրապետության նախագահի հերթական տրամաբանական եւ իմաստուն քայլին, առավել եւս չէին համարձակվի պահանջել նրա հրաժարականը։

Եւ այդ դեպքում հնարավոր չէր լինի ո՛չ դրան հաջորդած, երկիրը դաժանորեն թալանած, տարած հաղթանակների արդյունքները մսխած 20-ամյա ավազակապետությունը Ռ. Քոչարանի ու Ս. Սարգսյանի գլխավորությամբ, ո՛չ մանր ու մեծ ժուլիկություններով սրանց փոխարինած Ն. Փաշինյանի «ժուլիկապետությունը»։ Չէին լինի վերջին 25 տարիներին սահմաններին, մանրումեծ դիվերսիաների, 2020 թ. 44-օրա պատերազմում ու հաջորդած տարիներին հազարավոր զոհերը, ահռելի աղետներ կրած Արցախն ու Հայաստանը կանգնած չէին լինի դեռ սպասվող նոր աղետների շեմին։ Չէր լինի հսկայածավալ արտագաղթը, Հայաստանը մոտ կլիներ 5 միլիոն բնակչություն ունենալուն՝ մի քանի անգամ ավելի բարձր կենսամակարդակով, տնտեսական ու ռազմական հզորությամբ։ Իսկ 3000 տարվա հայկական Արցախն, իրոք, իր համար ապահոված կլիներ նաեւ հաջորդ 3000 տարում սեփական հողի վրա ապրելու հնարավոր ամենավստահելի միջազգային եւ ներքին երաշխիքներն ու ռեսուրսները։

Անհատական կամ խմբակային ի՞նչ մակարդակի դավաճանություն պետք է լիներ, որ այսպիսի հետեւանքներ ունենար...

Հիմա, պատմությունը կեղծելը (կարեւոր չէ՝ դետալներում թե ամբողջությամբ), որպես այս ամենի ընդհանրական հիմք եւ պատճառ՝  կարո՞ղ է գնահատվել ու դատապարտվել միայն բարոյական հարթության վրա։ Կործանարար նման հետեւանքներով հղի երեւույթը ինչո՞վ է զիջում «իշխանության յուրացման» ու «մաքսանենգության» հանցագործություններին։ Գուցե նույնիսկ գերազանցում է։

Ահա, այս՝ ոչ թե բարոյական, այլ քաղաքական հարթության վրա պետք է գնահատել պատմության կեղծումը, անկախ այն բանից՝ դա անում է լրագրողը, քաղաքական վերլուծաբանը, նախկին պաշտոնյան, թե գիտնական ակադեմիկոսը։ Քանզի դրա հետեւանքները ոչ թե բարոյական, այլ խիստ քաղաքական են՝ ինչպես իշխանության յուրացման եւ դրամանենգության դեպքում, ու իրենց կործանարարությամբ առնվազն սրանց հավասար։

Ուստիեւ՝ մեր վերոհիշյալ հոդածում Խոսրով Հարությունյանի (եւ պատմության կեղծարարության դիմող յուրաքանչյուրի) համար օգտագործած, կոշտ թվացող՝ «ստելը», «կեղծելը», «անամոթաբարը», «բարոյականություն չունենալը» շատ նուրբ մեղմասացություններ են։ Եւ այդ մեղմասացություններին դիմել եմ ոչ թե նկատի ունենալով նրա տարիքը, այլ խնայելով ընթերցողի լսելիքը եւ հարգելով հրապարակային խոսքի կոռեկտության սահմանները։

ՀԱԿ վարչության անդամ, պատմաբան Աշոտ Սարգսյան