Վեթինգ․ Մարտի 1-ի գործով դատավորները՝ Ալեքսանդր Ազարյան
Forrights.am-ը գրում է. ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նպատակադրվել են վեր հանել «Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների անունները և նրանց պատասխանատվության կանչելու իրավական գործընթաց սկսել:
Առնվազն 35 դատավորների կայացրած ակտերն են լինելու ուսումնասիրության ծիրում:
Ալեքսանդր Ազարյանը, որը 2018-ին Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, Մարտի 1-ով ամենաակտիվ դատավորներից է: Որպես նախագահող դատավոր լսել է Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի գործերը:
Մարտի 1-ից 12 տարի անց ՀՀՇ-ի Հրազդանի տարածաշրջանի շտաբի ղեկավար Արամ Բարեղամյանը բարկանում է, երբ նրան հարցնում են՝ արդյո՞ք չի կարող մարդկայնորեն ներել իր գործով վճիռ կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանին:
«Իսկ կա՞ քաղբանտարկյալներին ապօրինի դատապարտողներից մի դատավոր, որը նրանցից ներողություն է խնդրել: Դուք լսած կա՞ք նման դատավորի մասին, — հարցնում է, — Եթե նրանք ընդունակ չեն ներողություն խնդրելու, ես էլ չեմ պատրաստվում ներել»:
Արամ Բարեղամյանին ձերբակալել են հիվանդանոցում՝ ջարդած գլխով: Նա Ազատության Հրապարակում ոստիկանական մահակներով առաջին ծեծվածներից է եղել: «Ինձ ուղեղի ցնցումով, արյան մեջ տեղափոխել են հիվանդանոց: 7 օր քրեականի տղաները հետս պարկած էին: Ապաքինվել եմ բանտում: Հիշում եմ, որ մի ամիս անցել էր, դեռ գլխիս կարերը չէին քանդել: Եվրոպական կառույցներից եկան, նոր էդ հանդիպումից առաջ խուճապահար կարերս տարան, քանդեցին, խուճապահար կարերը քանեցին ու հինգ րոպե հետո հանդիպել եմ եվրոպական կառույցներին, ամեն ինչ ասել եմ նրանց», — հիշում է Բարեղամյանը Forrights.am— խնդրանքով:
Բարեղամյանին դատապարտել են 6 տարվա ազատազրկման մեկ ոստիկանի ցուցմունքով՝ Գարեգին Քամալյանի:
«2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ», — գրված է մեղադրականում:
«Անմիջապես ցուցմունք գրելուց հետո նրան տարան Էջմիածնի ՄՌՈՒ-ի պետ, հենց ցուցմունքը տվեց, պաշտոն տվեցին, գոնե մի քիչ սպասեին ձևի համար: Հետաքրքիր ա, որ էդ նույն մարդը 2018 թվականին ՀՔԾ-ում հարցաքննվեց ու ասեց, որ չի պնդում իր ցուցմունքը», — ասում է Արամ Բարեղամյանը:
Ալեքսանդր Ազարյանը նրա մեջ տպավորվել է իր մերժումներով:
«Դա դատավարոթյուն չէր: Ինչ ասում էինք, մերժում էր: Մի ոստիկանի ցուցմունքով դատեց: Ընդեղ դատավոր չկար: Ասում էի՝ լավ, պարոն դատավոր, հարգելի դատարան, էդ ամբողջ Ազատության հրապարակում մի մարդ չկար, որ տեսներ, թե ես հարվածել եմ, գոնե մի մարդ: Նրա համար կարևոր չէր, ինչ ենք ասում: Նա չէր էլ լսում: Պետք էր արագ գործը վերջացներ: Ասել էին՝ պետք է դատվի ու վերջ: Ինձ այդպես էլ ասեց քննիչը՝ Արիս Երեմյանն էր ՀՔԾ-ի իմ քննիչը՝ դու պետք է դատվես: Հիմա ընտանիքով գտնվում է արտերկրում: Ինձ ասում էր՝ եթե ես քրեական հոդվածները չշարեմ, էս Հյուսիսայի պողոտայում ինձ «զաստավիտով» տուն առնել են տվել, հիպոտեկով, պետք է փակվեմ, երեխեքս իրավաբանական են սովորում, պետք է ավարտեն, գործի դնեմ, եթե ես քո վրա գործ չսարքեմ, ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Այդպես էլ ասում էր: Հիմա ասում են՝ ներեք, ի՞նչը ներեմ»:
Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով 2020թ. հունիսին վճռաբեկ դատարանը բեկանել է Արամ Բարեղամյանի առաջին եւ վերաքննիչ ատյանների ակտերը:
Ամբողջական՝ սկսզբնաղբյուրում