«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վրացի պատգամավորներն արձագանքել են Դանիլովի հայտարարությանը, իսկ պաշտոնական Երևանը լռում է

Վրացի պատգամավորներն արձագանքել են Դանիլովի հայտարարությանը, իսկ պաշտոնական Երևանը լռում է

Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեն մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը, փոխանցում է Грузия-Online-ը:

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում ինչ-ինչ առումով բացահայտվել է Վրաստանի հետ կապված որոշակի դժգոհության իրական դրդապատճառը: Ինչպես կարծում է Սարջվելաձեն, որեւէ արդարացում չկա այն կոչերին, որ Վրաստանը հիմա պատերազմ սկսի:

«Տվյալ դեպքում դժգոհության իրական պատճառը ոչ թե պատժամիջոցներն ու հայտարարություններն են, այլ, կարծես թե, դրդապատճառը կապված է եղել այն բանի հետ, թե ինչ կարող է լինել. Վրաստանը ինչ-որ կերպ կներքաշվի ռազմական արկածախնդրությանը և այդպիսով որեւէ օգնություն կցուցաբերի Ուկրաինային: Շատ կարեւոր է նշել, որ դա որեւէ կերպ չի օգնի Ուկրաինային, դա սխալ է: Երկրորդ, ինչը նույնպես կարեւոր է, չկա որեւէ արդարացում և պատճառ Վրաստանին ուղղված՝ պատերազմ սկսելու կոչերին: Դա բնավ Վրաստանի շահերից չի բխում»,- ասել է Սարջվելիձեն:

Դանիլովի հայտարարության առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաեւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլազ Սամխարաձեն:

«Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին եւ ուրիշ երկրներին, որպեսզի ավերվե՞ն մեր քաղաքներն ու գյուղերը, զոհվե՞ն մեր կանայք եւ երեխաները: Իսկապե՞ս»,- գրել է Սամխարաձեն:

Նշենք՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։
Ինչպես տեղեկացնում է ուկրաինական Pravda կայքը, այդ մասին Դանիլովը հայտարարել է հեռուստամարաթոնի եթերում։

«Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը իր տարածքում ռազմական դրություն մտցրեց, կարող եմ ասել՝ այնտեղ իրոք իրադարձություններ են տեղի ունենում»․-ասել է նա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում «Բայրաքթարներ» են աշխատել։

Նշենք նաև, որ պաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանել Դանիլովի հայտարարությունը:

Հիշեցնենք՝ մարտի 25-ին ուկրաինայի Գերագույն Ռադայի Twitter-ում հայտնվել էր հետևյալ գրառումը. «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորների Ուկրաինա ուղարկելու հնարավորությունից», ուղեկցվում է հավանության լայքով։ Ավելի ուշ այս թվիթը ջնջվեց: