« Խաչատուր Սուքիասյանի պահվածքը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր»

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի, 24 սեպտեմբերի, 2023թ., Ստեփանակերտ, Արցախ
Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել:
Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:
Այս հայտարարությամբ Սուքիասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին:
Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր:
Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…
«Պատգամավոր Սուքիասյանին ցույց տվեք այս լուսանկարը` Ստեփանակերտի գերեզմանոցը, որտեղ մարդիկ շփոթահար մտածում էին` հուղարկավորե՞լ իրենց սիրելիներին, թե՞ մարմինները տեղափոխել Հայաստան։
Դուք կարո՞ղ եք երեք օր շարունակ մեքենայով ճանապարհ անցնել` ձեզ հետ տանելով աշխարհում ձեր ամենասիրելի մարդու մարմինը։ Մարմինը մարդու, որի մահը դեռ չեք հասցրել սգալ։
Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան։
Դուք կարո՞ղ եք նույն մեքենայում տեղափոխել աշխարհում ձեզ մնացած ամեն ինչը` ձեր միակ տնից վերցրած վերջին մասունքներն ու ձեր միակ երեխայի դիակը, որի մահվանը դեռ չեք հասցրել հավատալ։
Պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Ալեն Սիմոնյանին ու նրանց ենթակա թունավոր լրատվամիջոցների աշխատակիցներին գուցե առաջարկենք` փակվել մի սենյակում ու էկրանի վրա միացնել մեկ օրում զոհված հարյուրավոր արցախցիների պատմությունները։ Միացնեն պատմությունն Ալլա Ստեփանյանի, որը մեկ օրում կորցրեց իր երկու որդիներին, իր տունը, իր Արցախը, ու այսօր միայնակ ապրում է Երևանում։ Ձեզ հետ նույն քաղաքում։ Գուցե դուք պարզապես տեղյա՞կ չեք։
Ի՞նչ թունավոր հիպնոս է դա, որի մեջ դուք ապրում եք։ Ինչո՞ւ եք այդ թույնը տարածում ձեր շուրջը։ Ինչո՞ւ եք խելագարության հասցնում մարդկանց։ Ո՞րն է ձեր նպատակը։ Ձեր միակ մարմնի փրկությո՞ւնը։
Դուք իրո՞ք չգիտեք, որ ձեր մարմինը մի օր, միևնույն է, մեռնելու է։ Ի՞նչ է մնալու ձեզնից հետո։ Ձեր ցանած թո՞ւյնը։ Այդ թույնի վրա ի՞նչ է աճելու։ Ձեզնից հետո ի՞նչ է աճելու ձեր թունավորած հողի վրա...», ֆեյսբուքի իր էջում գրել է Լիլիթ Բլեյանը: