«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 69. Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Newsweek» շաբաթաթերթի թուրքական տարբերակի թղթակցի հետ

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 69. Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Newsweek» շաբաթաթերթի թուրքական տարբերակի թղթակցի հետ

Սկիզբը՝ այստեղ

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 69
Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը  «Newsweek» շաբաթաթերթի թուրքական տարբերակի թղթակից Սեմին Գյումուշելիի հետ (1 դեկտեմբերի, 2008թ.)

– Պարոն նախագահ, ինչպե՞ս եք  գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական ակտիվության ներկա մակարդակը:

–  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական ակտիվության ներկա մակարդակը հիշեցնում է 1991–1993թթ. վիճակը։ Այն ժամանակվա պես, այսօր էլ կողմերը դրական ազդանշաններ են հաղորդում միմյանց, պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բարիդրացիության հաստատման առաջին փորձը, ինչ‑ինչ պատճառներով, ձախողվեց։ Հուսանք, որ երկրորդ փորձն ավելի հաջող ավարտ կունենա։

– Այս նոր դիվանագիտական ակտիվության համար խթան հանդիսացավ նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան կատարած այցելությունը: Շարունակվում են նաեւ երկու երկրների դիվանագետների եւ պաշտոնյաների միջեւ գաղտնի բանակցությունները: Այս նոր իրավիճակում Դուք ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների մերձեցման փորձի ժամանակացույցը:

–  Գնահատելով հանդերձ պարոն Գյուլի այցը, կարծում եմ դեռ վաղ է այն պատմական համարել։ Պատմական դառնալու համար անհրաժեշտ է, որ այդ այցը շոշափելի արդյունքներ ունենա։ Ինչ վերաբերում է երկու երկրների դիվանագետների եւ պաշտոնյաների կապերին, ապա ես կխուսափեի դրանք գաղտնի կոչել։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում այդպիսի խողովակներ միշտ էլ գործել են՝ գլխավորապես տեխնիկական հարցեր կարգավորելու նպատակով։ Իսկ Թուրքիայի եւ Հայաստանի ներկա մերձեցման պահի ընտրությունը (timing) պայմանավորված է ռուս–վրացական հակամարտության հետեւանքով Հարավային Կովկասում ստեղծված նոր իրավիճակով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորման հեռանկարով։

– Վրաստանում տեղ գտած օգոստոսյան իրադարձություններից հետո տարածաշրջանային կայունությունը դարձավ առաջնահերթություն, ինչը Թուրքիային դրդեց առաջ քաշել Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմի գաղափարը: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը: Արդյո՞ք այդ պլատֆորմը դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

–  Համաձայն եմ, որ օգոստոսյան իրադարձություններից հետո տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը առաջնահերթություն է դարձել։ Սակայն այդ գաղափարը նոր չէ, եթե նկատի առնենք, որ վերջին հաշվով նույն նպատակին էր ուղղված Սեւծովյան երկրների համագործակցության ծրագիրը։ Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմը, անշուշտ, ողջունելի է։ Սակայն նրա իրականացումը մեծապես կախված է այն բանից, թե որքան անկողմնակալ եւ կոնստրուկտիվ կլինի Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Բացի այդ, դժվար է պատկերացնել նման գաղափարի հաջողությունը առանց տարածաշրջանային կարեւոր դերակատարներից մեկի՝ Իրանի մասնակցության։

– Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Արդյո՞ք կան լավատեսության հիմքեր բանակցությունների ներկա փուլի առնչությամբ, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից Մոսկովյան հռչակագրի ստորագրությունից հետո: Արդյո՞ք Թուրքիան կարող է միջնորդական դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման մեջ:

–  Նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների որդեգրած իռացիոնալ դիրքորոշումները, ես չեմ հավատում, որ այդ երկրներն ընդունակ են երբեւէ համաձայնության գալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Ամեն ինչ կախված է միջնորդների, առաջին հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներդրած ջանքերի արդյունավետությունից։ Մինչ այժմ ո՛չ Արեւմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի համար Ղարաբաղի հարցը առաջնահերթություն չի եղել, ինչի պատճառով էլ նրանք անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել այն լուծելու ուղղությամբ։ Կարծում եմ, Հարավկովկասյան վերջին զարգացումները նրանց պետք է ստիպեն վերանայել իրենց մոտեցումը։ Մոսկովյան հռչակագիրը դրա արտահայտություններից մեկն է, որին, վստահ եմ, շուտով կհետեւեն Արեւմուտքի նախաձեռնությունները։ Իսկ Թուրքիայի դրական դերը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ես տեսնում եմ Ադրբեջանի վրա ազդեցություն գործելու եւ նրան փոխզիջման տրամադրելու ունակության մեջ։

– Պարոն նախագահ, հիմնվելով Ձեր փորձառության վրա, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

–  Իմ պատկերացմամբ՝ հարցը պետք է լուծվի փուլ առ փուլ, հավասարակշռված փոխզիջումների հիման վրա, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշման իրավունքը։ Կարծում եմ, Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած Մադրիդյան առաջարկը լուրջ հիմք է այդպիսի լուծման հասնելու համար։ Թեեւ այդ առաջարկը, այսօրվա դրությամբ, լիապես չի բավարարում կողմերից ոչ մեկին, սակայն արդյունավետ միջնորդական ջանքերի գործադրման եւ միջազգային երաշխիքների ապահովման պարագայում հայկական կողմի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները ինձ միանգամայն հաղթահարելի են թվում։

– Պարոն նախագահ, Դուք քննադատում եք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին արեւմտամետ դիրքորոշում որդեգրելու համար, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հավասակշռության քաղաքականությունը պահպանելու փոխարեն: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ արտաքին քաղաքականության նման փոփոխությունը, մասնավորապես, այն բանից հետո, երբ Ռուսաստանը տարածաշրջանում ցուցադրեց իր ռազմական ուժը:

–  Ռուսաստանի եւ Արեւմուտքի հավասարակշռության խախտումը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ես վտանգավոր եմ համարում թե՛ տարածաշրջանային անվտանգության, եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առումով։ Մանավանդ, որ այդ վարքագիծը թելադրված է ոչ թե ստրատեգիական նկատառումներով, այլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի առանձնահատկությամբ։ Երկրի ներսում լեգիտիմության դեֆիցիտը Սերժ Սարգսյանը ձգտում է փոխհատուցել արտաքին աշխարհում լեգիտիմություն ստանալով։ Ի տարբերություն Ռուսաստանի, որը Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրել, Սերժ Սարգսյանն իր լեգիտիմության ճանաչման խնդիր ունի Արեւմուտքում։ ԱՄՆ‑ի նախագահ Ջորջ Բուշը այդպես էլ մինչ օրս չի շնորհավորել նրան։ Իսկ Եւրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովը շարունակում է պահպանել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը, ինչի  իրագործումը կասկածի տակ կարող է դնել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։ Այսինքն՝ Սարգսյանն այս հարցում Ռուսաստանից սպասելիք չունի, եւ նրա միակ հույսը Արեւմուտքի բարեհաճությունն ստանալու ակնկալիքն է, ինչի համար նա պատրաստ է ցանկացած զիջման։ Իսկ քանի որ Հայաստանը, հանքային ռեսուրսների, տարանցիկ ճանապարհների եւ գրավիչ շուկայի բացակայության պատճառով, Արեւմուտքին առաջարկելու այլ բան չունի, քան իր պետական շահը, Սարգսյանը հետեւաբար ընտրել է այդ շահը զոհաբերելու ճանապարհը։

– Անդրադառնալով անցյալ տարվա մարտին տեղի ունեցած իրադարձություններին եւ Ձեր երկրի ներքաղաքական ճգնաժամին, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այն իրադարձությունները, որոնք ավարտվեցին ընդդիմության դեմ բռնի ուժի գործադրմամբ, ինչի արդյունքում անձամբ Դուք հայտնվեցիք տնային կալանքի մեջ: Ձեր կարծիքով Հայաստանի ներկա իշխանությունները շարունակո՞ւմ են վախենալ Ձեզնից որպես քաղաքական գործիչի, թե Հայաստանի քաղաքականության մեջ վտանգ ներկայացնող գործիչի: Ավելին, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում ժողովրդավարության հեռանկարները եւ արդյոք հնարավոր է ժողովրդավարության առաջընթաց ակնկալել քաղաքական փակուղու պայմաններում, երբ անգամ քաղբանտարկյալները դեռեւս բանտում են:

– Հայաստանի հասարակության մեծամասնության համար անառարկելի է այն փաստը, որ Սերժ Սարգսյանը իշխանությանը տիրել է կեղծված ընտրությունների եւ խաղաղ ցուցարարների դեմ գործադրված սպանդի միջոցով։ Այդ պատճառով ժողովրդավարության վերականգնման միակ հեռանկարը մենք համարում ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը մեր ներքին խնդիրն է եւ լուծելու ենք ինքներս։ Դրանով հանդերձ, մենք չենք կարող մեր հուսախաբությունը չարտահայտել Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման հանդեպ Արեւմուտքի դրսեւորած հանդուրժողականության առթիվ, ինչն այլ կերպ, քան քաղաքական շահադիտության վրա հիմնված վարքագիծ չի կարելի կոչել։ Տպավորություն է ստեղծվում, որ Արեւմուտքի համար ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները դադարել են ինքնին արժեք լինելուց։

– Պարոն նախագահ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հարցում Ձեր հայացքները եւ Ձեր վարչակազմի վարած քաղաքականությունը ժամանակին գնահատվում էին որպես բեկումնային եւ առաջադիմական: Այժմ, երբ Սարգսյանը հետեւում է Ձեր առաջ քաշած քաղաքականությանը, չե՞ք ցավում այն բանի համար, որ Հայաստանը այսքան մեծ ուշացումով է գնահատում եւ ընկալում Ձեր ջանքերը:

– Ինձ այնքան էլ չի հետաքրքրում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում իմ վարած քաղաքականության գնահատականը, ոչ էլ ափսոսում եմ, որ իմ ջանքերն ուշացումով են ընկալվում։ Ցավում եմ միայն կորսված ժամանակի եւ բաց թողնված հնարավորությունների համար։ Եթե Հայաստանի իշխանություններն անկեղծորեն ձգտում են վերականգնել այդ կորուստները, ես միայն գոհունակություն կարող եմ արտահայտել այդ առթիվ։

– Ձեր քաղաքական կարիերայից տասնյակ տարիներ հետո որո՞նք են Ձեր կարծիքով Ձեր անցյալ սխալները եւ թյուր հաշվարկները հայ-թուրքական հարաբերությունները փակուղուց դուրս բերելու մոտեցման մեջ: Օրինակ, Ձեր նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը իր գրքում նշում է ընդհանուր պատմության մասին, որն ազդեցություն է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում պետականության ձեւավորման հարցում: Ի՞նչ կասեիք ընդհանրական պատմության եւ ապագայի մասին:

–  Այդ հարցում իմ սխալների եւ թյուր հաշվարկների մասին պետք է հարցնել թուրքական կողմի կարծիքը։ Ես կարող եմ խոսել Թուրքիայի իշխանությունների բացթողումների մասին, որոնցից գլխավորը, իմ կարծիքով, հայ–թուրքական հարաբերությունների պայմանավորումն էր հայ–ադրբեջանական հարաբերություններով։ Դա մասամբ բացատրվում էր այն իրողությամբ, որ 90‑ական թվականներին թուրքական կառավարությունները մեծամասնության կառավարություններ չէին, եւ այդ պատճառով Թուրքիայում Ադրբեջանի նկատմամբ համերաշխությունը վերածվել էր ներքաղաքական պայքարի առարկայի։ Թուրքիայի ներկայիս մեծամասնական կառավարությունը չունի այդ մտահոգությունը, ինչը հույս է ներշնչում նրանից ակնկալել ավելի կառուցողական մոտեցում։

Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, 2009, էջ 309–314

(շարունակելի)

Ilur