Անուշ Թրվանց. «Կին զինծառայողը՝ անհայտ կորածների ցուցակում»

Խոսք 15.03.2021   20:00   223

aliqmedia.am. «Իրինա Մուսայելյանը պայմանագրային զինծառայող էր Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված գումարտակում, պատերազմ է մեկնել առաջին օրը, նրան ու զինակիցներին տարել են Թալիշ:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ից հետո, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է: Շտապել են անունը ներառել զոհվածների ցուցակում: Սեպտեմբերի 28-ին հրապարակված զոհերի ցուցակում  նրա անունն արդեն կար՝ Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979 թ., զինծառայող: Բայց մարմինն այդպես էլ չի գտնվել: Հարազատների ջանքերով Իրինայի անունը հանվել է զոհերի ցուցակից եւ անհայտ կորածների ցուցակում է: Այժմ նրա ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով հատուցում ստացող 1015 ընտանիքներից է: Այս ցուցակում փոփոխություններ հաճախ են լինում. ոմանց գտնում են մասունքների նույնականացման արդյունքում: Բայց ցուցակում ներառված շատերի հարազատները հույս ունեն, որ իրենց որդին, այնուամենայնիվ, գերի է: Իրինան ցուցակում միակ կինն է:

Նրա քույրը՝ Քրիստինա Աբրահամյանը, նույնպես կարծում է, որ քույրը գերեվարված է: «Կին զինծառայող զոհեր շատ քիչ են եղել, կնոջ դին ավելի շուտ կգտնվեր: Ավելի արագ ճանաչելի կլինի նաեւ նույնականացման արդյունքում կամ առանց դրա էլ: Բայց մինչեւ հիմա իմ քույրիկից ոչ մի մասունք կամ իր չի գտնվել: Քանի որ նա զինծառայող է, կարծում եմ՝ Ադրբեջանը չի ուզում նրա մասին տեղեկություն տալ»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Քրիստինա Աբրահամյանը:

Իրինայի հայրն ու ամուսինը զոհվել են 1992-ին Արցախյան առաջին պատերազմում, եւ ադրբեջանական կողմը, ըստ նրանց, տիրապետում է Իրինայի մասին ամբողջական տեղեկատվությանը, այդ պատճառով էլ տեղեկություններ չի տրամադրում: Ընտանիքը պատերազմի առաջին օրից թակել է հնարավոր բոլոր դռները՝ որեւէ տեղեկություն ստանալու ակնկալիքով, բայց ապարդյուն:

«Նրա հետ ծառայողներից հինգը անհայտ կորած էին համարվում, մասունքները նույնականացնելով՝ հունվարի 1-ին նրանցից մեկին գտան Վանաձորում, իսկ հրամանատարին Գորիսում են գտել, բայց ընտանիքը կասկածներ ունի, նորից են ԴՆԹ հանձնել: Մենք էլ չորս ամիս է՝ ԴՆԹ-ի թեստ ենք հանձնել, բայց  պատասխան չկա»,- ասում է Քրիստինան:

Լրագրող Անուշ Թրվանց

Ամբողջական՝ սկզբնաղբյուր aliqmedia.am կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրինա Մուսայելյան, Անուշ Թրվանց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon