Առաջին ատյանի դատարանի դատավորների թիվը կավելանա 17-ով

Պաշտոնական 02.02.2021   18:06   82

Առաջին ատյանի դատարանի դատավորների թիվը կավելանա 17-ով, որոնցից 8-ը կլինեն Երևանում։ Այս մասին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ասաց հարցի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Տարիներ շարունակ Հայաստանում քննարկվել է, որ պետք է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և քրեական գործերի քննության ինստիտուտներն իրարից տարանջատել։ Կառավարությունը նախաձեռնել է ունենալ ենթամասնագիտացում, որպեսզի գործերի քննությունը լինի առավել արդյունավետ, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևանա։ Հետևաբար, որոշել ենք օրենքում փոփոխություններ կատարել», – ասաց Բադասյանը։

Համաձայն նախագծի` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հաստիքների թիվը կավելանա։ Առաջին ատյանի դատավորների թիվը կավելանա 17-ով, որոնցից 8-ը կլինեն Երևանում։ Իսկ վերաքննիչ դատավորների 3 նոր հաստիք կավելանա։

«Կհայտարարվի մրցույթ, ընդհանուր առմամբ երեք ամիս է տևելու պրոցեսը։ Սկզբում այն կկայանա Երևանում, ապա՝ մարզերում։ Մրցույթում ներառվելու է գրավոր փուլ` ոչ թե պարզ թեստ է լինելու, այլ դատական օրենսգրքի իմացություն, ինչպես նաև խնդիր է ներկայացվելու, որը մասնակիցը պետք է լուծի։ Ապա կոռուպցիայի հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգում կկատարվի, դրան կհետևի հոգեբանական թեստավորումը, ապա` բանավոր քննություն։ Վերջում մեկ ամիս նա կսովորի արդարադատության ակադեմիայում», – ասաց Բադասյանը։

Նշենք, որ այժմ առաջին ատյանի ընդհանուր դատարանի գործող դատավորների թիվը 149 է, իսկ վերաքննիչներինը` 18։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատավորներ, Հայաստան, Ռուստամ Բադասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon