«Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում»

Պաշտոնական 23.02.2021   11:39   74

Տարածաշրջանում հրադադարի և անվտանգության պահպանման տեսանկյունից առանցքային դերակատարում ունի ՌԴ–ն։ Ակնհայտորեն ավելացել են Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում։ ԱԺ–ում մեկնարկած տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը։

«Պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում տարածաշրջանային, ինչպես նաև խոշոր ուժերի ազդեցությունների վերադասավորում։ Սակայն գործընթացը դեռևս չի ավարտվել և վաղ է գնահատական տալ։ Տարածաշրջանում անվտանգության ապահովումը եղել և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը։ Այս համատեքսում Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ առանցքային մարտահրավերներից մեկը»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները, Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում։ Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը։ Այվազյանը նշեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով է հնարավոր հասնել դրան, ուստի տարածաշրջանում ակնկալում է տեսնել ուժեղ համանախագահություն։

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը` Այվազյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել իր պարտավորությունները, ինչն արտացոլվում է գերիների վերադարձի գործընթացի խոչընդոտներով։

Նա անդրադարձավ նաև տրանսպորտային ապաշրջափակման հարցին` ասելով, որ դա դրականորեն կազդի նաև տարածաշրջանի ապրանքաշրջանառության գործընթացների վրա։

Այվազյանը հայտնեց, որ համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասական են ազդել ԵԱՏՄ ներքին առևտրի վրա։ 2020-ի հունվարից նոյեմբեր ամիսներին ԵԱՏՄ–ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով` կազմելով 44 մլրդ դոլար։

Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է 2 տոկոսով` կազմելով 2.03 դոլար։

Նիստը շարունակվում է փակ քննարկման ռեժիմով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արա Այվազյան, ԱԺ, ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon