Արմավիրում խմիչքից մահացածների թիվը հասել է 11-ի, ևս 4–ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կարևոր 01.09.2020   13:00   208

Արմավիրում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից 11 մահվան դեպք է արձանագրվել՝  ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ:

Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտի` «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Արմավիրի բժշկական կենտրոնից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են անհրաժեշտ բուժական միջոցառումները:

Արմավիրի մարզի 1 բնակիչ նույն ախտանշաններով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել:

Բացի այդ, 4 քաղաքացի Երևանից են դիմել «Արմենիա» ՀԲԿ, կրկին նույն ախտանշաններով, որոնք ևս մահացել են:

Փաստացի, այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»,- գրել է Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը նշել է, որ թունավորման կասկածով 1 պացիենտ էլ գտնվում է Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքներում: «Նշենք, որ տվյալները նախնական են, կատարվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների և տուժածների առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»ը:

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնն ահազանգ է ստացել այն մասին, որ սննդային թունավորման կասկածանքով Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ:
ՍԱՏՄ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքցիների կյանքը փրկել չի հաջողվել:

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակը, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ:

Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

ՍԱՏՄ ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելված է»։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝  Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. օգոստոսի 31-ին  «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի  և Բաղրամյան  փողոցների 5 բնակիչ:

Պարզվել է, որ  նրանք ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել և առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը:

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Թարմացված

Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օղի, թունավորում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon