Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Արցախ 17.01.2021   13:45   439

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հունվարի 15-ին, Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ եւ դստեր հետ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է «երկաթե բռունցքի եւս մեկ հարված»:

Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը: Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստնի Դաշնությանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության եւ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին: Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչեւ Իլհամ Ալիեւը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության  ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար:

Հայաստանի կառավարությունը, ցավոք, որեւէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին: Եւ ոչ միայն: Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի:

Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող, կեցվածքն առաջացնում է երկու հարց.

ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի  նախագահի այցը Շուշի,

բ) Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ»՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձեւակերպում է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում: Ակնկալում եմ հստակ պատասխան:

Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան
17 հունվարի 2021թ.

Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Մաշտոցի 2 բն. 4 
հեռ. 097280909
e-mail- atvahram@yandex.ru

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, բաց նամակ, Վահրամ Աթանեսյան, ԼՂ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon