«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

BBC: Պատերազմից հետո հայկական եկեղեցին անհետացավ (տեսանյութ)

BBC: Պատերազմից հետո հայկական եկեղեցին անհետացավ (տեսանյութ)

Ադրբեջանի իշխանությունները, 2020 թվականի պատերազմի հետևանքով օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:  

Եկեղեցու հետքերով գնացել է բրիտանական BBC-ի խումբը, որը նկարահանումներ է իրականացրել Մեխակավանում ( Ջաբրայիլ):

Լրագրող Ջոնահ Ֆիշերը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը ադրբեջանական օկուպացիայից հետո ադրբեջանցի զինծառայողները պղծել էին. նրանցից մեկը բարձրացել էր եկեղեցու վրա՝ փորձելով տապալել խաչը:

Լրագրողական թիմին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանը հարցին, թե որտեղ է եկեղեցին,  պատասխանում է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն եկեղեցու մասին: Ուստի բրիտանացի լրագրողն ինքնուրույն՝ հեռախոսի միջոցով տեղորոշում է եկեղեցու գտնվելու վայրը և օպերատորի հետ գնում այնտեղ: Սակայն բլուրը, որի վրա ենթադրվում է, որ պետք է լիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, այսօր արդեն դատարկ է: Միայն հատակին դեռևս թափված երևում են քարեր, որոնք ենթադրաբար մնացել են եկեղեցուց:

Ջոնահ Ֆիշերը համեմատում է եկեղեցու՝ իր ունեցած հին լուսանկարի տեղանքը և համոզվում, որ իրենք նույն վայրում են, միակ տարբերությունն այն է, որ եկեղեցին այլևս չկա:

Լրագրողը նորից է դիմում իրենց ուղեկցող ոստիկանին՝ հարցնելով, թե ուր է եկեղեցին, ինչին ի պատասխան ադրբեջանցին պատասխանում է, որ թերևս այն ոչնչացվել է պատերազմի ժամանակ: «Այն չէր կարող ոչնչացվել պատերազմի ժամանակ, քանի որ կան տեսանյութեր, որտեղ երևում է, որ այստեղ ադրբեջանցիներ են եկել»,- հակադարձում է Ֆիշերը:

Արդեն Բաքվում նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ նրան է ցույց տալիս եկեղեցու նախկին՝ 2017 թվականին արված լուսանկարն ու ներկայիս դատարկ բլրի լուսանկարը՝ նշելով, որ եկեղեցին հիմնովին ավերված է: Ի պատասխան Հաջիևը միայն տարակուսանք է հայտնում՝ ասելով, որ ինքը տեղյակ չէ և այդ տեղեկությունը պետք է ստուգվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ հայկական պատմական մշակութային ու հոգևոր ժառանգության նմուշները վերացնելը դարձել է Ադրբեջանի իշխանությունների սովորական ձեռագիրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները ավերել են Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը հայտարարություն է տարածել.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական դեպքը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հայկական եկեղեցին ամբողջովին անհետացել է ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հավելենք, որ այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում:
 
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում՝ «Իսլամական պետությանը» բնորոշ ձևով: «Անհետացած» հայկական եկեղեցին նախևառաջ վանդալիզմի զոհ է»: