«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը (տեսանյութ)

Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց` Հայաստանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը գերիների փոխանակման գործընթացը ձախողելու փորձեր չի ձեռնարկի և հիշեցրեց, որ Երևանը գերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու պատրաստակամություն է հայտնել:

«Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմից չեն դադարում ռազմագերիների և պատանդ պահվող խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները։ Հայ ռազմագերիներն ու այն խաղաղ բնակիչները, որոնք չեն հասցրել լքել իրենց տները, ենթարկվում են դաժան կտտանքների և ողջ-ողջ գլխատվում։ Ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ը (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) վարվում էր պատանդների հետ», - ասաց նա։

ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերին։ Նրա խոսքով` Թուրքիան պետք է իր զինված անձնակազմն ու վարձկան գրոհայիններին հնարավորինս շուտ դուրս բերի Ղարաբաղյան հակամարտության գոտուց։

Այվազյանը շեշտեց` այդ գործընթացը չի կատարվում, փոխարենը զինյալների ներկայության աշխարհագրությունն ընդլայնելու փորձեր են արվում, մասնավորապես նրանց Ղարաբաղում վերաբնակեցնելու միջոցով։

ԱԳՆ ղեկավարը նաև նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը։ Հայաստանն իր հերթին հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ճանաչման դիրքերից։

Խոսելով Ռուսաստանի դերի մասին՝ նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված և վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում հանգստության և կայունության վերականգնման համար և երաշխիք է ծառայում Ադրբեջանի, Թուրքիայի և օտարերկրյա վարձու ահաբեկիչների կողմից սադրանքներ թույլ չտալու համար: Ռազմական գործողությունների կասեցումը հնարավորություն է տալիս վերսկսելու քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում» - ընդգծեց նա:

Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան` ԼՂ հարցով բանակցությունների սկսման քննարկումների համար, ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց Այվազյանը` պատասախանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվելու ԼՂ հակամարտության լուծման համար, քանի որ եռակողմ հայտարարությունը կարծես կարճատև լուծում էր։

«Ես չէի ասի, որ եռակողմ համաձայնագիրը ժամանակավոր է` կրակի դադարեցման և արյունահեղման կանխման առումով։ Համաձայնագրում առանձին դրույթներ կան` փախստականների վերադարձին և այլ հարցերին առնչվող, որոնք եզրագծում են ԼՂ հակամարտության լուծման հիմնական պարամետրերը»,–ասաց Այվազյանը։

Նա ասաց, որ, բնականաբար, առաջնային հարցը մնում է բանակցություններին վերադառնալը, որոնք կսկսեն անմիջապես այն ժամանակ, երբ հակամարտության գոտում իրավիճակը կկայունանա։ Այվազյանը կիսեց իր Ռուսաստանի գործընկերոջ այն կարծիքը, թե «զգույշ լավատեսություն» կա այդ իմաստով։ ՀՀ արտգործնախարարի խոսքով` պետք է ամեն ինչ անել, որ չկրկնվի այն ողբերգությունը, ինչ վերջին ամիսներին տեղի ունեցավ։

Այվազյանը կարևորեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որը, ըստ նրա, ԼՂ հակամարտության վերջնական լուծման հարցում միջազգային աջակցության մասին է փաստում։

ԱԳՆ ղեկավարն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ պետք է հող նախապատրաստենք բանակցային նոր գործընթաց սկսելու համար։

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի սկզբում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը ցավակցություն հայտնեց հայ ժողովրդին 1988 թ-ի երկրաշարժի տարելիցի օրվա կապակցությամբ։

«Մենք հիշում ենք, թե ինչքան մեծ արձագանք գտավ երկրաշարժը Խորհրդային Միությունում։ Հույս ունենք, որ մեր պատրաստվածությունը նման բնույթի տարերային աղետներին արձագանքելու և դիմակայելու հարցում ավելի մեծ է, բայց մենք հույս ունենք, որ նման դեպքեր քիչ կլինեն»,- նշեց Լավրովը։

Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի իրականացմանը`Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահների աջակցությամբ։ հայտնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կարևոր հարց է գերիների փոխանակումը, և գիտենք, որ դա սուր թեմա է հարազատների, ընկերների համար։ Էմոցիոնալ թեմա է նաև զոհերի մարմինների փոխանակումը, ուստի պետք է հնարավորինս արագ հասնել դրա լուծմանը»,–ասաց Լավրովը։

Նա շեշտեց նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կարևորությունը` ասելով, որ դրա միջոցով էլ կանգ առավ պատերազմը։ Այդ համաձայնագիրը, ըստ Լավրովի, փախստականներին հնարավորություն տվեց վերադառնալ իրենց բնակության վայր։ Համաձայնագիրը նաև ապահովեց տնտեսության վերականգնումը, հումանիտար խնդիրների լուծման հնարավորություն տվեց։ Այն նաև հեռահաղորդակցության միջոցների ապաարգելափակումը կապահովի, ինչը Հարավային Կովկասը հակամարտության գոտուց կվերածի ստաբիլ գոտու։

Լավրովը հայտնեց նաև, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են ԼՂ բնակիչների հետ, նրանք բնակիչներին նաև բժշկական աջակցություն են ցուցաբերում, տարածքների ականազերծման աշխատանքներ անում։ Բացի այդ, հումանիտար արձագանքման կենտրոն է ստեղծվում։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշեց, որ կապ են պահպանում միջազգային կառույցների հետ, որոնք պատրաստ են ներդնել իրենց փորձը` խաղաղ կյանքի վերականգնման համար։

Լավրովը հույս հայտնեց, որ Ռուսաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ կքննարկեն եռակողմ համաձայնագրի շրջանակներում հետագա անելիքները, ինչպես նաև երկու երկրներին` Հայաստանին և Ռուսաստանին առնչվող  հարցերին։