Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի մասն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծը

Պաշտոնական 25.10.2020   19:00   166

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ:

Պատվիրակության անդամները  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով եւ հայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը  հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:

Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը  հայտնել է, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք:

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:

 Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: 

Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Հայաստան-Ֆրանսիա, ՀՀ ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon