Հարութ Ուլոյան. Իշխանությունները փորձում են մանիպուլյատիվ 2 նոր թեզ շրջանառել

Կարևոր 10.02.2021   21:45   165

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իշխանությունները փորձում են մանիպուլյատիվ 2 նոր թեզ շրջանառել.

1. «Վստահության հանրաքվե»:

Նպատակ ունենալով քողարկել արտահերթ ընտրությունների թեման, իշխանությունները փորձում են արմատավորել «վստահության հանրաքվեի» անցկացման գաղափարը, ինչի արդյունքում, իբր, պիտի հստակեցվի իշխանությունների վարկանիշը: 
Թե որքանով է նման հանրաքվեի անցկացումը իրավական տեսանկյունից հնարավոր, կամ`  արդյունքներն ինչպիսի իրավական հետևանքներ են ենթադրելու, դա մի կողմ թողնենք:  
Հանրաքվեի կոնկրետությունը դաշտը ինքնին բաժանելու է երկու մասի, ինչի հետևանքով իշանությունները բոլոր դժգոհողներին (մեղմ ասած) մանիպուլյատիվ կերպով նույնացնելու ու տեղավորելու են 17-ի խմբակի (պայմանական ասած) շրջանակներում, իսկ ռացիոնալ ընդդիմությունը բոյկոտելու է հանրաքվեն: Ինչ վերաբերում է 17-ի խմբակին, ապա նրանք գործելու են պահի հրամայականով` մշտապես սպառնալով բախումների հավանականությամբ: 
Ներքաղաքական ու հասարակական ճգնաժամը հաղթահարելու իմաստով նման հանրաքվեի անցկացումն ունենալու է ԶՐՈ նշանակություն և միտված է լինելու սպասարկել բացառապես իշխանությունների քմահաճույքները:

2. «Մեր սխալն այն է, որ դատաիրավական բարեփոխումներն արագ չենք իրականացրել»:

Եթե նման միտք արտահայտեին իշխանությունից հեռացած անձինք, դա ինչ-որ առումով հասկանալի կլիներ, բայց երբ նման օրակարգով են հանդես գալիս իշխանության ներկայացուցիչները, ապա այն առնվազն քմծիծաղ է առաջացնում: 

Երբ 2018-ին էր խոսվում անհապաղ դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու մասին, պատասխանը հետևյալն էր. «Նոր ենք եկել իշխանության, համբերեք», 2019-ին պատասխանում էին` «Մինչև տարեվերջ», հետո, թե բա, «Եթե համակարգում 10 ազնիվ մարդ էլ կա, հանուն իրենց ոչնիչ չենք կարող անել»: 

Ներկայումս էլ, իբր, ինքնաքննադատաբար խոստովանություններ են անում, թե սխալ են արել, որ բարեփոխումներն արագ չեն իրականացրել: «Ինքնաքննադատության» նպատակն էլ մեկն է. տարատեսակ մանիպուլյացիաներով հասարակության մտքերը շեղել դեպի «ծրագրվող բարեփոխումներ» ու վստահություն ներշնչել, որ իրենք` իշխանությունները «խելքի են եկել» ու մոտ ապագայում «արագի մեջ» այնպիսի «բարեփոխումներ» են իրականացնելու, որ «չուզողները» գլուխները պատով տան: 

Ոչ, հարգելիներս, խոսքն ամենևին նրա մասին չէ, թե իշխանություններն «խելքի եկել» են, թե` «չեն եկել», խոսքը նրա մասին է, որ ազգի ու պետության գլխին նման փորձանք բերող իշխանություններն այլևս ոչ քաղաքական, ոչ էլ, առավել ևս, բարոյական իրավունք չունեն խոսելու ազգի ու պետության ապագայի մասին: Փորձանքն էլ արտաքին քաղաքականության մեջ իրենց իրականացրած «բարեփոխումների» հետևանքն էր: Իշխանությունների ղեկավարն էլ է դա խոստովանել»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտահերթ ընտրություններ, Նիկոլ Փաինյան, Հարութ Ուլոյան, վստահության հանրաքվե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon