Հարութ Ուլոյան. Պոպովի պարզաբանումներում ոչ մի «հակասություն» չկա

Կարևոր 14.01.2021   16:22   437

Փաշինյանի վերջին հոդվածի վերաբերյալ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի պարզաբանումներում ոմանք ինչ-որ «հակասություն» են գտել: Հարցապնդում են հնչեցնում, թե ինչպե՞ս կարող էր 2018 թվականին Երևանը մերժել բանակցությունները, եթե խմբագրված վերջին պլանը ներկայացվել է 2019 թվականի հունիսին: Տողատակերում էլ կրկին հակառուսականության տարրեր են:

Նախ՝ ինքնին ծիծաղելի է Պոպովի ընդարձակ պարզաբանման բուն բովանդակությունը նման էժանագին «տրյուկով» քողարկելու փորձերը, առավել ևս, որ պարզաբանման մեջ, իրականում, ոչ մի «հակասություն» էլ չկա: Նման «հակասություն» կարելի է գտնել պարզաբանման կոնտեքստը խեղաթյուրելու ու բանակցային գործընթացից բացարձակապես տեղյակ չլինելու պարագայում, կամ՝ հասարակությանը մոլորության մեջ պահելու շարժառիթից ելնելով:

Որ Երևանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո «ընդդիմացել» է Արցախի խնդրի կարգավորման տարիներ շարունակ բանակցված ու խմբագրված պլանին և նոր մոտեցումներ է առաջ քաշել, դա այնպիսի անվիճելի փաստ է, որ դրան մանրամասն անդրադառնալը զուտ ժամանակի վատնում է լինելու: Սահմանափակվենք միայն նրանով, որ Փաշինյանն ինքն է 2020 թվականի նոյեմբերի 10-ի «լայվերից» մեկում բառացիորեն հայտարարել, որ 2018 թվականից հետո ցանկացել է «փոխել բանակցային տրամաբանությունը», ինչը, «ըստ էության», իրեն «չի հաջողվել»:

Անկախ Փաշինյանի կողմից ներկայացված նոր մոտեցումների, Մինսկի խումբը փորձել է բանակցային գործընթացը շարունակել, կազմակերպվել են նաև Փաշինյան-Ալիև հանդիպումներ: 2019 թվականի մարտին Մինսկի խմբի համանախագահները (ոչ թե միայն ՌԴ-ն) հրապարակայնորեն «կոչ են անում ղեկավարներին առաջին իսկ հնարավորության դեպքում դրական ոգով վերսկսել բանակցությունները», ներկայացնում են պարզաբանումներ բանակցվող պլանի վերաբերյալ, կրկին անգամ նշելով, որ խնդրի կարգավորումը պետք է ներառի հետևյալ տարրերը.

  • Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո,
  • միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի,
  • Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք,
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով,
  • բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն (09.03.2019, https://armenpress.am/arm/news/966940.html):

Փաշինյանն ինքն է 2020 թվականի նոյեմբերի 10-ի նույն «լայվում» խոստովանել, որ «եթե մի տարի առաջ համաձայնվեինք 5 տարածքների վերադարձի բանաձևին, ապա, ըստ էության, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: Եվ դա ճշմարտություն է»:

Ինչ վերաբերում է Պոպովի պարզաբանման բուն բովանդակությանը, ապա այն ՌԴ-ի կողմից Փաշինյանին հասցված քաղաքական ապտակ էր: ՌԴ-ն դրանով հասկացնել է տալիս, որ եթե Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտում տարածվող ստերն ու մանիպուլյացիաներն իրենց համար նշանակություն չունեն, սակայն դա չի նշանակում, որ իրենք կհանդուրժեն Փաշինյանի կողմից ՌԴ-ի հեղինակության շահարկումը:

***

Հ.Գ. Ի դեպ, խնդրի կարգավորման ռուսական կողմի ներկայացված և Մինսկի խմբի կողմից հավանության արժանացած պլանի վերաբերյալ համանախագահ Պոպովի ներկայումս ներկայացրած պարզաբանումները դեռևս 2016 թվականին նույնությամբ ներկայացրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս մասնավորապես նշել էր, որ սեղանին դրված է «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված փուլային տարբերակը, որն իրենից ենթադրում է հետեւյալ իրարահաջորդ քայլերը.

1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի.

2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.

3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.

4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.

5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.

6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից (28.12.2016, http://www.ilur.am/news/view/56984.html):

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իգոր Պոպով, Նիկոլ Փաինյան, Հարութ Ուլոյան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon