ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լուրերը

Պաշտոնական 26.05.2021   15:00   105

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությանը, թե ՀՀ զինված ուժերը մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծել են։ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ–ի այսօրվա հայտարարությանը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։ Ընդ որում` հատկանշական է, որ ըստ հաղորդագրության` հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ Շուշիի ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել, ինչպես նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարում է, որ զինված ուժերը նշված օրերին Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չեն արձակել։

«Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները, և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով»,–նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով հատել է ՀՀ պետական սահմանը, ներխուժել է Հայաստանի տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ 

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Գևորգ  Խուրշուդյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ՊՆ, Վերին Շորժա, Գևորգ  Խուրշուդյան, ադրբեջան, սահման

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon