Լևոն Զուրաբյան. «Փաշինյանի հրապարակած հռչակագիրը ընդամենը ֆեյսբուքային ստատուս է»

Կարևոր 11.03.2020   21:00   1185

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում տեղի ունեցած հանրահավաքում հրապարակել է հանրաքվեի հռչակագրի նախագիծ, որում նաև գնահատականներ են հնչեցվում համապետական ընտրությունների վերաբերյալ։

Factor TV-ի հարցազրույցում պատասխանելով այդ գնահատականներն, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշեցրեց 2008 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։

Հաղորդավարի հարցին՝ ե՞րբ է ապօրինի իշխանության ու ապօրինի ընտրությունների հիմքը դրվել, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

 «Այս ավազակապետական համակարգի հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո։ Այս իշխանությունը՝ ավազակապետական այս համակարգը, ուղղակիորեն ծնվել է հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանի ձեռքով»։

Հիմնվելով այս մտքի վրա, Լևոն Զուրաբյանը հարց է բարձրացնում․

«Ո՞ր Նիկոլին մենք պետք է հավատանք, այն Նիկոլին, որն ասում՝ այս ամեն ինչը սկսվել է 1995 թվականից, թե՞ այն Նիկոլին, որը նույնքան անկեղծ ու ազնիվ էներգիայով երկու անգամ պնդում է՝ 1999 թվականից։ Չկա որևէ ինֆորմացիա, որ Նիկոլ Փաշինյանը ավելացրել է իր գիտակցության մեջ՝ 90-ական թվականների վերաբերյալ։ 
Այն հակասությունը, որ տեսնում ենք, չի կարող բացատրվել հավելյալ ինֆորմացիա ստանալով։ Այսինքն՝ կամ իր ասածը 2008 թվականին ճիշտ էր և այդ դեպքում սխալ է այսօրվա ասածը և անսկզբունքային է դա, կամ էլ այսօրվա ասածն է ճիշտ և անսկզբունքային էր իր պահվածը 2008 թվականին։ Մարդը չի կարող մեկ օր լինել սկզբունքային, մեկ օր՝ ոչ։ Ստացվում է, որ Փաշինյանն իր շեշտադրումներով վնասում է քարոզարշավի սկզբունքայնությանը, և ես խորհուրդ կտայի «Այո» քարոզարշավի պատասխանատվությունը ստանձնած մարդկանց՝ հրաժարվել այնպիսի հնարքներից, որոնք հեշտորեն ջարդվում են»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը։ 

Իսկ երեկվա հանրահավաքում վարչապետի հնչեցրած մի հայտարարություն կրկին ՀԱԿ-ի համակիրների դժգոհությունն է առաջացրել։ Նա ասել էր, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները եղել են թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կամակատարները։ 
Արձագանքելով՝ Լևոն Զուրաբյանը ասաց․

 «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի տիրապետում իրավիճակին։ Սահմանադրական դատարանի՝ կամակատար դառնալու գործընթացը շատ ավելի լուրջ պատմություն ունի, այն սկսվել է 2003 թվականից։ Թե երբ է սկսվել այդ գործընթացը, այդ մասին վկայում է Գագիկ Հարությունյանը՝ 2019-ի հոկտեմբերին տված մի հարցազրույցում ասում է՝ «2003 թվականին, երբ վստահության հանրաքվե անցկացնելու որոշում կայացրինք, ինչ վիճակում հայտնվեցինք ես ու ընտանիքս տարիներ շարունակ, և առհասարակ՝ ամեն որոշումից հետո»։ Այ սա՛ է այն պահը, երբ սկսվեց ՍԴ-ի վերածումը՝ կամակատարի»։

Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած հանրաքվեի հռչակագրի նախագիծը իրավական ինչ հետևանքներ կարող է ունենալ․

 «Վարչապետի հրապարակած հռչակագիրը ոչ մի իրավական կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, դա ընդամենը ֆեյսբուքային ստատուս է, և իսկապես սա բավականին էժան քարոզչական հնարք է, որովհետև ինքը ոչ մի կարգավիճակ չունի։ Դա կլինի միայն ՔՊ-ի կողմից ընդունված փաստաթուղթ։
ԱԺ-ն հանրաքվեի է դրել ընդամենը մեկ հարց՝ դա ՍԴ 7 անդամի հեռացման նախագիծն է։ Ներկայացվել է պատմության մի վերսիա, որը մեր ու շատերի համար ընդունելի չի, և հասկանալի չի՝ ինչու են պատմության վերսիաները դրվում քվեարկության, և իրականում քվեարկության չեն էլ դրվում։ Այսինքն՝ դա ժուլիկություն է»։

ՀԱԿ փոխնախագահը շեշտում է, որ իրենք շարունակելու են մնալ «Այո»-ի կողմնակից և աջակցում են հանրաքվեի՝ դրական ելքով ավարտին։

Մանրամասնրեը՝ տեսանյութում: 

Ռոբերտ Անանյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, հանրաքվե, «հռչակագիր», Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon