Մեսրոպ Հարությունյան. Գերին դավաճան չէ

Խոսք 09.07.2021   12:14   137

aliqmedia.am. «...Ցանկացած նորմալ պետության համար իր քաղաքացին, վերջինիս անվտանգությունը պիտի իսկապես բարձրագույն արժեք լինեն, եւ անգամ մեկ քաղաքացու ազատության համար պետությունը պիտի պատրաստ լինի ցանկացած ոչ ստանդարտ քայլի։

Այս առումով Իսրայելի օրինակը բազմիցս է բերվել. այնտեղ զինվորների ուղեցույցում գրված է՝ գերի ընկնելիս անել ամեն բան (անգամ իրեն հայտնի ռազմական կամ պետական գաղտնիքը հայտնել)՝ ողջ մնալու համար՝ իմանալով, որ պետությունը ձեռնարկելու է ցանկացած քայլ՝ գերուն ազատելու համար։ Եվ չկրկնեմ հայտնի փաստերը, թե Իսրայելի ղեկավարությունը պաղեստինցի քանի դատապարտյալի է ազատ արձակել իր մեկ քաղաքացու գերությունից ազատելու համար։

Մեզ մոտ էլ պիտի հաղթահարվի, ավելի շուտ՝ իսպառ վերացվի «գերի ընկածը դավաճան է» հակամարդկային հոգեբանությունը, եւ ողջունվի գերուն ազատելու ցանկացած ողջամիտ գործողություն։

Մյուս կողմից՝ բոլորովին պարտադիր չէ տուն վերադարձած գերիների հարազատների ուրախությունը պատկերող կադրեր տարածել։ Այո՛, ծնողներն ու հարազատները իրավունք ունեն ուրախանալու, քեֆ սարքելու, զուռնա-դհոլով դիմավորելու իրենց որդուն։ Սակայն բոլորովին պարտադիր չէ այդ ուրախությունը հանրայնացնել։

Հարկ է հասկանալ, որ եթե մինչ գերությունից ազատվելը քաղաքացինները պետության ջանքերի կարիքն ունեն, ազատվելուց հետո նրանք արդեն իրենց ընտանիքինն են, նրանք արդեն իրենց անձնական կյանքն են սկսում, եւ լուսանկարել, տեսանկարահանել եւ տարածել նրանց ընտանիքների ուրախությունը կամ նրանց հետ հարցազրույցներ վարել, մանավանդ այնպիսի հարցերով, որոնք կարող են մարդուն ստիպել վերապրել գերության սարսափները, անընդունելի է նույնպես։

Հնարավոր է՝ գերությունից վերադարձածը կամ նրա հարազատները չեն գիտակցում հրապարակայնացնելու բոլոր հետեւանքները, եւ իրենք են հենց դա անում։ Սակայն լրագրողները պետք է գիտակցեն նման կադրերը չտարածելու էթիկական սկզբունքը եւ չտրվեն դիտելիություն ապահովելու գայթակղությանը։

Պետք է պարզապես թողնել, որ մարդիկ վերադառնան բնական կյանք եւ առանց ավելորդ աղմուկի ինտեգրվեն հասարակությանը...»։

Խմբագիր, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon