ՔԿ-ն և Դատախազությունը հերքում են Hayeli.am-ի լուրը

Պաշտոնական 24.09.2019   11:29   538

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է Hayeli.am կայքում հրապարակված լուրն այն մասին՝ իբր մահից առաջ Հայկ Հարությունյանը վկաներին ասել է, թե Գլխավոր դատախազի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից իր վրա եղել են սուտ ցուցմունք տալու ճնշումներ:

«Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:

Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:

Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:

Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»:

Գլխավոր դատախազությունը ևս  հերքել է լուրը:

Ներկայացնում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարությունը.

«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն:

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մամուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:

Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող»:

Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ»:

Ավելի վաղ հայտնել ենք, որ  հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Նշենք, որ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր առանցքային  վկայի կարգավիճակով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայկ Հարությունյան, դատախազություն, ՀՔԿ, Hayeli.am

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon