«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Շրջափակումից դուրս եկած զինծառայող. «Մեր հրամանատարը մեզ հետ բերեց, բայց ինքը մնաց էնտեղ` մեր մյուս զինվորների կողքին»

Շրջափակումից դուրս եկած զինծառայող. «Մեր հրամանատարը մեզ հետ բերեց, բայց ինքը մնաց էնտեղ` մեր մյուս զինվորների կողքին»

Արցախի Հին Թաղեր գյուղում ադրբեջանցիների շրջափակումից դուրս եկած հայ 30 զինծառայողներն այժմ Երևան-Գյումրի մայրուղում են և համագյուղացիների հետ փակել են ճանապարհի Ազատանի հատվածը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տղաները պատմել են, թե ինչպես են կարողացել շրջափակումից դուրս գալ։

«Մեր հրամանատար Արսեն Ղազարյանը մեզ հետ կանգնած պոստ կպահեր, ամեն ինչ կաներ։ Թուրքի հետ խոսաց, պայմանավորվեցին, որ մենք դուրս կգանք։ Թուրք հալով կըսեին` մենք կսպասենք, դուք դուրս եկեք, մենք չենք կրակի։ Մինչև ժամը հինգը մեզ ժամանակ տվեցին», – ասում է զինծառայողներից մեկը։

Խումբը 30 հոգուց էր բաղկացած, ևս 60 զինծառայող կային տարածքում։ Տղաները ուզում էին ադրբեջանցիներից ավելի շատ ժամանակ խնդրել, որպեսզի 60 տղաները նույնպես գային, միանային իրենց։

«6-ին տասը պակաս թուրքերը սկսեցին օդ կրակել` նախազգուշացնել, որ դուրս գանք։ Արսեն Ղազարյանը նորից գնաց բանակցելու։ Մենք կարողացանք դուրս գալ` ընդամենը երկու վիրավոր տալով։ Ինքը մեզ հետ բերեց, բայց ինքը մնաց էնտեղ` մեր մյուս զինվորների կողքին։ Հերոս հրամանատար է», – ասում է մյուս զինծառայողը։

Այժմ նրանք պահանջում են, որ իրենց 60 զինծառայողներին և հրամանատարին անվնաս վերադարձնեն հայրենիք։ Նրանց խոսքով` ադրբեջանական խումբը 1500 հոգուց էր բաղկացած, նրանց շարքերում էր նաև «Յաշմա» հատուկ խմբավորումը։

Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել նաև այդ խմբի զինծառայողներից մեկի եղբոր հետ, վերջինս պատմեց, որ կամավորների խմբին 20 օր առաջ են ուղարկել Հին Թաղեր ու Խծաբերդ։

«Երկու օր առաջ ադրբեջանցիները հարձակվել են, հայերը սկսել են պաշտպանվել, մի քանիսը վիրավորում են ստացել, գուցե զոհվածներ էլ կան։ Իրանց շատ է օգնել, որ այդ օրերին մառախուղ էր տարածքում։ Հենց մառախուղը նստել է, հասկացել են, որ իրենց դիմաց 600 ադրբեջանցի է կանգնած»։

Ադրբեջանցիները առաջարկել են կա՛մ կռվել, կա՛մ ճանապարհել 30 հոգանոց խմբին ռուս խաղաղապահների մոտ։ Նրա խոսքով` համացանցում տարածված տեսանյութը, որում հայ զինծառայողներ են շարքով քայլում, ոչ թե գերությունից է, այլ նրանց ուղեկցումից։

Նշենք, որ համաձայն շիրակցի Կարապետ Պողոսյանի տեղեկությունների` Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։