«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյան. Գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ

Վանո Սիրադեղյան. Գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ

«Գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»

Չհիշվող պատերազմ

Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր ... Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել եւ երեխաներիդ սրի չեն քաշել:

Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ: Եւ Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի: Ընդ որում, դա ժողովուրդների վարած պատերազմների պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ երկրից դուրս հազարներով զոհվել, բայց թաղվել են հայրենի հողում: Այդ պատերազմը մերժեց ոչ միայն Հայաստանի հասարակական գիտակցությունը, այլեւ Սփյուռքը, չնայած պատճառ չուներ հայրենասիրության բացակայությունը բացատրելու ցրտով ու խավարով: Հետեւաբար, անցած պատերազմի եւ առհասարակ «Մեկ ազգ - մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում: Այդ 5000-ից մեկն էլ իմ ընկերն էր՝ մոր կողմից սերբ երեւանցի, 30-նն անց, գեղեցիկ կնոջ ամուսին ու խելացի երեխաների հայր, սուպերմենի տեսքով ինժեներ տղամարդ, ով պատերազմով ինքնահաստատվելու ոչ մի անհրաժեշտություն չուներ: Բայց Հայաստանից հասավ իր մոր հայրենիքը: Մինչդեռ հայ տխրահռչակ «ազգային» կուսակցությունը պատերազմի սկզբից մինչեւ ավարտ, Հայկական բանակի կազմավորման ծանրագույն ժամանակներում դրսից կամավորներ գրելու փոխարեն, դասալքում էր զորակոչի տարիքի տղաներին Հայաստանում եւ գործկոմների նախագահների հետ «ազգային համաձայնության» եկած՝ դասալիքներից սկաուտական ճամբարներ էր դնում Հայաստանի սարերում, սովորեցնելով հայրենասիրական երգեր, ուտեցնելով հումանիտար օգնության վաֆլի, սերմանելով ատելություն կանոնավոր բանակի դեմ եւ հրաձգության վարժանքներ անցկացնելով:

Թե պետության եւ պետական զինական կառույցների առկայությամբ ինչո՞ւ է կուսակցությունը կրակելու վարժեցնում պատանիներին, ոչ մեկի տանձին չէր այն ժամանակ, որովհետեւ չէ՞ որ «սաղս էլ հայ ենք»: Այդ հետո պարզվեց՝ ինչու, երբ այդ ճամբարներից դուրս եկածները հոկտեմբերի 27-ին խուժեցին Ազգային ժողով: Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը... Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում: Եւ Հայաստանը ընտրությունների գնաց առանց իր լավագույն զավակների: Ինձ ու ձեզ հետ միասին, իմիջիայլոց: Ընտրությունների չարաբաստիկությունը այն էր, որ զուգահեռ պիտի ընդունվեր Սահմանադրությունը:

Բայց կուսակցությունները Սահմանադրություն չէին ուզում («այդպիսի Սահմանադրություն»-այդպես է ընդունված ասել՝ նման դեպքերում): Բայց սա դեռ պրոբլեմի մասն էր: Սահմանադրություն չէր ուզում նաեւ Հայկական բանակը, որովհետեւ հայկական կամ մոլդովական, նման կարգի որեւէ Սահմանադրություն չէր ուզում գենշտաբը: Հայաստանի Սահմանադրությունը ընդունված չէր ուզում տեսնել նաեւ Ղարաբաղի բանակն ու իշխանությունը: Սահմանադրությունը չէին ուզում նաեւ կես հարյուր շրջանների ղեկավարներ - կրճատվում էին պաշտոնները՝ շրջանային մակարդակի ղեկավար ձրիակերների իրենց թիմերով: Իսկ ժողովուրդը գիտենք ինչ էր ուզում - մի քիչ ընտրակաշառք եւ մեծ Սովետական Միություն, մի բան, որ կախված չէր ոչ իրենից, ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ էլ անգամ Ռուսաստանից: Հրաշք էր պատահելու, որ այդ ընտրությունը համարվեր օրինակելի: Եւ հիմա, յոթ տարիներ հետո, այսօ՜ րվա այլանդակությանը ի տես, դառնալ երեսով տալու համար 95 թիվը ի՜ նչ նյարդեր է պետք ունենալ, չէ՞: Կամ՝ անդարդության ի՜ նչ ամեհի պաշար: Կամ՝ անձնապաստանության ի՜ նչ հաստության կաշի... «Բա որ դու էլ երեկ ինձ հեծանիվդ չտվիր քշե՜ մ...»: Պետք չէ թաքնվել մանկամտության թիկունքում, զառամախտը շուտով օգնության կգա: Հետո, մանկան հիշաչարությունը չի անցնում երեկվա օրից այն կողմ: Ուրիշ է հայ գրագետի հիշողությունը: Իր նույնիսկ ամենաանհիշաչար տեսակով հանդերձ: Առանձնահատուկ է: Վասակ Դարբինյանը, օրինակ, հիշում է, որ Վանո Սիրադեղյանը առաջարկում էր օրենքով ներում շնորհել գաղտնի ծառայությունների գործակալներին, որպեսզի ազատ զգան այլ երկրների հանդեպ իրենց պարտավորություններից, բայց չի հիշում, որ առաջարկում էր այդ բանը անել՝ անել առանց անունները հրապարակելու: Սա ոչ թե դետալ է կամ հավելյալ միտք: Տրամագծորեն հակոտնյա բաներ են: Առաջինի դեպքում ժողովրդին բաժանում ես երկու մասի՝ մատնիչների եւ նրանց զոհերի, երկրորդ դեպքում՝ մատնիչներին շանս ես տալիս չշարունակել օտար հետախուզություններին ծառայել, շանս ես տալիս չենթարկվել նախկին տերերի շանտաժին՝ իրենց անցյալ զբաղմունքի համար: Առարկայացնենք. մի դեպքում պառակտում ես ազգը, մյուս դեպքում չես պառակտում ազգը: Իսկ ոչինչ չանելու արդյունքը այսօրն է, երբ բոլորը ծախում են բոլորին:

Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը (ըստ Ջոն Կիրակոսյանի): Եւ չի հիշում 41-45-ի պատերազմի տեւողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ... Ունիկալ հիշողության տեր այս ժողովրդի հարազատ զավակ հայ գրագետը, ահա, տասը տարվա աշխարհացունց իրադարձությունները մի գիշերվա երազի նման (վատ երազի) թոթափած՝ իրեն գտավ հրապարակային մահապատժի վայրում, Առագաստի կառափնարանի շուրջ բոլորեքյան նստած՝ գարեջրի գավաթը ձեռքին ֆեստիվալ վայելելիս... Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին: Եւ ոչ մի միստիկա չկա այստեղ:

Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում եւ ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում եւ ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,- գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները:

Վանո Սիրադեղյան

14.05.2002