«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Պատերազմի կուսակցության հաղթանակը

Վարդան Հարությունյան. Պատերազմի կուսակցության հաղթանակը

«Հնարավոր չէ խոսել այս պատերազմի եւ այս պարտության մասին ու 1997 թվական չվերադառնալ։ Երեք տարի էր, ինչ ավարտվել էր չորս տարուց ավել ձգվող պատերազմը։ Հայաստանը հաղթել էր։ Ընթանում էին հարցի խաղաղ կարգավորման բանակցություններ։ Հայկական դիրքերն ամուր էին, եւ կար վերջակետ դնելու հնարավորություն։ Այն օրերի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր օգտվել ստեղծված հնարավորությունից եւ գնալ խնդիրը փոխզիջումներով կարգավորելու ճանապարհով։ Իհարկե, այսօր՝ 23 տարի անց, դժվար է միանշանակ պնդել, թե Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակը վերջակետ կդներ եւ հակամարտությունը մեկընդմիշտ կավարտվեր, բայց որ մեզ համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել եւ խնդիրը լուծելու իրական հնարավորություններ կային՝ հաստատ է։

Բայց Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց մի քանի թիմակիցների համար փոխզիջումային տարբերակներն ընդունելի չէին։ Փոխզիջման անհրաժեշտություն նրանք չէին տեսնում, մերժում էին առաջարկվող հաշտության ծրագիրը՝ պնդելով, թե Հայաստանը հաղթել է պատերազմում, ժամանակի ընթացքում էլ ավելի կամրապնդվի, կուժեղանա ու ապագայում կկարողանա ստանալ ավելին, քան հնարավոր էր այդ օրերին։

1997-ին հաջորդած զարգացումները ցույց են տալիս, որ Վազգեն Սարգսյանը եւ նրա թիմակիցները կամ չեն կարողացել, կամ չեն ցանկացել տեսնել հակամարտության լուծված չլինելու, այն ձգձգելու վտանգները։ Նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել անել քայլ, որն իրենցից հետո եկողների համար ավելի քիչ հավանական կդարձներ ռազմի դաշտ գնալու եւ այնտեղ զոհվելու վտանգը։

Թե ինչ եղավ հետո՝ գիտենք բոլորս։ Լեւոն Տեր-Պտրոսյանը հեռացավ, դաշտը թողնելով մաքսիմալիստներին։ Ինչպես ինքը ձեւակերպեց՝ պատերազմի կուսակցությանը։ Կյանքը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների գլխավոր նպատակը բոլորովին էլ Արցախը չէր։ Նրանք Արցախի հարցը շահարկելով ծրագրել էին վերցնել իշխանությունը Հայաստանում։ Վերցրեցին ու 20 տարի շարունակ տնօրինեցին՝ ըստ իրենց պատկերացումների ու ցանկությունների։ Նույն պատերազմի կուսակցությունն իշխանության էր նաեւ Ադրբեջանում։

Չափազանց խելոք եւ հեռատես պետք չէր լինել՝ կանխատեսելու համար, որ երկու երկրներում էլ իշխանության ղեկին փոխզիջումը դավաճանություն համարող ուժերի առկայության պարագայում պատերազմի վերսկսման վտանգը մշտական է, որ այն կարող է ցանկացած պահի՝ մեծ կամ փոքր չափերով, բռնկվել։ Այդպես էլ եղել է բոլոր այս տարիների ընթացքում։ Սահմանային բախումները, իսկ դեպքից դեպք՝ լուրջ մարտական գործողությունները մեր մշտական ուղեկիցն են եղել։
Որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատերազմի էր պատրաստվում, ակնհայտ էր։ Նրանք սա երբեք չեն թաքցրել։ Ալիեւն այս մասին խոսում էր բարձրաձայն, բոլոր հնարավոր ամբիոններից ու բոլոր հնարավոր առիթներով։ Բոլորս գիտեինք, որ զինվում են, գիտեինք՝ ինչ զենքերով են զինվում, որ երկրներից են այդ զենքերը գնում։ Գիտեինք նաեւ, որ, ի տարբերություն մեզ, ֆինանսական հսկայական հնարավորություններ ունեն։ Գրվում ու քննարկվում էր այս մասին եւ մեր, եւ ադրբեջանական մամուլում։

Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ նրա հաջորդ Սերժ Սարգսյանը, եթե ոչ անձամբ, ապա՝ իրենց քարոզիչների միջոցով, ներքին լսարանի համար անընդհատ կրկնել են 1997-ի իրենց մաքսիմալիստական մանտրան՝ «ոչ մի թիզ հող», բայց սրան զուգահեռ, կարեւորել են բանակցությունները ու միշտ մասնակցել են դրանց։

Պատերազմի հավանականությունը քչացնելու երկու կարեւոր պայման կա՝ անընդհատ բանակցել եւ լինել այնքան ուժեղ որքան ուժեղ է հակառակորդդ։ Ցանկալի է՝ էլ ավելի ուժեղ։ Բանակցությունները հարցի խաղաղ լուծման հույս են ներշնչում, վանում են պատերազմելու միտքը, իսկ ռազմական ներուժդ զսպում է հակառակորդին։

Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի դիտարկվել որպես մաքսիմալիստ եւ «ոչ մի թիզական»։ Արցախյան խնդրի համատեքստում նրա դիրքորոշումները, թվում էր, պետք է որ շատ ավելի ճկուն լինեին։ Սա էր պատճառը, որ նրա իշխանության գալով՝ եւ երկրի ներսում, եւ դրսում հարցի լուծման հնարավորության որոշակի հույսեր էին արթնացել։ Առարկայական բանակցությունների սպասումներ կային։ Բայց բեկում տեղի չունեցավ։

Ավելին՝ արդեն սովորական դարձած Ալիեւյան ռազմաշունչ հռետորաբանությանը հայկական կողմից ավելացավ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» ֆիդայական կարգախոսը եւ տարիներ տեւած բանակցությունները ոչ թե շարունակելու, այլ «սեփական կետից սկսելու» հայտարարությունը։ Երկու կողմից էլ զրուցելու, բանակցելու, տարբեր հարթակներում երկխոսելու ցանկություն չէր նկատվում։ Իսկ նման ցանկության բացակայությունը լավ ավարտ չի խոստանում։ Ադրբեջանում վստահ էին՝ պատերազմին պատրաստ են։ Եթե եղածին ավելացնենք նաեւ Թուրքիայի սադրիչ դերակատարումը, ապա այս արյունալի պատերազմը չսկսվել եւ մեզ համար նման տխուր վախճան չունենալ չէր կարող։

Մնում է արձանագրել՝ հենց այս եւ միայն այս հանգրվան էր մեզ բերելու պատերազմի կուսակցությունը։ Հաղթանակած հակառակորդի հայացքի ներքո գլխահակ ճաշակում ենք 1998-ին դրսեւորած անհեռատեսության ու անպատասխանատվության, ինչպես նաեւ 2018-ից հետո դրսեւորած նույն անհեռատեսության ու նույն անպատասխանատվության պտուղները, եւ չկա այլ մեղավոր մեզանից բացի»։

Իրավապաշտպան, հասարակական գործիչ

Վարդան Հարությունյան

Սկզբնաղբյուրը՝ aliqmedia.am