Անահիտ Օհանյան. Այսօր Հայաստանը ապրում է հենց այդ դատաստանի մեջ
Երբ Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր հայտնի հոդվածը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», հայ քաղաքական ու հանրային միտքը պատրաստ չէր լսելու այն իրականությունը, որի մասին նա զգուշացնում էր։
Տասնամյակներ շարունակ նրա հասցեին հնչեցին մեղադրանքներ «հող հանձնող», «պարտվողական»: Սակայն պատմությունն, ի վերջո, անողոք կերպով ապացուցեց, որ ոչ թե Տեր-Պետրոսյանն էր սխալ, այլ այն քաղաքական ու հասարակական միջավայրը, որը հրաժարվեց հասկանալ, թե ինչ գին կարող է ունենալ չլուծված հակամարտությունը։
Պատերազմից և Արցախի կորստից հետո թվում էր, թե հայ հասարակությունը պիտի վերագնահատեր ոչ միայն քաղաքական ընտրությունները, այլև իր վերաբերմունքը այն մարդկանց հանդեպ, ովքեր քառորդ դար շարունակ զգուշացնում էին մոտեցող աղետի մասին:
Հայկական քաղաքական դաշտում ամենաբնական և տրամաբանական ելքը մեկն էր, ազգային համերաշխություն լևոնական դիրքորոշման շուրջ։ Ոչ թե անձնային կամ կուսակցական, այլ պետական մտածողության հիման վրա։ Որովհետև միակ քաղաքական գործիչը, ով համառորեն և փաստարկված ցույց էր տալիս, թե ուր է տանում Արցախյան հարցի «հաղթական» չլուծումը, հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Ով իրականում փորձում էր կանխել այն ողբերգությունը, որի միջով անցանք բոլորս:
Այսօր, այս պայմաններում ՀԱԿ-ը որևէ լուրջ քարոզչության կարիք չպետք է ունենար։ Բավական պետք է լիներ ուղղակի հայտարարություն անել, որ մասնակցում է ընտրություններին:
Եթե քառորդ դարի զգուշացումները, ներկայացված փաստերը, պատմության դասերը և, վերջապես, ազգային աղետը չկարողացան փոխել հանրային գիտակցությունը, ապա մեկ ամսվա քարոզարշավով ի՞նչ հրաշքի կարելի է հույս ունենալ։
Կան պահեր, երբ քաղաքական պայքարը դադարում է լինել կուսակցությունների մրցակցություն և վերածվում է ժողովրդի ինքնաքննության։ Հայաստանը, ցավոք, այսօր կանգնած է հենց այդ կետում։
Եվ եթե վաղը Կոնգրեսը չհաղթահարի անցողիկ շեմը, դա չի լինելու պարզապես կուսակցության անհաջողություն: Ողբերգությունն արդեն ոչ թե Կոնգրեսի պարտությունն է լինելու, այլ մի ամբողջ հասարակության սեփական ճակատագրի հանդեպ կուրությունը:
Դա լինելու է շատ ավելի ծանր դատավճիռ ուղղված ողջ հասարակությանը։ Դա նշանակելու է, որ նույնիսկ սեփական ողբերգությունից հետո մենք շարունակում ենք վախենալ ճշմարտությունից և նախընտրում ենք ապրել քաղաքական առասպելների մեջ։ Որ մենք որպես ժողովուրդ դեռևս ի վիճակի չենք տարբերակել իրական պետական մտածողությունը ամբոխահաճո ինքնախաբեությունից։
Պատմությունը դաժան է, բայց արդար։ Այն վաղ թե ուշ ըստ արժանվույնի դատելու է բոլորին. և նրանց, ովքեր զգուշացրել են, և նրանց, ովքեր հրաժարվել են լսել։
Այսօր Հայաստանը ապրում է հենց այդ դատաստանի մեջ։
Եվ այդ դատաստանի արդյունքը որոշելու է ոչ միայն քաղաքական ուժերի ճակատագիրը, այլև շատ ավելի խորքային հարց, արդյոք հայ ժողովուրդը դեռ ունա՞կ է պահպանելու իր անկախ պետականությունը, թե՞ մշտապես քաղաքական միֆերի մեջ ապրելով այդպել էլ վերածելու ենք մեր հողերը «պատմական հայրենիքի», մինչև մի օր մեր սերունդներին ոչ թե հայրենիք, այլ միայն հայրենիքի հիշողություն թողնենք։


