«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Աշոտ Սարգսյան. Անշրջանցելի հիմք հունիսի 7-ին ընտրություններում կողմնորոշվելու համար

Աշոտ Սարգսյան. Անշրջանցելի հիմք հունիսի 7-ին ընտրություններում կողմնորոշվելու համար

ԱՆՇՐՋԱՆՑԵԼԻ ՀԻՄՔ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ» (https://www.facebook.com/reel/1469482794972742)։

Կարելի էր մեկ բառով պատասխանել, սակայն նկատի ունենալով մի կողմից՝ նախընտրական շրջանի նրբությունը, մյուս կողմից՝ հարգելով ընթերցողին, անդրադառնանք մի քիչ ընդարձակ՝ ապավինելով միայն փաստերին  եւ խոսենք ըստ էության։ 

«Ավանտյուրայի» սկիզբը, ինչպես հայտնի է, Ղարաբաղյան շարժումն էր 1988-ից, ավարտը՝ 1998թ. սկզբին Մինսկի խմբի ներկայացրած Արցախյան հակամարտության կարգավորման «Փուլային» տարբերակին ընդդիմացումը, դավադիր պետական հեղաշրջումը, փետրվարի 3-ին Նախագահի հրաժարականը —  սա է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդության-պատասխանատվության տասնամյա շրջանը։

Այդ տասնամյակի համար անենք երկու արձանագրում։

Նախ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած այս տասնամյակի առաջին կեսի մասին՝ որ Համաժողովրդական շարժումն էր՝ դրա սկզբից մինչեւ նույն այդ Շարժման իշխանության վերջնական ձեւավորումը Հայաստանի անկախ պետականության տեսքով, այն է՝ 1988-1991թթ։

Ա) Հայաստանը այս քառամյակում համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող, այդ ընթացքը պայմանավորող գործոն էր։
Սա, որպես փաստ, ամենեւին մեր պատմագրության կամ քաղաքական վերլուծաբանների գնահատականը կամ արձանագրումը չէ։ Սա օտարների գնահատականն ու արձանագրումն է։ Բերենք դրանցից միայն մի քանիսը.
Էլեն Կարիեր - դ’ Անկոս (Ֆրանսիայի ակադեմիայի նախագահ) — «Խորհրդային Միության դեմոկրատացումը սկսվեց հեռավոր Ղարաբաղի լեռներում»։
Ջոզեֆ Լիբերման (ԱՄՆ սենատոր) — «Կոմունիզմի փլուզումը Խորհրդային բլոկի ներսում սկսվեց ոչ թե Ռուսաստանի սրտում, կամ Կենտրոնական Եւրոպայում, այլ՝ Հայաստանում»։
Ստանիսլավ Շուշկեւիչ (Բելառուսի ԳԽ նախագահ), Ֆիլիպ Դիմիտրով (Բուլղարիայի վարչապետ) — «Հայաստանի անհնազանդության համարձակ գործողությունները ոգեշնչեցին նաեւ Կենտրոնական Եւրոպայի գերեվարված ազգերին ՝ հարստացնելով «Սոլիդարնոստի» փորձառությունը եւ ի վերջո հանգեցնելով 1989թ. նրանց խաղաղ հեղափոխությունների ոսկեդարի բարձրակետին»

Վաղուց հայտնի է, որ օտարները ժլատ են ուրիշների մեծագործությունների գնահատման մեջ։ Դեռ 5-րդ դարում դա արձանգրում եւ հիանալի ձեւակերպում է պատմահայր Մովսես Խորենացին. «...մանավանդ, որ պարծանք ու պատիվ չէր օտար ազգերի քաջությունը եւ արիական գործերը հիշատակելը»։ Այդպես եղել է միշտ, այդպես է նաեւ հիմա, ուստիեւ՝ օտարներից վերը բերված քաղվածքները ավելի քան բավարար են որպես մեր առաջին թեզի ապացույց։
Հայաստանի ողջ պատմության ընթացքում մեկ դրվագ կա, որում Հայաստանը պատմագիտության մեջ գնահատվել ու ճանաչվել է որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն։ Դա Տիգրան Մեծի թագավորության (մ.թ.ա. 95-55թթ.) աշխարհակալության 20-ամյա շրջանն է (մ.թ.ա. 87-66թթ.)։

Այսինքն՝ Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում երկու անգամ է, որ հասել է համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող, այն պայմանավորող գործոն լինելու դերի՝ երկու հազարամյակ առաջ՝ մոտ 20 տարի Տիգրան Մեծի, եւ 4 տարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդության շրջանում։ 
Ով ինչքան էլ թպրտա, սա է անշրջանցելի պատմական իրողությունը։

Բ) Հիմա 1988-1998թթ. ամբողջ տասնամյակի մասին՝ Հայաստանի պատմության ետնախորքում.

Հայոց պատմության առնվազն վերջին հազարամյակում  անհնար է գտնել որեւէ տասնամյակ, որն իր գրանցած ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ հավասարվի 1988-1998 թվականների տասնամյակին, այն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդության, քաղաքական պատասխանատվության տասնամյա շրջանին։
Եւ սա, դեռ նկատի չունենալով այդ տասնամյակի ելակետային ողբալի ռեսուրսները ու միայն մեզ տրված ահռելի դժվարությունների ու մարտահրավերների հանգամանքը։
Հարյուրավոր ու հազարավոր փաստաթղթերով ամրագրված այս փաստը պետք է արձանագրած լիներ առաջին հերթին հայ պատմագիտությունը։ Այն, որ չի արձանագրել, չի նշանակում փաստի բացակայություն։ Նշանակում է ակնհայտ փաստի ամոթալի անտեսում։ Մի ամբողջ գրքով եւ տասնյակ հոդվածներով տողերիս հեղինակը ներկայացրել է, թե ինչպես եւ ինչու է այս շրջանի պատմությունը եղծվել, կեղծվել, ուրացվել։

Այսինքն՝ Ն. Փաշինյանի կողմից «ավանտյուրա» գնահատվող նշյալ տասնամյակը,  մեր ողջ պատմության անվիճելի քաղաքական բարձրակետերից, կուլմինացիաներից մեկն է, այն կուլմինացիաներից, որոնք կազմել են մեր ազգային ինքության, դրանով իսկ՝ ազգային կենսունակության, ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենար այն մարդու հետ, որը, ասենք, քրիստոնեության ընդունումից տասնամյակներ հետո հայտարարեր, թե , Տրդատ թագավորը ու Գրնգոր Լուսավորչը  քրիստոնեության ընդունումով  Հայաստանը ներքաշեցին «ավանտյուրայի» մեջ։ Ի՞նչ  կլիներ այն մարդու հետ, ով  գրերեի գյուտից հետո հայտարերեր, թե Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերը եւ Վռամշապուհ թագավորի օժանդակությամբ ուսումնական համակարգի հայկականացումը ազգի համար կործանարար «ավանտյուրա» էր ընդամենը։ Ի՞նչ կլիներ այն մարդու հետ, ով Ավարայրի ճակատամարտից ու դրա շնորհիվ քրիստոնեության ազատ դավանելու իրավունք նվաճելուց հետո հայտարարեր, թե այդ ճակատամարտը Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ իրականացված մի «ավանտյուրա» էր։

Չափազանցությո՞ւն եք տեսնում ասածներիս մեջ։ Խնդրեմ՝ կրկին ոչ թե մեր, այլ իրենց գնահատականում, որպես կանոն, ժլատ օտարի գնահատականը. «Լեւոնը քաղաքական լեզվի համար արեց այն, ինչ Մեսրոպ Մաշտոցն արել էր խոսակցական հայերենի համար» (Գրահամ ՈՒոթսոն. Եւրախորհրդարանի «Լիբերալների եւ դեմոկրատների հանուն Եւրոպայի դաշինք (ALDE) խմբակցության ղեկավար)։ Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավանդը քաղաքական մտքի բնագավառում համեմատվում ու հավասարեցվում է Մաշտոցի մեծագործությանը հայոց լեզվի բնագավառում։

Բերածս օրինակները, որպես մեր պատմության բարձրակետեր, մի ընդհանրություն ունեն. Քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը ամրապնդեցին մեր ազգային ինքնության առանցքը, Ավարայրը՝ կռիվ էր ձեւավորված այդ առանցքը պահպանելու համար։ Լեւոն Տեր-Պետրոսյանի բերած քաղաքական լեզուն ազգային ինքնության այդ նույն առանցքը իրական քաղաքական մտքով  ապահովելն է՝ մի բան, որ պակասել էր դարեր շարունակ, մի պակաս՝ որի պատճառով պարտվել ու կորցրել էինք անընդհատ։ Ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանի բերած քաղաքական մտքի գործադրման շնորհիվ էր, որ դարեդար իրար հաջորդած շարունակական այդ պարտություններին ու կորուստներին հաջորդեց հաղթանակների ու ձեռքբերումների մի ամբողջ տասնամյակ։ Նրա բերած քաղաքական այդ մտքի շրջանցումն էր, որ 1998-ից հետո մեզ վերադարձրեց նոր պարտությունների ու աղետների՝ Արցախի կորուստ, Հայաստանի վտանգված ներկա ու անկանխատեսելի ապագա։

Փաշինյանը, Հանրապետության հիմնադիր նախագահի առաջնորդության շրջանը «ավանտյուրա» գնահատելով, ոչ թե իր արյունակից նախորդ-նախնիների նման շրջանցում, այլ, նրանց գերազանցելով, փորձում է ոչնչացնել քաղաքական այդ խոսքը, միտքը ընդհանրապես՝ ուղիղ ճանապարհ բացելով եւ արագացված ընթացք տալով ազգի ոչնչացմանը։ Սա փաստ է, եւ այս փաստը եթե ոմանց անհավատալի կարող է թվալ, ապա միայն արտառոցության բերմամբ։
***
Հ. Գ. 1. Հիմա հրաշալի մի գործիք կա՝ Արհեստական բանականությունը։ Նրան հարցնում եմ. «Ադրբեջանական պաշտոնական պատմագրության մեջ կամ այդ երկրի ղեկավարների կողմից  Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդության շրջանը (1988-1998թթ.) երբեւէ բնութագրվե՞լ կամ գնահատվե՞լ է որպես «ավանտյուրիստական»։ Պատասխանում է.  «Ադրբեջանական պաշտոնական պատմագրության կամ ղեկավարների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակաշրջանը «արկածախնդրական» բնութագրելը փաստաթղթավորված ապացույցներով չի հաստատվում: Այս եզրույթը հանդիպում է ադրբեջանական մամուլում, սակայն չի կարող համարվել պաշտոնական պատմագրության կամ ղեկավարության պաշտոնական գնահատական»:
Այսինքն՝ Ն. Փաշինյանը, Հայաստանի վարչապետ լինելով, իջնում է մի մակարդակի, որին իրեն թույլ չի տվել իջնել անգամ ադրբեջանական ակադեմիական պատմագրությունը, որին իրենց թույլ չեն տվել իջնել այս երկրի ղեկավարներից որեւէ մեկը։
Գնահատականը թողնում եմ ընթերցողին, քանի որ հրապարակային խոսքի կանոնները թույլ չեն տալիս երեւույթին արժանի բառերի օգտագործում....
Իմիջայլոց, մենք էլ ունենք Պատմության ինստիտուտ ու դրանում նորագույն պատմության բաժին։ Եթե այս զառանցանքի հեղինակը լիներ դեղին մամուլի լուսանցներում յոլա գնացող մի լրագրող, կարելի էր արհամարհել։ Բայց դրա հեղինակը երկրի դե-յուրե ղեկավարն է, եւ համապատասխան պատմաբան-մասնագետների լռելը նրա հետ համաձայնություն ու նրան հանցակից լինել է։

Հ.Գ. 2. 2007-2011թթ Ն. Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության մասին բարձրագույն գնահատականներով, երբեմն դիֆերամբներով, մի տասնյակից ավելի հրապարակումներ ունի։ Դրանց համար ընդհանուր վերնագիր կարող է ծառայել իր իսկ մի խոսքը «Լեւոն Տեր-Պետրոսյանը մի վատ խասյաթ ունի՝ նա վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։ 
Հիմա ինչպե՞ս է նա նույն մարդու նույն գործունեությունը գնահատում «ավանտյուրա»։ Պատասխանի երկու տարբերակ կարող է լինել.

1. Ադրբեջանական պատվեր. Ալիեւի արժանապատվությունը իրեն թույլ չի տա նման անհեթեթություն ասել՝ ստիպում է Նիկոլին։
2. Անմեղսունակության վիճակ. Մարդը ենթակա է ցանկացած հիվանդության, այդ թվում՝ հոգեկան։

Երկուսն էլ կործանարար են արդեն ոչ թե պետության ու երկրի, այլ ազգի համար։ Երկուսն էլ առարկայական ու անշրջանցելի հիմք՝ հունիսի 7-ի ընտրություններում Հայաստանի Հանրապետության ընտրողի կողմնորոշման համար։ Եւ այդ հիմքը տալիս է ինքն՝ Փաշինյանը։

ՀԱԿ վարչության անդամ
Աշոտ Սարգսյան