«  Նոյեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

1994թ. Ժիրայր Լիպարիտյանի գաղտնի այցը Աֆղանստան

1994թ. Ժիրայր Լիպարիտյանի գաղտնի այցը Աֆղանստան

Պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը 1990-ական թվականներին Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր: 

«1994թ. մայիսին ընդունվեց Բիշքեկի հայտարարությունը, որին հաջորդեց հրադադարի համաձայնությունը: Այդ փաստաթղթում երկու կարեւոր կետ կար` կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը եւ «առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու եւ մինչեւ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի ստորագրումը»:

Եվ ադրբեջանական, եւ հայկական կողմերը ունեին այն պատկերացումը, որ այս հրադադարի պայմանագիրը պայմանական է, քանի որ «ինչպե՞ս վարվել, եթե նշված 10 օրվա ընթացքում բանակցություններ տեղի չունենան, կամ դրանք տապալվեն» հարցը բաց էր մնում: Հակամարտության երեք կողմերն էլ ընդունում էին այդ փաստաթուղթը որպես դադար, եւ պատրաստվում էին պատերազմի վերսկսմանը: Մեզ, իհարկե, դա պետք չէր, քանի որ հաղթած կողմն էինք՝ այն ինչ կարելի էր պատերազմով անել՝ արդեն արել էինք: Ակնկալում էինք, որ հրադադարից անմիջապես հետո ինտենսիվ բանակցություններ կսկսվեն եւ Ռուսաստանի հատուկ դեսպան Վլադիմիր Կազիմիրովն իր ակտիվ դերակատարությունը կունենա այդ գործընթացում: Այդ ամենը, սակայն, տեղի չունեցավ, մեծ ջանքեր չգործադրվեցին:

Ադրբեջանի բանակն այդ պահին սոսկալի վիճակում էր: Հետեւաբար, իրենք համաձայնագիր էին ստորագրել Աֆղանստանի հետ՝ պատերազմում մոջահեդներին ներգրավվելու վերաբերյալ: Հայտնի փաստ է, որ մոջահեդներն ակտիվ մասնակցում էին Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ 1993-1994թթ. վարվող ռազմական գործողություններին: Տեղյակ էինք, որ այս անգամ Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ուներ մեծ թվով մոջահեդներ ներգրավելու վերաբերյալ, եւ պատերազմի վերսկսման համար Բաքուն մեծ հույսեր էր կապում նրանց հետ: Սկսեցինք մտածել, թե ինչ միջոցներ կարող ենք կիրառել դա կանխելու համար:

Մի միջնորդի միջոցով ծանոթացել էինք Աբդուլհակ անունով մի մարդու հետ, ով ԽՍՀՄ դեմ պատերազմած աֆղան մոջահեդների ղեկավարներից մեկն էր։ Աբդուլհակը գտնվում էր Ջելալաբադում, իսկ նրա եղբայրը այդ տարածքի նահանգապետն էր: Դիմեցինք Աբդուլհակին՝ Աֆղանստանի վարչապետ Գյուլբեդին Հեքմաթյարի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով:

1994թ. հունիսին բավականին գաղտնի պայմաններում նախապատրաստեցինք իմ այցը Ջելալաբադ՝ վարչապետ Հեքմաթյարի հետ հանդիպելու: Այցիս մասին տեղյակ էին շատ քչերը՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հղացել էր այդ հանդիպման գաղափարը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը եւ իմ գլխավոր օգնական Հասմիկ Հարությունյանը։

Աֆղանստանում այդ ժամանակ քաղաքացիական պատերազմ էր ընթանում, եւ ՄԱԿ-ը արգելել էր այնտեղ թռիչքներ իրականացնել: Սակայն վերոնշված միջնորդի հետ, հատուկ փոքր օդանավով, ճանապարհին վառելիքի համար մի քանի անգամ կաշառելով տեղացիներին, ի վերջո, հասա Ջելալաբադ: Օդանավակայանից ինձ ուղեկցեցին թագուհու ամառանոց եւ երկու ժամ անց տեղափոխեցին նահանգապետի՝ Աբդուլհակի եղբայր Քադերի տուն: Սկսեցի ավելի խիստ կենտրոնանալ վարչապետ Հեքմաթյարի հետ հանդիպման վրա, խորհրդակցեցի նաեւ Աբդուլհակի ու Քադերի հետ։ Հեքմաթյարը ուղարկել էր իր երկու խորհրդականներին, որպեսզի ինձ հետ խոսեն ու տեսնեն՝ ի՞նչ են անելու. վարչապետը ծանոթ էր հանդիպման թեմային, բայց ոչ ավելին: Մեր խոսակցությունից հետո խորհրդականները հեռացան, հավանաբար, վարչապետին զրույցի մանրամասները տեղեկացնելու համար: Որոշ ժամանակ անց, իրենցից մեկը վերադարձավ եւ տարավ ինձ վարչապետի մոտ: Նրա նստավայրը քաղաքից դուրս էր գտնվում, մի բանակային ճամբարում:

Երբ տեղ հասանք, ստիպված էինք մի քանի հարկ ներքեւ իջնել: Ինձ ասացին, որ այդ պահին նա աղոթում է եւ խնդրեցին մի փոքր սպասել:

Որոշ ժամանակ հետո մտանք Հեքմաթյարի մոտ: Վարչապետից բացի սենյակում եւս 7-8 հոգի կար, բոլորն էլ ծալապատիկ նստած հատակին՝ բարձերի վրա: Խոսեցինք մեկ ժամից ավել: Ամեն կերպ փորձում էի համոզել նրան, որ մոջահեդները չպետք է Ադրբեջան գան: Նա փորձում էր հերքել, որ նման համաձայնություն ունեն Ադրբեջանի հետ, սակայն շարունակում էր լսել իմ տարբեր փաստարկները։ Կողքից կարող էր թվալ, որ խուլերի խոսակցություն է ընթանում, սակայն դա այլ տեսակի բանակցություն էր. շատ կարեւոր էր հետեւել Հեքմաթյարի յուրաքանչյուր հերքումի մեջ տեղ գտնող նրբություններին, ինչպես նաեւ իր շարունակական ժպիտի փոփոխություններին, երբ կարեւորում էր մի խոսք կամ արտահայտություն իր կամ իմ կողմից։ Հեքմաթյարի ժպիտն ու խոսակցությունը հանգիստ էին, սակայն նայվածքում այլ մարդ էր դրսեւորում։ Հանդիպման ավարտին ես վստահ չէի, որ ինձ հաջողվեց համոզել նրան:

Դրանից հետո ինձ ետ բերեցին նահանգապետի տուն, որտեղ էլ անցկացրեցի գիշերվա մնացորդը: Հաջորդ առավոտ պետք է ետ մեկնեինք, սակայն պարզվեց, որ վառելիք չունենք: Ստիպված էինք սպասել մինչեւ վերադառնա Աֆղանստանի միակ օդանավը, որը թռիչքներ էր իրականացնում դեպի Պարսից ծոց, որ նրանից վառելիք գնենք:

Հունիսի 13-ի առավոտյան ժամը 3-ին իմ փոքրիկ օդանավը վայրէջք կատարեց Երեւանի օդանավակայանում եւ հեռացավ իմ իջնելուց անմիջապես հետո:

Վաղ առավոտյան ուղեւորությանս մասին զեկուցեցի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որոշեցինք, որ պետք է փոքր հաղորդագրություն տարածենք իմ ուղեւորության մասին ու դրանով հաստատենք այդ այցի կապակցությամբ իմ դրական տպավորությունը։: Կապվեցի Աբդուլհակի հետ եւ խնդրեցի նրան կապ հաստատել վարչապետ Հեքմաթյարի հետ եւ տեղեկացնել, որ մենք ցանկանում ենք մեր թերթերից մեկում փոքր հաղորդագրություն տալ, որ ՀՀ նախագահի խորհրդականն այցելել է Աֆղանստան եւ վարչապետի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Եթե նա համաձայնվեր, ակնհայտ կդառնար, որ նրանք որոշել են զերծ մնալ Ադրբեջանին մոջահեդներ ուղարկելու մեծ ծրագրից: Մոտ երկու օրից Աբդուլհակը զանգեց եւ փոխանցեց Հեքմաթյարի պատասխանը՝ վարվեք, ինչպես ցանկանում եք, միայն ինձ տեղյակ պահեք՝ ինչ եք ասելու:

Այդպիսով, մեզ հաջողվեց կանխել մոտ 1500 աֆղանցի մոջահեդների աջակցությունը Ադրբեջանի բանակին ու նվազեցնել պատերազմի վերսկսման վտանգը։ Այդ քայլին հետեւեցին այլ քայլեր, նույնպես մեր կողմից, որոնց հետեւանքով կարողացանք 1994թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի հետ ստորագրել մշտական հրադադարը հաստատող համաձայնություն»:

Ժիրայր Լիպարիտյան